Apr 21, 2011

Իշխանական պատգամավոր. Ես շատ փող ունեմ, կարամ գնեմ, դու էլ մի գնվի, աղջիկ ջան

Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանվել Բադեյանը ուշագրավ խորհուրդներ տվեց այն մարդկաց, ովքեր բողոքում են ընտրությունների կեղծված արդյունքներից: Նա նշեց, որ ընտրությունները մեր երկրում կեղծվում են մեր իսկ`հայերիս կողմից, այլ ոչ թե թուրքերի: «Կեղծել ենք մենք, հայերով, եւ պետք չի ասել, որ, այ, իշխանություններն են, որ ընտրությունները կեղծեցին»,- նկատեց Բադեյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կեղծելու լծակները իշխանությունների ձեռքում են, Բադեյանն արջագանքեց, թե լծակը մարդն է: «Մի կեղծվի, աղջիկ ջան»,- դիմելով լրագրողին` ասաց պատգամավորը:

«Կան աղջիկներ, որոնք ուրիշ բանով են կեղծվում, հիմա ի՞նչ անենք, իրենց արդարացնե՞նք, ասենք` կյանքը դժվար ա, դրա համար էլ կեղծվո՞ւմ են: Կյանքը ստիպում է շատ բաներ անել, բայց մարդը հենց նրանով է մարդ մնում, որ չի գնվում: Մի կեղծվեք, մի գնվեք, մի ծախվեք»,-խորհուրդ տվեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, թե «ես փող ունեմ, կարամ գնեմ, դուք մի գնվեք»: Նրա խոսքով` մարդիկ մի կողմից գնվում են, մյուս կողմից էլ բողոքում են, որ իրենց գնել են: Ուստի` բողոքել կարող են միայն այն մարդիկ, ովքեր չեն տրվել գայթակղությանն ու չեն գնվել: Նրանք կարող են մթնոլորտ ստեղծել, որպեսզի ընտրությունների ժամանակ ու ընդհանրապես ամենուր` կեղծիքներ չլինեն: «Ի՞նչ է, գերմանացի երեխան որ ծնվում է, ավելի խելացի՞ է լինում: Չէ: Բայց նրան ծնված ժամանակից սովորեցնում են, որ գնվելը սխալ է, գողությունը սխալ է եւ պատժում են դրա համար»,- հայտարարեց իշխանական պատգամավորը:

Նա նաեւ նշեց, որ արատավոր բարքերի դեմ պետք է պայքարեն բոլորը, եւ դա միայն իշխանության անելիքը չէ: «Ես շատ եմ սիրում այս համեմատությունը: Եթե մարդը չի լողանում, ի՞նչ անի իշխանությունը»,- ամփոփեց Բադեյանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites