Apr 19, 2011

ԵԽԽՎ-ում Էրդողանի վիրավորանքների համար Ֆրանսիան կպատժի Թուրքիային. թուրքագետ

Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ առկա հակասությունները, հնարավոր է, Թուրքիայի համար բացասական հեռանկարներ ունենան: Այս մասին ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի հասցեին արված Թուրքիայի վարչապետ Էրդողանի կոշտ հայտարարություններին: Թուրքագետը մասնավորապես նշեց Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին ավազակի նմանեցնելը եւ Ֆրանսիացի պատվիրակին վիրավորելը` Թուրքիայում հայտնի ասացվածքով, թե «Թուրքիայում անկապ խոսողին ֆրանսիացի են ասում»:

«Ֆրանսիան անպատասխան չի թողնի Թուրքիայի վիրավորանքները»,-նշեց Իսպիրյանն ու հավելեց, որ Թուրքիայի ագրեսիան նախապատմություն ունի: Այդ ագրեսիան, ըստ փորձագետի, ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Սարկոզին Թուրքիա այցելեց ոչ Ֆրանսիայի նախագահի, այլ «G20» երկրների ժամանակավոր ղեկավարի կարգավիճակով:

«Այդ այցելության ժամանակ Սարկոզին արժանացավ նվաստացուցիչ վերաբերմունքի: Նրան դիմավորելիս Թուրքիայի եւ ոչ մի նախարար կամ փոխնախարար ներկա չէր: Նրան դիմավորեցին Անկարայի` ծամոն ծամող քաղաքապետի մակարդակով եւ ճանապարհեցին կրկին նույն չինովնիկի մակարդակով»,-նկատեց Իսպիրյանը: Նրա խոսքով` Սարկոզին սա չէր կարող ներել, ով շատ չանցած, Լիբիայում տեղի ունեցած վերջին զարգացումների ֆոնին Ֆրանսիայում հրավիրված հավաքին չհրավիրեց Թուրքիային: Ավելին, որոշում կայացվեց առանց Թուրքիայի կատարել ՄԱԿ-ի որոշումը` փակել օդային տարածքը լիբիական օդուժի համար:

«Թուրքիայի համար սա մեծ վիրավորանք էր, քանի որ նա հայտնվեց խաղից դուրս վիճակում: Ուշագրավ է, որ Սարկոզիի այս նախաձեռնությանն աջակցեցին նաեւ արաբական երկրները, եւ Ֆրանսիան սկսեց իր գործողությունները Քադաֆիի ուժերի դեմ»,-նշեց Իսպիրյանը:

Նրա խոսքով` Թուրքիայի համար հարված էր նաեւ լիբիական ընդդիմության վերաբերմունքի փոփոխությունը: «Ընդդիմությունը, որը մինչ այդ Էրդողան էր բացականչում, հանկարծ սկսեց հակաէրդողանական ցույցեր անել, բացականչելով` «Սարկոզի, ո՞ւր ես»: Այս հանգամանքը կատաղեցրեց Էրդողանին, ում հիստերիկ ելույթները ԵԽԽՎ-ում ոչ թե պահի տակ հասունացած ելույթներ էին, այլ նրա մոտ կուտակված բացասական էմոցիաների պոռթկում: Էրդողանը, փաստորեն, չտիրապետելով իրեն, որոշեց Սարկոզիին վիրավորել հենց իր` Սարկոզիի տան մեջ»,-նկատեց փորձագետը: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Էրդողանի կռվարար պահվածքը քննադատեցին նաեւ Թուրքիայի ընդդիմադիր ուժերը: Մասնավորապես ազգայնականները նշեցին, որ ագրեսիվ տոնը Թուրքիային ոչ մի բարիք չի բերի:

Ըստ որոշ կարծիքների` Ֆրանսիայի նախագահը, ինչպես նաեւ Ֆրանսիայի սենատի անդամները չեն ների Թուրքիային` նման պահվածքի համար եւ նրան պատժելու ուղղությամբ որոշակի քայլեր կանեն: Իսպիրյանը նաեւ չի բացառում, որ առաջիկայում Ֆրանսիան հանդես գա հակաթուրքական նախաձեռնություններով կամ աջակցի այդպիսի նախաձեռնությունների, որոնք կապված լինեն, օրինակ, Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրի հետ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites