Apr 22, 2011

Կարսի սկանդալային հուշարձանը ապամոնտաժվելու է ապրիլի 23-ին

Մարդասիրություն խորհրդանշող Կարսի հուշարձանի ապամոնտաժման կապակցությամբ ապրիլի 23-ին Կարս են մեկնելու մոտ 200 արվեստագետներ` ի նշան բողոքի: Ցույցի կազմակերպիչները Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն և ճարտարապետ Մեհմեթ Աքսոյն են:
Հիշեցնենք, որ Ալիբեյօղլուի պաշտոնավարության ժամանակ էր, որ Աքսոյին հանձնարարվել էր քանդակել վերոնշյալ հուշարձանը:

Ըստ «Sondakika» լրատվական կայքի` Մեհմեթ Աքսոյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Էրդողանն անճոռնի անվանեց և պահանջեց քանդել այդ արձանը` նպատակ ունենալով խորհրդարանական ընտրություններում շահել «Ազգայնական շարժում» կուսակցության ընտրազանգվածի ձայները: Աքսոյը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին արվեստասեր ու արվեստագետ հասարակությունը հավաքվելու է հուշարձանի մոտ և փորձելու է իր վճռական «ոչ»-ն ասել հուշարձանի քանդմանը:

«Տեսեք, ապրիլի 23-ին հուշարձանը քանդվելու է ... Եթե քանդվի, ապա մենք թալիբներից ոչնչով չենք տարբերվի», - ասել է Աքսոյը` ընդգծելով, որ այժմ արձանի ապամոնտաժմանը դեմ է Կարսի բնակչության գրեթե 70 տոկոսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող վերոնշյալ հուշարձանը ստեղծվել է Կարսի քաղաքապետարանի պատվերով: Հունվարի 8-ին Կարս այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել էր ապամոնտաժել Կարսում տեղադրված «Մարդկայնության հուշարձանը»` այն անվանելով անճոռնի և այլանդակ: Հուշարձանի նախնական անունը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալով, փոխվել է` «մարդկայնության հուշարձան»-ի:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites