Հայաստանի գյուղնախարարությունն այսօր՝ ապրիլի 13-ին SMS-ներ է ուղարկել հայ գյուղացիներին, որտեղ «ցրտահարության հետեւանքները մեղմելու համար» խորհուրդ է տալիս հետեւել ռադիոհեռուստատեսային տեղեկատվությանը։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ SMS-ներ ստանում են բազմաթիվ քաղաքաբնակներ, ու հավանաբար չեն ստանում բազմաթիվ գյուղացիներ։
Առավել արտառոց է SMS-ի բովանդակությունը. «Այս գիշեր ՀՀ տարածքում սպասվող ցրտահարության հետեւանքները մեղմելու համար հետեվեք ռադիոհեռուստատեսային տեղեկատվությանը։ ՀՀ գյուղնախարարություն»։
Ավելի անորոշ ձեւակերպում հազիվ թե հնարավոր լիներ գտնել։ Դժվար է ասել, թե ինչքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից նման անբովանդակ նամակ ուղարկելու համար։ Եթե ուզում էին իսկապես օգնել, կարող էին SMS-ով ուղղակի մի 2 խորհուրդ տալ։
Եթե գյուղնախարարության SMS-ին հետեւեն՝ գյուղացիները պետք է բանուգործ թողած՝ միայն հեռուստացույց ու ռադիո լսեն, մինչեւ իրենց անհրաժեշտ հաղորդումը հայտնվի։ Բայց լավ չէ՞ր լինի՝ այդ ընթացքում ծխակույտեր պատրաստեին։
Կամ ինչո՞ւ գյուղնախարարությունում որոշել են, թե գյուղացիներն ինտերնետ չունեն, ու բացի հեռուստացույցից ու ռադիոյից ուրիշ տեղեկատվության աղբյուր չկա։ Շատ ավելի օպերատիվ կլիներ, եթե գյուղացին ինտերնետային կայքերից քաշեր իրեն անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվությունն ու խորհուրդը։
Սակայն նշենք, որ միշտ էլ նույն խորհուրդներն են տալիս, որ գյուղացին արդեն անգիր է արել, ու այս տարի ոչ մի նոր բան չեն առաջարկում։
Ծխահարումն էլ պապենական մեթոդ է, որին գյուղացին տեղյակ է առանց գյուղնախարարության SMS-ի։