Apr 20, 2011

Մեկ տարի անց հայտնաբերվել է երեխայի մայրը և կանխվել որդեգրումը

Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող «Զատիկ» մանկատան դարպասների մոտ հայտնաբերված անչափահաս երեխայի հետ կապված  հաջողվել է ուշագրավ մանրամասներ պարզել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան, որը Կարինե Յուրայի Կարապետյանն է, մանկատան տարածքում հայտնաբերվել էր 2010 թ. մայիսի 29-ին` մանկատան աշխատակիցների կողմից: Երեխայի ձեռքում եղել է գրություն այն մասին, որ երեխան 2006 թ. հունիսի 1-ին ծնված Կարինե Յուրայի Կարապետյանն է: Նրա ափի մեջ հայտնաբերվել էր երկտող, որի համաձայն երեխան ծնվել է 2006 թվականի օգոստոսի 8-ին: Նույն երկտողում նշվել էր նաեւ, որ երեխան որեւէ փաստաթուղթ չունի, մայրը գիշերում է պատահական վայրերում, չունի հիմնական բնակության վայր եւ աշխատանք, որի կապակցությամբ էլ` ըստ երկտողի, մայրը խնդրել էր երեխային պահել մանկատանը մինչեւ որ ինքը փաստաթղթեր ձեռք բերելուց հետո կներկայանա մանկատուն: Շուրջ մեկ տարի անց, նկատի ունենալով, որ երեխայի ճակատագրով հետաքրքրվողներ չկան` գործող կարգի համաձայն, երեխան ներկայացվել է որդեգրության:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Քանաքեռ-Զեյթունի բաժնում միայն մոտ մեկ տարի անց` ապրիլի 18-ի երեկոյան է գրություն ստացվել այն մասին, որ «Զատիկ» մանկատան մոտ երեխա է հայտնաբերվել: Ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության 2-րդ` անչափահասների գործերով բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի մայրը Հրազդան քաղաքի բնակչուհի 28-ամյա Վարդուհի Կարապետյանն է, ով 2011 թվականի ապրիլի 18-ին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՔՀԳ վարչություն, որտեղ բացատրություն է տվել այն մասին, որ ինքը 2010 թվականի մայիսին իր 4-ամյա դստերը` Կարինեին եւ 2-ամյա որդուն` Ալեքսին վարձավճարով խնամելու համար թողել է իր ծանոթ Հարզդան քաղաքի բնակչուհի Ռայա Առաքելյանցի մոտ:

Մի քանի օր երեխաներին պահելուց հետո Ռայա Առաքելյանցը պատճառաբանելով, որ ինքը ի վիճակի չէ խնամել Կարինեին, ուզում է հանձնել ինչ-որ մանկատուն, որի համար ստիպել է իրեն գրել անանուն երկտող մանկատան տնօրենի անվամբ եւ խնդրել, որ երեխան ժամանակավորապես ապաստանի տվյալ հաստատությունում: Այնուհետեւ, մի քանի օր անց երեխայի մայրը Ռ. Առաքելյանից տեղեկացել է, որ Կարինեն այլեւս նրա մոտ չէ, գտնվում է ինչ որ մանկատանը եւ երեխայի կոնկրետ գտնվելու վայրի մասին կոնկրետ տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել: Չունենալով Ռ. Առաքելյանից պահանջված գումարը Վ. Կարապետյանը փորձել է ինքնուրույն գտնել երեխային, սակայն ապարդյուն: Վերջինս չի կարողացել գտնել Կարինեին: Դրանից հետո մայրը մի քանի անգամ հանդիպել է Ռ. Առաքելյանցին, ցանկանալով, պարզել, թե որ մանկատանն է գտնվում երեխան, սակայն վերջինս երեխայի տեղն ասելու համար նորից գումար է պահանջել:

Ապրիլի 18-ին ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցռումների արդյունքում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 70 շենքի 19 բնակարանից 56-ամյա Ռայա Առաքելյանցը բերման է ենթարկվել ՔՀԳ վարչություն: Պարզվել է, որ Կարինեին ցանկացել են որդեգրել եւ տանել արտերկիր, սակայն ոստիկանության ՔՀԳ վարչության աշխատակցիների օպերատիվ աշխատանքի արդյունքում որդեգրումը կանխվել է:

Նշենք, որ Վարդուհի Կարապետյանը եւ Ռայա Առաքելյանցը ստորագրությամբ բաց են թողնվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Փորձելով «Զատիկ» մանկատնից լրացուցիչ տեղեկություններ ստանալ դեպքի առնչությամբ խոսեցինք մանկատան փոխտնօրեն Անահիտ Ամիրյանի հետ: Նա ասաց, որ երեխային հայտաբերելու նույն օրն իսկ տեղյակ են պահել ոստիկանությանը: Այնինչ ոստիկանությունը նշում է, որ միայն ապրիլի 18-ին (շուրջ մեկ տարի անց) է գրություն ստացվել այն մասին, որ «Զատիկ» մանկատան մոտ երեխա է հայտնաբերվել:

«Զատիկի» փոխտնօրենը նշեց, որ Կարինեն իրեն լավ է զգում, ակտիվ երեխա է, առողջական ոչ մի խնդիր չունի: «Նա իր ծնողների եւ իր հետ տեղի ունեցածի մասին ոչ մի բան չի պատմել: Միայն պատմել է, որ Ալեքս անունով ապերիկ ունի»,-նշեց Ամիրյանը: Նա նաեւ հավելեց, որ մեկ տարվա ընթացքում երեխայի ծնողները ոչ մի անգամ չեն հետաքրքրվել երեխայով: Ամիրյանը նշեց նաեւ, որ երեխային պատշաճ կարգով ներկայացրել են Երեւանի քաղաքապետարան`որդեգրման: Սակայն, ըստ իր տեղեկությունների, Կարինեին առայժմ ոչ ոք չի ցանկացել որդեգրել:

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites