Apr 30, 2011

Հայ լինելը ամոթ չէ, սակայն ես հայ չեմ. Թուրք կուսակցապետ

Թուրքիայի մայր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» CHP կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից կրկին հետաքրքրվել են նրա հայկական արմատներով։

Թուրքական CNNturk-ի եթերում թուրք կուսակցապետը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերվել է նրա մոր հայ լինելու մասին լուրերին։ Նա շեշտել է, որ Թուրքիայում կա հայկական հարց, որի համար փորձում են իրեն հայ ներկայացնել։

«Հայ լինելը ամոթ չէ, սակայն հայ չեմ»,- նշել է Քըլըչդարօղլուն՝ շեշտելով, որ այսուհետ իր հայկական արմատների մասին գրող լրատվամիջոցների դեմ լուրջ պայքար է մղելու։

Նշենք, որ 2 ամիս առաջ Թուրքիայի խորհրդարանում բոլոր պատգամավորներին բաժանվել է «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գրքի օրինակները, որի մեջ վիրավորական շեշտադրումներով գրված էր, թե թուրք կուսակցապետի մայրը հայ է:

Հիշյալ գրքի վերաբերյալ իրենց քննադատական հայտարարություններ են արել նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանն ու Շերաֆեթթին Հալիսը։

Շերաֆեթթին Հալիսը նշել էր, թե այդ գիրքը պատվիրված է, որն իր էությամբ ստորացուցիչ եւ անբարոյական մոտեցում է։ «Ես պարոն Քըլըչդարօղլուի փաստաբանը չեմ, սակայն այդ գիրքը վիրավորանքներով լեցուն է թե Քըլչդարօղլուի, թե հայերի հանդեպ»։

Հատկանշական է, որ գրքի տպագրման ամսաթիվը փետրվարի 20-ն է, սակայն այն աննկարագրելի արագությամբ հաջորդ օրը հայտնվեց Թուրքիայի խորհրդարանում։ Մեկ փաստ եւս՝ գիրքը տպագրվել է Անկարայի համար ռեկորդային համարվող 100 հազար տպաքանակով։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites