Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Լուր-մեկնաբանություն. Show all posts
Showing posts with label Լուր-մեկնաբանություն. Show all posts

May 11, 2011

ՏՄՊՊՀ-ն նորովի է անցնում գործի...

Ըստ մամուլի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կսկսի վերահսկել նաև հարկային արտոնությունները: Խոսքը նրա մասին է, երբ պետության կողմից տրամադրվում են օժանդակություններ այս կամ այն տնտեսվարող սուբյեկտին, որոնք լինում են հարկային արտոնությունների կամ ֆինանսական օժանդակության միջոցով:
Հայաստանում ևս պետությունը պարբերաբար պետբյուջեից գումարներ է հատկացնում բիզնես ծրագրերի աջակցման կամ բիզնեսի խթանման նպատակով, սակայն ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս դաշտում երբեեւէ ուսումնասիրություններ չի կատարել, թեեւ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություններ վերապահված են: Այս գործառույթի իրականացման համար ՏՄՊՊՀ-ն հրավիրել է փորձագետներ Գերմանիայից եւ Լիտվայից՝ միջազգային փորձը ՏՄՊՊՀ մասնագետներին փոխանցելու եւ Հայաստանում առկա վիճակը քննարկելու նպատակով:
Ինչո՞ւ պետք է ՏՄՊՊՀ-ն վերահսկի այս ոլորտը: Քանի որ պետական աջակցության արդյուքում արտոնյալ պայմաններ ստեղծելով մի տնտեսվարողի համար, հնարավոր է որ անհավասար պայմաններ ստեղծվեն մեկ այլ տնտեսվարողի նկատմամբ և այլն:
Փաստորեն, ՏՄՊՊՀ-ն ակտիվացել է, օժտվել նոր գործառությներով, զինվել նոր օրենքով իրեն հատկացված իրավունքներով և պատրաստվում է անցնել գործի:
Միանգամայան ողջունելով այս պետական պատրաստակամությունը՝ վերահսկել տնտեսական մրցակցության դաշտը, միևնույն ժամանակ մնում է հուսալ, որ այս ամենը նպատակ ունի իրական բարեփոխումներ իրականացնել տնտեսական ոլորտում, նպաստելով բիզնեսի զարգացմանը, այլ ամենևին ոչ հստակ քաղաքական ենթատեքստ:
Չէ որ նույն այդ ՏՄՊՊՀ-ն կարող դառնալ այս կամ այն գործարարի վրա կոմպրոմատ հավաքելու հիանալի գործիք, ինչը հնարավորություն է ընձեռում մոտեցող ընտրություններին զուգահեռ ավելի խստացնել գործարարների նկատմամբ վերահսկողությունը՝ նրանց պահելով ցանկալի դաշտում: Փոքր-ինչ կասկածելի է ՏՄՊՊՀ-ին նոր լիազորություններով օժտելը հենց մոտեցող ընտրությունների ֆոնին:
Ինչևէ, ինչպիսի նպատակներ և ենթանպատակներ էլ ունենա ՏՄՊՊՀ-ի ֆունկցիոնալ զարգացումը, այն գոնե իր որոշակի դրական ազդեցությունը կունենա թե’ բիզնեսի ոլորտում, թե’ անբարեխիղճ մրցակցության արդյունքում գնագոյացման մեխանիզմների վրա:

May 10, 2011

ՀԱԿ-ը կանխամտածված ինֆորմացիոն արտահոսքեր է կատարում...

Ըստ մամուլի, Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնարարել է ստեղծել վստահված անձանց ցուցակ, որը, իբր, պետք է պատրաստվի արտահերթ նախագահական ընտրություններին: Այս վստահված անձանց ցուցակը, եթե այն իրոք պետք է ծառայի այն նպատակին, ինչի վերաբերյալ խոսվում է, փաստորեն հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի “թիմը”, նրա նախընտրական շտաբը:
Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, ավելի շուտ, որքանով այս լուրը կարելի է համարել արտահերթ նախագահական ընտրությունների նախերգանք, մնում է միայն ենթադրել:
Չի բացառվում, որ այս ամենը արվում է մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքի համար, այսինքն օրեցօր նվազող ժողովրդի զանգվածին հրամցնելու հետաքրքիր նյութ և խոստումներ ունենալու համար:
Գուցե հենց այս նպատակով էլ կատարվել է այս կանխատմատծված արտահոսքը՝ վստահված մարդկանց ցուցակ կազմելու վերաբերյալ:
Ի վերջո միանգամայն պարզ է, որ որքան ՀԱԿ-ը համոզիչ լինի իր արտահերթ ընտրությունների վերաբերյալ պահանջներում և նախապատրաստական աշխատանքներում, այդքան բարձր կպահի իր վարկանիշը: Իսկ նման արտահոսքերը հենց դրա նպատակը ունեն:
Հասկանալի է, որ բավական է միայն հայտարարել մի կողմից սպասվող արտահերթ նախագահական ընտրությունների մասին, մյուս կողմից արտահոսք տալ իբր այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, որպեսզի հեղափոխական պաթոսից ոգևորված զանգվածը նորից հավաքվի ՀԱԿ-ուրջ:

May 6, 2011

Նոր մենաշնորհ թռչնամսի շուկայում

Ըստ մամուլի, վաճառվել է Լուսակերտի թռչնաֆաբրիկան, որի համասեփականատերերից է ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:
Չնայած, նա հերքել է այս մասին լուրերը, նշելով, որ առայժմ դեռ բանակցություններ են ընթանում, բայց միանգամայն հասկանալի է, որ եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում այն վաճառվելու է, ըստ նույն լուրերի, «Դվին» կոնցեռնի ղեկավար Ռաֆիկ Սարգսյանին: Վերջինս հանդիսանում է Գետամեջի թռչնաֆաբրիկայի սեփականատերը: Ըստ Խաչիկ Մանուկյանի, վաճառվում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի հենց թռչնամսի արտադրությամբ զբաղվող հատվածը (Լուսակերտը առավել հայտնի է ձվի արտադրությամբ):
Ստացվում է այնպես, որ թռչնամսի շուկայում առաջանում է նոր մենաշնորհային գործող: Հիշեցնենք, որ այժմ էլ Ռաֆիկ Սարգսյանը հանդիսանում է թռչնամսի շուկայի խոշոր գործիչներից մեկը, որը, գնելով Լուսակերտի թռչնաֆաբրիկայի թռչնամսի արտադրություն իրականացնող հատվածը, փաստորեն դառնում է շուկայի խոշորագույն թռչնամիս արտադրողը:
Թե սա ինչպիսի ազեդցություն է ունենալու թռչնամսի շուկայում գնագոյացման վրա, կարելի հեշտությամբ կռահել, քանի որ փորձը մեզ ցույց է տալիս, որ սննդամթերքի բոլոր այն շուկաներում, որտեղ առկա են մենաշնորհներ, միշտ էլ լինում են գնային զգալի տատանումներ, ընդ որում, ոչ ի օգուտ սպառողի: Փաստորեն, գուցե մոտ ապագայում սպառողները իրենց գրպանի վրա անմիջականորեն զգան այս գործարքի հետևանքները:

May 5, 2011

Սև ամպեր Ներսես Նազարյանի գլխին

Ըստ տեղեկությունների, այժմ էլ Ներսես Նազարյանն է հայտնվել «սև ցուցակում»: Բանը նրանում է, որ, ինչպես նշվում է մամուլում, Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հանձնարարել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից Ալիկ Սարգսյանի դեմ նյութվող «դավերի» վերաբերյալ «իրեղեն» ապացույցներ ներկայացնել:

Հիշեցնենք, որ մամուլում վաղուց արդեն համառ լուրեր են շրջանառվում, ըստ որոնց Ներսես Նազարյանի և Ալիկ Սարգսյանի հարաբերությունները բավականին լարված են, ինչի պատճառը Ներսես Նազարյանի բացահայտ հավակնություններն էին ՀՀ ոստիկանապետի պաշտոնին: Սույն բարձրաստիճան պաշտոնյան ամեն առիթը օգտագործում էր նշելու համար, որ ինքը բացարձակապես կախում չունի ՀՀ ոստիականապետից և իր բոլոր գործողությունները իրականացնում է ինքնուրույն, առանց սպասելու վերջինիս կողմից համապատասխան կարգադրությունների: Իսկ բոլոր այս հայտարարությունների պատճառը նրա անթաքույց ցանկությունն է դառնալ ՀՀ ոստիկանապետ` Ալիկ Սարգսյանի փոխարեն:

Ալիկ Սարգսյանը բազմիցս փորձել է քողարկել այս լուրերն ու ասեկոսեները, պնդելով` որ իր և Ներսես Նազարյանի հարաբերությունները միանգամայն նորմալ են, բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում:

Եվ հիմա, ըստ մամուլի, բանը հասել է ՀՀ նախագահին, որը կարգադրել է Ալիկ Սարգսյանին զբաղվել այդ հարցով: Եթե նախագահը ապացույցներ է ուզում, ապա չի բացառվում, որ դրանց առկայության դեպքում դրվի Երևանի ոստիկանապետի պաշտոնանկության հարցը:
Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ մոտ ապագայում ականատեսը լինենք ևս մեկ աղմկոտ պաշտոնանկության ՀՀ ոստիկանության համակարգում:

May 4, 2011

«Երրորդ ուժի» որոնումներով

Ըստ մամուլի, տարբեր քաղաքական շրջանակներում քննրակվում են նոր քաղաքական ուժեր կամ միավորումներ ստեղծելու գաղափարներ: Մասնավորապես, տարբեր գործիչներ արդեն հասկացել են, որ ապագա խորհրդարանի պատկերը արդեն իսկ որոշված է, և մի շարք ուժեր պարզապես հնարավորություն չունեն հայտնվելու ապագա խորհրդարանում:

Դա է պատճառը, որ նրանք որոշել են նոր միավորումներ ստեղծել, որը իր մեջ կհամախմբի այս կամ այն դաշտում հայտնի գործիչների, որոնք այս պահին չեն զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, բայց որպես գործիչներ բավականին հայտնի են:

Ըստ լուրերի, այս ամենով հիմա զբաղվում է «Ժառանգություն» կուսկացության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, որը նպատակ ունի նոր ստեղծվելիք ուժում միավորել նաև ՀԱԿ-ը լքած մի շարք գործիչների, մասնավորապես` Ալեքսանդր Արզումանյանին, Խաչատուր Քոքոբելյանին, Կարապաետ Ռուբինյանին, Արարատ Զուրաբյանին, Մարինե Պետրոսյանին և այլոց:

Այն, որ նման գաղափարներ քաղաքական դաշտում վաղուց էին շրջում, ամենևին էլ նորություն չէ: Բայց որ բանը կարող է հասնել նրան, որ ՀՀՇ-ականների հետ հասկանալի տարաձայնություններ ունեցող Ռուբեն Հակոբյանը կարող է գնալ նրանց հետ միավորում ստեղծելու քայլին, իհարկե զարմանալի է:

Բայց, ինչպես ասում են, քաղաքականության մեջ անձնական հարաբերությունները տեղ չունեն, և սույն գործիչը որոշել է այնուամենայնիվ քայլ անել:

Հիշեցնենք, որ սա արդեն որերորդ փորձն է ստեղծելու այսպես կոչված «երրորդ ուժը», ինչի անհրաժեշտության մասին կոչեր և առաջարկներ են հնչում ամենատարբեր ճամբարներից, բայց «սայլը դեռ տեղից չի շարժվում»:

Թե Ռուբեն Հակոբյանի նախաձեռնությունը որքանով օգտավետ կլինի և կստեղծվի՞ արդյոք «երկար սպասված» երրորդ ուժը, ցույց կտա ժամանակը:

May 3, 2011

ՀԱԿ-ը շարունակում է «կազմաքանդվել»

Վերջերս ՀՀՇ կուսկացությունը կատարել է կուսակցության անդամների վերագրանցում, և պարզվել է, որ վերագրանցվածների ցուցակում չկա Արարատ Զուրաբյանը:

Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է ևս մեկ գործիչի` ՀԱԿ-ի շարքերը լքելու փաստը: Խնդիրը նրանում է, որ վաղուց լուրեր էին շրջանառվում Արարատ Զուրաբյանի կողմից ՀԱԿ-ը լքելու մասին, սակայն ՀԱԿ-ի գրասենյակը ոչ հաստատում, և ոչ էլ հերքում էր այս լուրերը:

Այժմ արդեն ամեն ինչ ավելի քան պարզ է: Հիշեցնենք, որ այս ընթացքում ՀԱԿ-ի շարքերը հասցրել են լքել բազմաթիվ գործիչներ, որոնք մեծ ներդրում էին ունեցել այս կառույցի թե' ստեղծման, թե' գործունեության մեջ: Մասնավորապես, ՀԱԿ-ը արդեն լքել են Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Սուրեն Սուրենյանցը և այլոք, բազմաթիվ մտավորականներ և հրապարակախոսներ, որոնք, մի ժամանակ ՀԱԿ-ի ջատագովները լինելով, այսօր բոլոր հնարավոր լրատվամիջոցներով և սոցցանցերում հանդես են գալիս ընդդեմ ՀԱԿ-ի:

Պատճառը թե ՀԱԿ-ի հեղափողական պաթոսի մարումն էր, որով սնվում էին այս գործիչները, թե այն շրջանառվող լուրեը, որ ՀԱԿ-ը բացահայտ գործարքի է գնացել իշխանությունների հետ:

Ոչ նվազ նշանակություն ունի նաև բուն ՀԱԿ-ի ներսում կլանային-խմբակային համակարգի ստեղծումը, որից դուրս են մնացել բազմաթիվ գործիչներ, և այսօր արհեստականորեն շարունակում են իրենց գործունեությունը այդ կառույցի շրջանակներում: Մասնավորապես, բազմիցս մամուլով խոսակցություններ են գնացել Լևոն ՏԵր-Պետրոսյանի և Ստեփան Դեմիրճյանի խզված հարաբերությունների մասին, ինյչը ցույց է տալիս, որ այս կառույցի ներսում վաղուց ամեն ինչ խաթարվել է:

May 2, 2011

Հրանուշը Թամարին մատ արեց, դեռ մի բան էլ ավել…

Ուրբաթ օրը տեղի է ունեցել “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այդ նիստում որոշվել է փոփոխություններ կատարել հիմնադրամի Կանոնադրության որոշ դրույթներում, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում կրկին վերընտրվել է Հրանուշ Հակոբյանը:

Սակայն հետաքրքիր է այդ օրվա նիստի մեկ այլ որոշումը: Ըստ այդ որոշման, նկատողություն է հայտարարվել հիմնադրամի այլևս նախկին գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանին: Ավելին, նույն նիստի ընթացքում որոշում է կայացվել դիմել Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատին` կազմակերպել հիմնադրամի գործունեության ֆինանսատնտեսական համալիր ստուգումներ:

Այսպիսով, այս հայտնի հակամարտության մեջ Հրանուշ Հակոբյանը տարավ բացարձակ հաղթանակ, վերջնականպես ազատվելով իր համար անցանկալի Թամարա Պողոսյանից: Բայց, նա որոշեց նույնիսկ չսահմանափակվել դրանով և ազատվելուց հետո էլ նկատողություն հայտարարել Թամարա Պողոսյանին` որպես վերջին ջախջախիչ հարված: Իսկ Վերահսկիչ Պալատին դիմելը ուներ արդեն այլ` լրացուցիչ նպատակ, ապացուցելու բոլորին, որ բոլոր նշված մեղադրանքներում ինքը` Հրանուշ Հակոբյանը չունի մեղքի որևէ բաժին և պատրաստ է ցանկացած ստուգումների իր ղեկավարած հիմնադրամում:

Միանգամայն հասկանալի է, որ Վերահսկիչ պալատը կգա ստուգումների և այդ ստուգումների արդյունքում միանշանակ կհայտնաբերի բազում խախտումներ, որոնք բոլորը կվերագրվեն նախկին գործադիր տնօրենին, իսկ Հրանուշ Հակոբյանը միանագամայն “մաքուր” դուրս կգա այս կոնֆլիտկի և փոխմեղադրանքների գործընթացից: Փաստորեն, այս ամենը նպատակ ուներ վերջնականապես ոչնչացնել Թամարա Պողոսյանին:

Մյուս կողմից էլ Հրանուշ Հակոբյանը այս քայլով այլ կարևոր հարց լուծեց. Նա կանխավ զգուշացրեց հիմնադրամի ապագա գործադիր տնօրենին, որ իր հետ “խաղեր խաղալը” վտանգավոր է և հաջորդ գործադիր տնօրենը կարժանանա նույն բախտին, եթե հանկարծ որոշի գնալ Թամարա Պողոսյանի ճանապահով:

Apr 29, 2011

Սերգո Կարապետյանը դեռ մնում է չգերազանցված

Այսօր մամուլով հրապարակվել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նոր հրահանգը, որը իրենից ներկայացնում է ներքին վարքաբանության, միջանձնային փոխհարաբերությունների, դիմելաձևերի վերաբերյալ հստակ կանոններ:

Եվ այսպես, համաձայն նախարարի հրահանգի.

1. “Հարգելի” դիմելաձևն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար

2. Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» արտահայտությամբ

3. Մնացածներին (մանր–մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)՝ պարզապես անուն ազգանունով։

Թե ինչու նախարարը որոշեց նման հրահանգ արձակել հասկանալի չէ: Թերևս, նրան չեն գոհացրել իր նախորդի օրոք նախարարությունում հաստատված հոռի բարքերը, և այժմ նախարարը որոշել է մեկ զարկով շտկել ամնե ինչ: Իսկ ընդհանրապես, Սերգո Կարապետյանը օժտված է մամուլի ուշադրությունը անընդհատ իր վրա պահելու բացառիկ տաղանդով, այն, ինչին անօգուտ ձգտում են շատերը:

Մե’կ շաբաթներով կորում է մարզերում և գյուղերում, մտնելով այս կամ այն գյուղացու այգին կամ ցանքատարածքները, մե’կ գիշերն անցկացնում է սառնամանիքային տեղերում, մե’կ էլ արձակում է նման բացառիկ հրահանգներ:

Թե որքանով կօգնի այս վերջին հրահանգը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը, մնում է միայն կռահել, բայց որ Սերգո Կարապետյանը կամաց-կամաց հավակնում է դառնալ Կառավարության ամենաէքսցենտրիկ նախարարը, վեր է որևէ կասկածից:

Apr 28, 2011

Հերթը հասավ Զախարյանին …

“Կապիտալ” թերթը իր հրապարակման մեջ գրում է, որ Հայաստանի կադաստրի բնագավառում ծաղկում է կոռուպցիան, և բացահայտում է նման` ամենից տարածված դեպքերը և օրինակները: Իսկ վերջում, ընդհանրացնելով բոլոր օրինակները, ներկայացնում է անցած տարվա կադաստրի կոռուպցիոն արդյուքների ամփոփումը, որը, ըստ թերթի, ամենահամեստ հաշվարկներով կազմում է 2,5 միլիարդ դրամ:

Կադաստրում կոռուպցիան միշտ եղել է: Սակայն, թե ինչու հենց հիմա որոշեցին նշել կադաստրում առկա կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորուները, միանագամայն հասկանալի է:
Բավական է միայն հիշել վերջերս Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հայտարարված նոր պայքարը մի շարք` լուրջ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներում, որոնց թվում անձամբ վարչապետը նշեց Կադաստրի պետական կոմիտեն:

Այնուհետև, մամուլով լուրեր շրջանառվեցին, ըստ որոնց նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով ստուգումներ են սկսելու Կադաստրի պետական կոմիտեում, ինչից անմիջապես ցայտնոտի մեջ էր ընկել կադաստրի պետ` Երվանդ Զախարյանը: Ըստ լուրերի, նա անմիջապես հավաքել էր բոլոր տարածքային կառույցների ղեկավարներին և հրահանգել որոշակի ժամանակահատվածում զերծ մնալ որևէ տեսակի ապօրինի ֆինանսական շրջանառություններից: Իսկ հիմա մամուլով սկսվում է կադաստրում նոր կոռուպցիոն դրսևորումների բացահայտումները:

Ինչևէ, նշված հրապարակումը, որը բացահայտում է շատ վաղեմի պատմություն ունեցող կոռուպցիոն դրսևորումներ, վկայում է, որ Երվանդ Զախարյանի դեմ արշավը արդեն սկսվել է, և հեռու չէ այն օրը, երբ սույն պաշտոնյան նույնպես հրաժարական կտա իր պաշտոնին:
Սա թերևս իշխանությունների կողմից սկիզբ դրված փոփոխությունների փուլերից կամ միջին օղակներից մեկն է, որը ենթադրում է նաև լուրջ կադրային փոփոխություններ, ինչի արդյուքում արդեն իրենց պաշտոններին հրաժարակն են տվել մի շարք նախարարներ, փոխնախարարներ, ծառայությունների պետեր և այլն:

Apr 27, 2011

ՀՀԿ-ն փակել է դռները Իջևանի քաղաքապետի առաջ

Երեկ, մամուլում տեղեկություն էր տարածվել այն մաին, որ Իջևանի քաղաքապետ Վարուժան Վարդանյանը ամեն ինչ անում է` մոտակա ժամանակում Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու համար:
Սակայն, որքան էլ զարմանալի լինի, կուսակցության տարածքային կառույցի ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել այդ քայլին: Իսկ պատճառը մեկնաբանվել է շատ հստակ. առջևում ընտրություններ են, և Իջևանի քաղաքապետը պարզապես ցանկանումէ վերընտրվել այդ պաշտոնում:
Ամեն ինչ պարզ դարձավ: Փաստորեն, կրկին անցնում ենք նույն ճանապարհով, երբ ընտրությունների ընթացքը և վերջնական արդյուքնները պետք է որոշեն ոչ թե թեկնածուի ծրագիրը, վարկանիշը կամ քաղաքապետ աշխատած տարիներին կատարած գործն ու փորձը, այլ կոնկրետ կուսակցությանը պատկանելիությունը:
Լավ է, որ գոնե այս անգամ որոշակի բացասական արձագանքներ են եղել հենց ՀՀԿ անդամների կողմից, ինչը գոնե որոշ չափով երաշխիք է, որ Իջևանի գործող քաղաքապետը չի հաջողի իր` կուսակցական դառնալու պլաններում:
Իսկ մյուսների համար սա կարող է նաև ազդանշան լինել, լավ առումով, որ ընտրություններում, այնուամենայնիվ, շեշտադրումը պետք է կատարվի միմյայն լավ ծրագրով հանդես գալու և ընտրազագնվածի համակրանքը շահելու վրա, այլ ոչ թե շուտափույթ կերպով կուսակցական տոմս ձեռք բերելու:
Կարծում ենք, Իջևանի քաղաքապետի ձախողումը լավ ազդակ կլինի այս առումով:
Ի վերջո, այս ամենը վատ է անդրադառնում նաև կուսակցության վարկանիշի վրա, քանի որ տվյալ կուսակցությունը դառնում է միմյայն իր անդամներին ընտրությունների ժամանակ հաղթանակ ապահովելու մեխանիզմ, ոչ ավել: Հանրապետականները երևի սկսել են արդեն սա գիտակցել և չեն ցանկանում 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից առաջ տարբեր մեկնաբանությունների և ասեկոսեների թեմա դառնալ:

Apr 26, 2011

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը սրճարանի տեր` Փարիզում

Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը սրճարան է ձեռք բերել Փարիզում, և այն էլ` Շանզելիզե փողոցի վրա:

Յուրաքանչյուր մարդ գիտի, որ Շանզելիզե փողոցը Փարիզի ամենից հայտնի փողոցներից մեկն է, և այնտեղ սրճարան ունենալը բավականին թանկ հաճույք պետք է լինի: Այնինչ, խոսքը գնում է ոչ թե ինչ-որ հայտնի գործարարի մասին, այլ բարձր պաշտոնյայի, որի գլխավոր խնդիրն է ապահովել հարկային մուտքերը ՀՀ պետբյուջե:

Ըստ թերթի հրապարակման, Գագիկ Խաչատրյանը զգում է, որ ՊԵԿ նախագահի պաշտոնին երկար չի դիմանա, և իրեն, ի վերջո, նույնպես պաշտոնանկ են անելու: Այդ իսկ պատճառով սույն պաշտոնյան արդեն իսկ փորձում է հնարավորինս շատ օգուտ ստանալ իր զբաղեցրած պաշտոնից, հետագայում իր անհոգ ծերությունը ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս մամուլով նման լուրեր էին տարածվել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի մասին, ըստ որի, վերջինս Իսպանիայի Վալենսիա քաղաքում մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել:

Այս առումով, որևէ պաշտոնյայի կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելը կամ որևէ բիզնես ձեռնարկելը դարձել է սովորական բան, ինչը որևէ մեկի մոտ արդեն զարմանք չի հարուցում, ուստի մամուլը արդեն սկսել է ուշադրություն դարձնել հատկապես արտասահմանում նման տիպի գործարքների վրա: Սա առայժմ դեռ արտառոց երևույթ է:

Իսկ դու' գրանցվե՞լ ես Ֆեյսբուքում…

Ֆեյսբուքը նաև Հայաստանում կամաց-կամաց սկսում է դառնալ որոշիչ գործոն քաղաքականաության մեջ: Բանը նրանում է, որ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ սկսում են իրենց անձնական հաշիվները բացել Ֆեյսբուքւոմ:
Թե ինչով է պայամանվորված նման «ֆեյսբուքացավը» հատկապես հայ քաղաքական գործիչների մոտ, դեռևս հայտնի չէ: Իհարկե, միշտ կա սեփական քաղաքական PR-ը անելու խնդիրը, և նրանցից շատերի կարծիքով, Ֆեյսբուքում ընդգրկվելը, ըստ էության, PR ակցիա է:
Սա է պատճառը, որ Ֆեյսբուքում են հայտնվել այնպիսի գործիչներ, որոնց դեպքում դա փոքր-ինչ տարօրինակ և անհավատալի քայլ է, մանավանդ, որ սույն անձինք առայսօր չեն էլ մտածել իրենց կերպարի բարելավման, ժողովրդի մոտ դրական իմիջ ստեղծելու ուղղությամբ, և հանկարծ այսօր որոշում են գրանցվել Ֆեյսբուքում և հայտարարել այդ մասին: Օրինակ, ավելի քան տարօրինակ է նման քայլի կատարումը Գյումրիի քաղաքապխետ Վարդան Ղուկասյանի կողմից: Բայց փաստը մնում է փաստ. Վարդան Ղուկասյանը գրանցված է Ֆեյսբուքւոմ:
Չենք կարծում, թե մեր քաղաքական գործիչները հստակ գիտակցում են Ֆեյսբուքի իմիջաստեղծ դերը, պարզապես, Ֆեյսբուքը քաղաքական գործըթնացներում հետզհետե ավելի որոշիչ դեր է ստանձնում , և Հայաստանի քաղաքական գործիչների համար այն պարզապես դառնում է մոդայիկ երևույթ, «ժամանակից հետ չմնալու» միջոց: Առայժմ միայն դա, ոչ ավել:
Այնինչ, արևմուտքում, Ֆեյսբուքը քաղաքական գործիչների համար վաղուց դարձել է հասարակության հետ շփվելու ռեալ և արդյունավետ միջոց, այլ ոչ թե գովազդվելու կամ «PR անելու» ձև: Օրինակ, բոլորովին վերջերս, Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆեյսբուքը օգտագործեց Կալիֆոռնիայի բնակչության հետ հարց ու պատասխանի համար:

Apr 22, 2011

Մի հեգնիր, որպեսզի չհեգնվես…

ՀՀԿ-ն արձագանքել է ՀՅԴ-ի այն հայտարարությանը, ըստ որի, նրանք, հնարավոր է, բարձրացնեն վարչապետի վստահության հարցը և պահանջեն Կառավարության հրաժարականը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ-ն այդ հայտարարությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանել է բառացիորեն հետևյալը. «ՀՀԿ-ն հեգնանքով է վերաբերվում տվյալ հայտարարությանը, քանի որ ՀՀԿ-ն նման խնդիր չունի»:

Սկզբունքորեն, այլ պատասխան սպասել ՀՀԿ-ից հնարավոր չէր: Ի վերջո, թե կառավարության կազմի գերակշիռ մասը, թե վարչապետը ՀՀԿ-ի անդամներ են, և ՀՅԴ-ի նման հայտարարությունը ՀՀԿ-ն մեկնաբանում է որպես մարտահրավեր, ուղղված առաջին հերթին հենց իրենց: Եվ այդ մարտահրավերին վերաբերվում է հեգնանքով:

Բայց, գուցե արժեր ավելի կոռեկտ ձևով պատասխանել, քանի որ ցանկացած, առավել ևս խորհրդարանական, ընդդիմադիր կուսակցության նման որոշումը` պահանջել Կառավարության հրաժարականը, ունի ոչ միայն քաղաքական, այլև լուրջ սոցիալ-տնտեսական հիմքեր: Թեկուզ միայն սրանից ելնելով, կարելի էր ավելի լուրջ վերաբերվել խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության հայտարարությանը:

Ի վերջո, ամեն մի որոշմանը կամ մարտահրավերին հեգնանքով վերաբերվելը կարող է ունենալ բումերանգի էֆֆեկտ: Որևէ մեկը այսօր չի ժխտի, որ հանրապետությունում առկա են լուրջ սոցիալական խնդիրներ, որոնց համար առաջին հերթին պատասխանատու է հենց Կառավարությունը, և ՀՅԴ-ի որոշումը իրականում շատ լուրջ քննրակումների կարիք ունի, և ոչ թե հեգնալից վերաբերմունքի:

Պարզպաես, ՀՀԿ-ն այնքան է ընդարմացել իր ամենազորության առասպելի մեջ, որ արդեն իրեն թույլ է տալիս հեգնանքով վերաբերվել այնպիսի կուսակցության հայտարարությանը, որի հետ մի ժամանակ հանդիսանում էր կոլաիցիոն գործընկեր:

Կարծում ենք, Գալուստ Սահակյանի այս մեկնաբանությունը պետք է համապատասխան վերաբերմունքի արժանա ՀՅԴ-ի կողմից, ինչը, գոնե որոշակի առումով, կսթափեցնի ՀՀկ-ին և կստիպի նրանց հետայսու ավելի լուրջ վերաբերվել մյուս կուսակցությունների հայտարարություններին:

Մերժել, մերժել մինչև վերջ

Երևանի քաղաքապետարանը կրկին մերժել է ՀԱԿ-ի իրազեկումները` մայիսի 6-ին, 7-ին, 8-ին և 9-ին հանրահավաքներ անցկացնելու համար տրամադրել Ազատության հրապարակի տարածքը, նշելով, որ նշված օրերին այնտեղ այլ միջոցառումներ են նախատեսված: Դրա փոխարեն, քաղաքապետարանը առաջարկել է օգտագործել Մատենադարանի տարածքը:
Թե ինչու է մերժել քաղաքապետարանը, անհասկանալի է: Սա արդեն նրանց մոտ սովորույթ է դարձել, որն իրականացվում է իներցիայի շնորհիվ: Ինչու իներցիայի, քանի որ նշվող պատճառաբանությունների մեջ որևէ խելացի փաստարկ վաղուց արդեն չկա:
Սկզբունքորեն որևէ տարբերություն չկա, հիշյալ հանրահավաքը կիրականացվի Մատենադարանին հարող տարածքում, թե «Ազատության» հրապարակում: Կարևորը այն է, որ իրականացվում է հանրահավաք: Եվ, երկրորդ, ինչ իմաստ ունի արգելել «Ազատության» հրարապարակում հանրահավաքի անցկացումը, եթե ի վերջո Մատենադարանից երթով իջնում են Օպերա և վերջում, միևնույն է, մտնում «Ազատության» հրապարակ:
Փաստորեն, «Ազատության» հարապարակը վաղուց արդեն դարձել է Հայաստանի քաղաքական դաշտի զավեշտներից մեկը, երբ մի կողմը գիտի, որ իրեն մերժելու են, բայց, միևնույն է, դիմում է, իսկ մյուս կողմը գիտի, որ մերժելու որևէ հիմք չկա, բայց միևնուն է մերժում է: Իսկ հետո մի կողմը կրկին դիմում է, մյուս կողմը կրկին մերժում և այսպես արդեն 3 տարի, և Աստված գիտի, թե որքան կշարունակվի:
Իսկ այդ ընթացքում, Ազատության հրապարակը իրեն համար հանգիստ վայելում է գարնանային օրերի թարմությունը և պատահական, ոչ քաղաքական, անցորդների ուրախ անցուդարձը: Այլ կերպ ասած, Ազատության հրապարակը հանգստանում է քաղաքականությունից:

Apr 19, 2011

Հանդիպեցին մեկմեկու …

Օրերս Կոմիտասի պանթեոնում, Կարեն Դեմիրճյանին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ, իրար հետ հանդիպել և մոտ 15 րոպե զրուցել են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսիյանը:

Այս հանդիպումը բնականաբար, գրավել է մամուլի ուշադրությունը, քանի որ վերջին առնվազն 2 ամսվա ընթացքում, այս երկու ուժերի ներկայացուցիչները զբաղված էին բացառապես միմյանց քարկոծելով, մեկը մյուսի հասցեին տարբեր մեղադրանքներ ուղղելով և այլն: Եվ հիմա այս հանդիպումը կարծես նպատակ ունի ցույց տալու, որ նման գործելաոճը, ոչ միայն որևէ օգուտ չի բերում, այլև լրջորեն վնասում է երկու կողմերին էլ:

Ավելին, ֆոտոնկարը, որը զետեղված է հրապարակման մեջ, անմիջապես հուշում է, որ այս հանդիպման մասին նախապես ծրագրված արտահոսք է եղել: Բանը նրանում է, որ ֆոտոնկարի վրա որևէ հղում այս կամ այն լրատվական կայքին չկա (իսկ նկարի ցածր որակը ուղղակիորեն փաստում է, որ այն արված է սիրողական լուսանկարչական ապարատից), ինչը վկայում է, որ այն նկարահանել են ոչ թե լրատվական կազմակերպությունները, այլ պարզապես նրանց տվել են սույն ֆոտոնկարը` քաղաքական գործիչների հանդիպման մասին ինֆորմացիան տարածելու համար:

Իսկ հիմա հարց է ծագում. ով է նկարահանել այդ հանդիպումը, և ում էր այն ձեռնտու: Բանը նրանում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հետ լուսանկարիչներ, մանավանդ նման ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբեք չի վերցնում: Դա է փաստում թեկուզ նկարի մեջ նրա հագուկապը: Այնինչ, մյուս կողմից, բոլորին հայտնի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, անկախ միջոցառման վայրից և բնույթից, միշտ առկա են երկու-որևէ լուսանկարիչ, որոնք անմիջապես ֆիքսում են նրան վերաբերող ցանկացած հետաքրքիր միջադեպ կամ գործողություն: Ուստի, որևէ կասկած չի հարուցում այն, որ այս արտահոսքը, ֆոտոնկարի տեսքով, կազմակերպված է հենց ՀԱԿ-ի կողմից:

Սա թերևս նպատակ ունի ցույց տալու, որ երկու գործիչների միջև հարաբերությունները իրականում այնքան էլ լարված չեն (նույնիսկ եթե իրականում ճիշտ հակառակը լինի), քանի որ վերջին շրջանում նկատված համատեղ քարկոծությունները արդեն հասցրեցին բավականին թուլացնել ՀԱԿ-ին, նրա շարքերից նաև որոշակի կադրային արտահոսք ստեղծելով: Այս հանդիպումը կազմակերպելով (այստեղ նույնիսկ էական էլ չի այն ավանդական հարցը, թե ով է ում մոտեցել), և անմիջապես այն տարածելով, ՀԱԿ առաջնորդը թերևս փորձում է ցուցադրել, որ բոլոր այդ գործընթացները անհիմն են եղել, քանի որ ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանը իրականում հիանալի հարաբերությունների մեջ են, ինչը երևում է ֆոտոնկարի հատկապես մտերմական զրույցի ֆոնին:

Թե այս հնարքը որքանով արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ արձանագրենք իրադարձությունը:

Apr 14, 2011

Ապագա խորհրդարանի կազմը արդեն ուրավգծվում է

Ըստ մամուլի, արդեն բանակցություններ են սկսվել իշխանության և ՀՅԴ կուսակցության միջև ապագա խորհրդարանում տեղեր ունենալու համար: Ըստ նույն հրապարակման, խնդիրը ամենևին ՀՅԴ-ի խորհրդարանում ներկայացված լինել-չլինելու հարցը չէ, քանի որ ավանդաբար Խորհրդարանում միշտ պետք է լինի Սփյուռքը ներկայացնող որևէ կուսակցություն: Այսպիսով բանակցությունները ընթանում եմ միայն տոկոսային հարցերի շուրջ, այսինքն, հատկապես քանի մանդատ պետք է հատկացվի ՀՅԴ-ին և այլն:

Անմիջապես հարց է ծագում. եթե ընթանում են բանակցություններ իշխանությունների հետ, ապա ինչ կարիք կա ներակայանլու որպես ընդդիմադիր կուսակցություն, մանավանդ, որ, ըստ նույն հրապարակման, արդեն որոշված է, որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Փաստորեն, հաջորդ ընտրությունները անցնելու են նույն տրամաբանությամբ, և որևէ փոփոխություն Հայաստանի քաղաքական մշակույթում չի նախատեսվում: Եթե որևէ կուսակցություն, մանավանդ ընդդիմադիր, իր` խորհրդարանում ներկայացված լինելը տեսնում է միայն իշխանությունների հետ անդրկուլիսյան բանակցությունների միջոցով, ուրեմն, արդեն իսկ, մեծ հաշվով խաչ է քաշվում ընտրությունների իմաստի ու նշանակության վրա:

Ստացվում է այնպես, որ, անկախ ընտրությունների ընթացքից, ապագա խորհրդարանում ներկայացված են լինելու այն ուժերը, որոնք նախօրոք արդեն կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել դրա վերաբերյալ:

Apr 13, 2011

Գեղամյանը կրկին հայտնվել է բեմում

Ըստ մամուլի, վերջերս կրկին ակտիվացել է Արտաշես Գեղամյանը: Մասնավորապես, նա հայտարարել է, որ կիսում է Լևոն Տեր-Պետրոսյանի` ապրիլի 8-ին հնչեցրած այն հայտարարությունը, որ վերջինս իր գործողություններում առաջնորդվում է բացառապես պետության շահերով, քանի որ Ադրբեջանը րոպե իսկ չի երկմտի և իրավիճակի ապակայունացման դեպքում անմիջապես կսկսի պատերազմել Հայաստանի դեմ:

Այս համատեքստում, «Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդը անմիջապես իրեն է հիշել, նշելով, որ ինքը նույնպես իր գործողություններում առաջնորդվում էր պետական շահով, և չնայած իր լարված հարաբերություններին այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, դրսի ամբիոնները ծառայեցնում էր բացառապես այդ նպատակին և այլն:

Թե ինչ է ասել Գեղամյանը, ամենևին կարևոր չէ: Կարևոր է մեկ այլ հանգամանք. Գեղամյանը կրկին ակտիվացել է: Այս դեպքում նույնիսկ այնքան էլ էական չէ, թե ինչ է ասում տվյալ գործիչը: Ինչպես ասում են, ակտիվանալու, իր մասին հիշեցնելու համար որպես թեմա կարող է հանդիսանալ ցանկացած իրադարձություն, տվյալ դեպքում Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Պարզ է մի բան, նախընտրական փուլը սկսվում է, և այն ուժերը, որոնք վաղուց մոռացության էին մատնված, սկսելու են ակտիվանալ և նորից մտնել քաղաքական դաշտ:

Եվ դեռ շատ վաղ է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի մասին արտահայտած կարծիքի հիման վրա արդեն իսկ փորձել դատողոություններ անել Գեղամյանի հետագա դերակատարության, այս կամ այն բևեռից հանդես գալու հնարավորության մասին: Այս ամենը կերևա հետագայում: Ի վերջո, նույն Գեղամյանն էլ ի սկզբանե չէր խոսալու իր հիմնական նպատակներից, անմիջապես իրեն չմատնելու համար: Այդ իսկ պատճառով սկզբի համար ընտրվել է դեռևս նեյտրալ թեմա: Իսկ որ ընթացքում թեմաները կփոխվեն և ավելի որոշակի կդառնան, կասկածից վեր է:

Լուր-Մեկնաբանություն. Հաջորդը Երվանդ Զախարյա՞նն է

Այժմ էլ մամուլում սկսել են շրջանառվել Երվանդ Զախարյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: Ընդ որում, պարբերաբար: Դեռ մի քանի օր առաջ այս մասին հրապարակում էր եղել, ըստ որի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել, էր, որ առաջիկայում զբաղվելու են կադաստրի ոլորտով, քանի որ այնտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր:
Այսօր մամուլում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, որ կադաստրի մասին հայտարարություններ է արել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: ԵՎ արդյուքում Երվանդ Զախարյանը հայտնվել է լուրջ ցայտնոտի մեջ: Ըստ լուրերի, նա շտապ խորհրդակցության է հրավիրել ապարատի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին և զգուշացրել, որ կտրականապես արգելում է առաջիկա շրջանում համակարգում գումարների ապօրինի շրջանառությունը։ Եվ նաև ավելացրել, որ այն տարածքային ծառայության պետերը, ում ենթակաները կհամարձակվեն ապօրինաբար գումար պահանջել ծառայությունների դիմաց, անհապաղ կհեռացվեն աշխատանքից։
Պարզապես զարմանալի է: Առաջին հայացքից Երվանդ Զախարյանի նման վճռական մոտեցումը կարող է ծիծաղ առաջացնել, քանի որ սա ընդամենը ցայտնոտի, մոտալուտ պաշտոնանկության զգացողության արդյունք է: Եվ դեռ նույնիսկ զարմանալի է, թե ինչպես Զախարյանի առողջությունը կտրուկ չի վատացել և նրան անմիջապես չեն տեղափոխել հիվանդանոց, ինչպես շատերի դեպքում էր լինում:
Իսկ ամենից ցավալին այն է, որ, փաստորեն, միայն սպասվող ստուգումների շեմին է նման հրահանգ տրվում կադաստրի պետի կողմից: Ստացվում է այսպես. «Գալու են ստուգումներ անցկացնեն, որևէ մեկը ապօրինի գումարային շրջանառություններ չանի»: Իսկ եթե չգային, ուրեմն կարելի էր: Ցավոք, այս մտածելակերպը շատ ոլորտներում է տիրում, և միայն առաջիկայում սպասվող ստուգումներն են մի պահ զգաստացնում ոլորտի ղեկավարին, իսկ դրանց բարեհաջող ավարտից հետո նորից սկսվում է ամենաթողությունը:

Apr 9, 2011

Ֆինանսների նախարարությունում դեռ շատ սովորելու բան կա

Ըստ մամուլի, վերջին շրջանում Ֆինանսների նախարարությունը գրեթե կաթվածահար վիճակում է. և պատճառը ամենևին ֆինանսական խնդիրները չեն, կամ ինչ-որ ներքին աշխատանքային մթնոլորտը, այլ այն նոր տեխնոլոգիաները, որ ներդրվել են Ֆիանանսների նախարարությունում:

Խնդիրը նրանում է, որ սույն նախարարությունում վերջերս ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր համակարգ, բայց Ֆիննախարարության աշխատակիցները այդպես էլ չեն կարողանում ամբողջությամբ տիրապետել նոր տեխնոլոգիաներին: Արդյունքում կուտակվել են Ֆինանսների նախարարության հսկայական պարտքեր տարբեր գերատեսչություններին, որոնք կաթվածահար են անում նաև նրանց աշխատանքը: Ստացվում է, որ նոր տեխնոլոգիաները, որոնք կոչված էին ավելի արագ և արդյունավետ դարձնելու այս նախարարության աշխատանքը, իրականում, ճիշտ հակառակ ձևով, սկսել են խոչնդոտել այս նախարարությանը: Իսկ արդյուքնում, խնդիրներ են առաջացել նաև մյուս գերատեսչություններում:

Թերևս բացակայում է այն տարրական ջանքը, որ պիտի գործադրեն մեր ազգային չինովնիկները այս նոր համակարգը յուրացնելու համար: Ցանկացած նոր երևույթ որոշակի ժամանակի ընթացքում է յուրացվում, դա միանգամայն հասկանալի է: Բայց երբ խոսք է գնում այնպիսի կարևոր գերատեսչության մասին, ինչպիսին Ֆինանսների նախարարությունն է, որի աշխատանքային խաթարումը կարող է անդրադառնալ նաև մյուս գերատեսչությունների վրա, ապա ամեն ինչ պետք է անել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի նույնիսկ մամուլը չհասցնի անդրադառնալ դրան:

Մեզ մոտ, ցավոք, դեռ այդպես չէ, և այսօր արդեն մամուլը անդրադարձել է այս լուրջ բացթողմանը:

Հասե~ք, փրկե~ք, միլիոնը վառվա~վ…

Երեկ կեսօրին հրդեհ էր բռնկվել Հրազդանի կիրճում գտնվող հայտնի «Փարվանա» ռեստորանում: Հրդեհներ երեկ եղել են նաև մայրքաղաքի այլ հատվածներում, մասնավորապես Ծիծեռնակաբերդի «Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի» հարակից տարածքում և Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Ֆլեշ» նավթամթերային բազայի տարածքում:

Բայց այս հրդեհներից որևէ մեկը այնպիսի ուշադրության չարժանացավ, ինչպես «Փարվանա» ռեստորանի դեպքում: Այն նույնիսկ մեծ արձագանք ստացավ սոցցանցերում: Պատճառներից առաջինը այն էր, որ «Փարվանան» ողջ Հայաստանի մասշտաբով բավականին հայտնի ժամանցի վայր է, նաև «ռաբիզ» երաժշտության իր հայտնի կատարողներով, և երկրորդ, յուրաքանչյուր հայ գիտի, որ այս ռեստորանը պատականում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին:
Ընդհանրապես ընդունված չէ ուրիշի դժբախտության վրա ծիծաղել, բայց երեկ ամբողջ ինտերնետային համայնքը յուրահատուկ հրճվանքով էր պատմում, գրում և քննրակում այս մասին:

Պատճառը, թերևս, պարզ է և սրանում մեղադրել հենց հրճվող զանգվածին հանրավոր չէ: Ինչպես ասում են, յուրաքանչյուր անձ, մանավանդ, հայտնի գործարար, ինքն է ձևավորում իր տեսակը, կերպարը հասրակության աչքերում: Այնինչ, Սամվել Ալեքսանյանի դեպքում առաջանում են միայն մենաշնորհների, կեղծված օղիների և իրեն պատկանող սննդամթերքի ոլորտներում անընդհատ գնային բարձրացումների վերաբերյալ ասոցիացիաներ:

Եվ այսքանից հետո նեղանալ, որ մարդիկ ծիծաղում են ինչ-որ մեկի դժբախտության վրա, հնարավոր չէ:

Ի դեպ նշենք, որ նույն այս հրդեհը քննարկելիս, սոցցանցերում արդեն կարծքիներ էին շրջանառվում, որ մոտ օրերս նորից կթանկանան ալյուրի և շաքարավազի գները, որպեսզի սույն գործարարը կարողանա ծածկի հրդեհից առաջացած վնասները:

Հ.Գ. Նշենք, որ Տնտեսական մրցակցության պահպանման պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երեկ հայտարարել է, որ ստուգումներ է սկսում շաքարավազի շուկայում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites