Apr 27, 2011

Կոնգրեսի քաղաքական կամքը չբավարարեց Ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդներ Նենսի Փելոսին և Սթենի Հոյերը հանդես են եկել հայտարարությամբ, որում բացատրել են, թե ինչու քվեարկության չեն առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը 111 Կոնգրեսի աշխատանքի ժամանակ: Կոնգրեսականները, մասնավորապես, հայտարարել են, որ բանաձևի ընդունման համար պակասում էր ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների մեծամասնությունը:
«Մենք գնահատում ենք Նենսի Փելոսիի և Սթենի Հոյերի վաղեմի բարեկամությունը հայ համայնքի հետ և մեր երախտագիտությունը հայտնում անցյալում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը նրանց աջակցության համար: Սակայն մենք չենք կիսում Փելոսիի և Հոյերի տեսակետն այն մասին, որ բանաձևի վերաբերյալ քվեարկության համար անցյալ տարի պակասում էր ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների մեծամասնությունը»,- հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքով, Պալատի ղեկավարությունը հնարավորություն ուներ քվեարկության դնել բանաձևը, և փաստաթուղթը կընդունվեր: «Այնուամենայնիվ, նրանք որոշեցին այդ կարևոր հարցի շուրջ քվեարկություն չանցկացնել: Եթե նրանք քաղաքական կամք դրսևորեին, ապա մեծամասնությունն ապահովված կլիներ, և Ամերիկան իսկապես ճշմարտության կողմը կդառնար»,- ընդգծել է Համբարյանը:
Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին ներկայացվեց 2010 թվականի հունվարի 31-ին:: Մարտի 4-ին այն հավանության արժանացավ արտաքին գործերի պրոֆիլային կոմիտեում: Սակայն Նենսի Փելոսին բանաձևը քվեարկության չդրեց 111 Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites