Apr 19, 2011

ՀՀԿ. Արցախի ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ճակատագիրը

«Լևոն Տեր-Պետրոսյանի այս հարցազրույցը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իր հրաժարականը ճիշտ էր, քանզի անհնար է գնալ ԼՂ հիմնախնդրի լուծմանը՝ հաշվի չառնելով Ղարաբաղի ժողովրդի և այնտեղի իշխանությունների շահերը»,- պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք վկայում է սա այն մասին, որ անկախ բանակցային գործընթացի արդյունքներից, բանակցությունների ձևաչափից, անհնար է հասնել լուծման, եթե այն հաշվի չի նստում ԼՂՀ բնակչության կամքի հետ՝  նշում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ BBC-ին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը պնդել է, որ 1997-ին առավել քան երբևէ կողմերը մոտ են եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ իր ձևակերպմամբ` «ղարաբաղցիները համարում էին, որ դա քիչ է»:

Պատգամավորի խոսքերով, այս իմաստով, նշյալ հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բանակցային պրոցեսում Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ԼՂ հարցում էականորեն տարբերվել են Արցախի ժողովրդի կարծիքից, որը բնականաբար չի բխում ո՛չ կոնֆլիկտի լուծման, և ո՛չ էլ հայության շահերից:

«Երկրորդ, ի տարբերություն առաջին նախագահի, այսօր մենք ունենք լրիվ այլ մոտեցում. նախագահ Սարգսյանը բազմիցս, ամենաբարձր ամբիոններից հայտարարել է, որ խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն Ղարաբաղի ժողովրդի կողմից, քանի որ լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում և Արցախի ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ճակատագիրը»,- ասաց Է. Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ այսօր ժողովուրդն ինքը պետք է որոշի այն ժամանակվա և այսօրվա քաղաքական կուրսերի տարբերությունը:

«Մենք արդեն նշել ենք, որ մեզ համար ընդունելի է այն կարգավիճակը, որը կընդունի Ղարաբաղի ժողովուրդը, իսկ նրանք իրենց կարծիքն այս հարցում արդեն արտահայտել են հանրաքվեի ճանապարհով: Առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու որևէ մեկը չի կարող գնալ այլ ճանապարհով, ինչի վառ ապացույցը նաև 97-ի իրադարձություններն էին»,- շեշտեց խորհրդարանականը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites