Apr 13, 2011

Գեղամյանը կրկին հայտնվել է բեմում

Ըստ մամուլի, վերջերս կրկին ակտիվացել է Արտաշես Գեղամյանը: Մասնավորապես, նա հայտարարել է, որ կիսում է Լևոն Տեր-Պետրոսյանի` ապրիլի 8-ին հնչեցրած այն հայտարարությունը, որ վերջինս իր գործողություններում առաջնորդվում է բացառապես պետության շահերով, քանի որ Ադրբեջանը րոպե իսկ չի երկմտի և իրավիճակի ապակայունացման դեպքում անմիջապես կսկսի պատերազմել Հայաստանի դեմ:

Այս համատեքստում, «Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդը անմիջապես իրեն է հիշել, նշելով, որ ինքը նույնպես իր գործողություններում առաջնորդվում էր պետական շահով, և չնայած իր լարված հարաբերություններին այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, դրսի ամբիոնները ծառայեցնում էր բացառապես այդ նպատակին և այլն:

Թե ինչ է ասել Գեղամյանը, ամենևին կարևոր չէ: Կարևոր է մեկ այլ հանգամանք. Գեղամյանը կրկին ակտիվացել է: Այս դեպքում նույնիսկ այնքան էլ էական չէ, թե ինչ է ասում տվյալ գործիչը: Ինչպես ասում են, ակտիվանալու, իր մասին հիշեցնելու համար որպես թեմա կարող է հանդիսանալ ցանկացած իրադարձություն, տվյալ դեպքում Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Պարզ է մի բան, նախընտրական փուլը սկսվում է, և այն ուժերը, որոնք վաղուց մոռացության էին մատնված, սկսելու են ակտիվանալ և նորից մտնել քաղաքական դաշտ:

Եվ դեռ շատ վաղ է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի մասին արտահայտած կարծիքի հիման վրա արդեն իսկ փորձել դատողոություններ անել Գեղամյանի հետագա դերակատարության, այս կամ այն բևեռից հանդես գալու հնարավորության մասին: Այս ամենը կերևա հետագայում: Ի վերջո, նույն Գեղամյանն էլ ի սկզբանե չէր խոսալու իր հիմնական նպատակներից, անմիջապես իրեն չմատնելու համար: Այդ իսկ պատճառով սկզբի համար ընտրվել է դեռևս նեյտրալ թեմա: Իսկ որ ընթացքում թեմաները կփոխվեն և ավելի որոշակի կդառնան, կասկածից վեր է:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites