Apr 18, 2011

Փնտրվում են ֆերմերներ, որոնք կաշխատեն Սամվել Ալեքսանյանի հետ

Մի քանի օր շարունակ Հայաստանի գյուղնախարարության Շիրակի մարզային աջակցության կենտրոնը մարզային հեռուստաընկերություններով հրավիրում էր այն ֆերմերներ, ովքեր կցանկանան պայմանագրեր կնքել գործարար- պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանի հետ` ճակընդեղ ցանելու հարցում, այնինչ գյուղացիներից շատերը դա չեն ցանկանում:

«Այդ հայտարարության տեքստերն անգամ տպել-բազմացրել ենք ու Շիրակի մարզի տարբեր գյուղերում, հասարակական վայրերում ու գյուղապետարաններում փակցրել ենք, որպեսզի ֆերմերները տեսնեն ու պայմանագիր կապեն գործարանի հետ»,- ասել է Գյուղատնտեսության նախարարության Շիրակի մարզային աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ջիվան Ասլանյանը:

Այդուհանդերձ, Ախուրյանում առայժմ ճակնդեղի ցանք չի իրականացվել, թեպետ գյուղատնտեսների համոզմամբ` ճակնդեղ ցանելու ամենահարմար ժամանակը ապրիլի 2-րդ, 3-րդ շաբաթն է: «Դրանից հետո արդեն ուշ է, ինչն էլ կազդի հետագա բերքատվության վրա»,-ասել են Ախուրյանի գյուղատնտեսները` հավելելով, որ հետաքրքիր է իրենց հատկապես այն, թե ինչո՞ւ է գործարանի տնօրինությունը կամ գյուղնախարարությունը շահագրգռված, որ իրենք գումար աշխատեն:

«Մեզ ասում են`երբ ու ինչքան հումք կամենանք կներկրենք, միայն թե գյուղացուն խղճում ենք, ուզում ենք, որ փող դուք աշխատեք: Մի հարցնող չկա, թե մինչեւ հիմա ինչու չէիք խղճում, որ գյուղացուն խաբում, գցում ու թալանում էիք: Ես չեմ հավատում, ուղղակի շահագրգռված են, ու ուզում են անպայման իրանց ուզածին հասած լինեն ու մեզ ճակնդեղ ցանել տան: Այ մարդ հո զոռով չի՞, չենք ուզում էլի, չենք ուզում»,-ասել է ախուրյանցի գյուղատնտես Հակոբ Վարդանյանը:

Ատոմ Մաթեւոսյանն էլ է հրաժարվում ճակնդեղ մշակել, գերադասում է իր հողակտորներում հացահատիկ ցանել: «Մեկ հեկտարի մեջ, որ հաշվարկես 150 հազար դրամ եկամուտ էլ չի մնում, չեմ ուզում ռիսկի գնալ ու իրանց ասածի պես մեծ-մեծ գումարների տակ մտնեմ»:
Իսկ Ֆերդինանտ Պողոսյանը հրաժարվում է ճակնդեղ մշակել, «քանի որ դա իրենց է պետք»: «Գիտե՞ք, որն է «աբիդնին», որ երբ գյուղացին իրենց պետք է լինում հետեւներից ընկած համոզում են, աղաչում, թե մտածում ենք ձեր մասին, արի ճակնդեղ մշակի, իսկ մնացած ժամանակ լրիվ անտեսված ենք»,-ասել է գյուղատնտեսը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites