Apr 19, 2011

Հանդիպեցին մեկմեկու …

Օրերս Կոմիտասի պանթեոնում, Կարեն Դեմիրճյանին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ, իրար հետ հանդիպել և մոտ 15 րոպե զրուցել են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսիյանը:

Այս հանդիպումը բնականաբար, գրավել է մամուլի ուշադրությունը, քանի որ վերջին առնվազն 2 ամսվա ընթացքում, այս երկու ուժերի ներկայացուցիչները զբաղված էին բացառապես միմյանց քարկոծելով, մեկը մյուսի հասցեին տարբեր մեղադրանքներ ուղղելով և այլն: Եվ հիմա այս հանդիպումը կարծես նպատակ ունի ցույց տալու, որ նման գործելաոճը, ոչ միայն որևէ օգուտ չի բերում, այլև լրջորեն վնասում է երկու կողմերին էլ:

Ավելին, ֆոտոնկարը, որը զետեղված է հրապարակման մեջ, անմիջապես հուշում է, որ այս հանդիպման մասին նախապես ծրագրված արտահոսք է եղել: Բանը նրանում է, որ ֆոտոնկարի վրա որևէ հղում այս կամ այն լրատվական կայքին չկա (իսկ նկարի ցածր որակը ուղղակիորեն փաստում է, որ այն արված է սիրողական լուսանկարչական ապարատից), ինչը վկայում է, որ այն նկարահանել են ոչ թե լրատվական կազմակերպությունները, այլ պարզապես նրանց տվել են սույն ֆոտոնկարը` քաղաքական գործիչների հանդիպման մասին ինֆորմացիան տարածելու համար:

Իսկ հիմա հարց է ծագում. ով է նկարահանել այդ հանդիպումը, և ում էր այն ձեռնտու: Բանը նրանում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հետ լուսանկարիչներ, մանավանդ նման ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբեք չի վերցնում: Դա է փաստում թեկուզ նկարի մեջ նրա հագուկապը: Այնինչ, մյուս կողմից, բոլորին հայտնի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, անկախ միջոցառման վայրից և բնույթից, միշտ առկա են երկու-որևէ լուսանկարիչ, որոնք անմիջապես ֆիքսում են նրան վերաբերող ցանկացած հետաքրքիր միջադեպ կամ գործողություն: Ուստի, որևէ կասկած չի հարուցում այն, որ այս արտահոսքը, ֆոտոնկարի տեսքով, կազմակերպված է հենց ՀԱԿ-ի կողմից:

Սա թերևս նպատակ ունի ցույց տալու, որ երկու գործիչների միջև հարաբերությունները իրականում այնքան էլ լարված չեն (նույնիսկ եթե իրականում ճիշտ հակառակը լինի), քանի որ վերջին շրջանում նկատված համատեղ քարկոծությունները արդեն հասցրեցին բավականին թուլացնել ՀԱԿ-ին, նրա շարքերից նաև որոշակի կադրային արտահոսք ստեղծելով: Այս հանդիպումը կազմակերպելով (այստեղ նույնիսկ էական էլ չի այն ավանդական հարցը, թե ով է ում մոտեցել), և անմիջապես այն տարածելով, ՀԱԿ առաջնորդը թերևս փորձում է ցուցադրել, որ բոլոր այդ գործընթացները անհիմն են եղել, քանի որ ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանը իրականում հիանալի հարաբերությունների մեջ են, ինչը երևում է ֆոտոնկարի հատկապես մտերմական զրույցի ֆոնին:

Թե այս հնարքը որքանով արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ արձանագրենք իրադարձությունը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites