Apr 22, 2011

Գյումրիի քաղաքապետի դեմ «Հակերախուլիգանական պահվածք». Վարդան Ղուկասյանը Facebook-ում չկա

Facebook սոցիալական ցանցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից բացված էջում քաղաքապետը ապրիլի 17-ին տեղեկացրել է գյումրեցիներին, որ «մոտ ապագայում հատուկ Ամենափրկչի տեսքը պահպանելու համար հատելու ենք բոլոր եղեւնիները, որոնք գտնվում են հրապարակում, որպեսզի ստանա եվրոպական տեսք: Աստված պահապան բոլորիս»:

Ի պատասխան` Siranuysh Gevorgyan անունով սոցիալական ցանցի օգտատերն արտահայտել է իր զարմանքը. «Պարոն քաղաքապետ ո՞վ է ասել , որ բոլոր եղեւնիների հատումից հրապարակը ավտոմատ եվրոպական տեսք կունենա»: Իսկ օգտատեր Gayane Harutyunyan-ն իր զարմանքն արտահայտել է հետեւյալ կերպ. «Պարոն Ղուկասյան, Դուք ձեր կյանքի ընթացքում գոնե մեկ ծառ տնկե՞լ եք»: Մեկ այլ օգտվող` Սիրանուշ Աբրահամյանը քաղաքապետի առաջարկից իր համար արել էր հետեւյալ բացահայտնումը. «Վերջապես գտա այն հարցիս պատասխանը, թե ինչու են մարդիկ ծառ կտրում, որը բացի գեղեցկությունից նաեւ թթվածնի աղբյուր է: Պատասխան` եվրոպական տեսքի համար: Եկեղեցուն եվրոպական տեսք տա՞լ... »:

Մինչդեռ Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը կտրականապես հերքում է, որ սոցիալական ցանցի այդ էջը բացել է Գյումրիի քաղաքապետը: Նա տեղեկացնում է, որ Վարդան Ղուկասյանը Facebook-ում չունի էջ եւ առաջին անգամը չէ, որ ինչ-որ մարդիկ քաղաքապետի անունից էջ են բացում Facebook սոցիալական ցանցում: Այդպիսի երկու–երեք դեպք է եղել. «Հետեւաբար քաղաքապետը ոչ մի կապ չունի այնտեղ գրվող որեւէ հայտարարության հետ: Մենք բազմիցս դիմել ենք սոցիալական ցանցի ադմինիստրացիային, որ Գյումրիի քաղաքապետի անունից բացվող յուրաքանչյուր էջ ինչ-որ մարդկանց ձեռքի գործն է եւ ինքը կապ չունի դրա հետ: Ես չգիտեմ` դա ինչ հակերախուլիգանական պահվածք է»:

Պատասխանելով այն հարցին, թե դիմել են արդյոք իրավապահ մարմիններին, Աղեկյանն ասաց. «Իմ ունեցած տվյալներով, չենք դիմել, բավարարվել ենք Facebook-ի ադմինիստրացիային նամակ գրելով»:

Ինչ վերաբերում է եղեւնիների ճակատագրին, ապա Աղեկյանը տեղեկացրեց, որ եղեւնիներին որեւէ վտանգ չի սպառնում եւ հավելեց, որ եղեւնիների հետ կապված քաղաքապետարանը բազմիցս հանդես է եկել համապատասխան հայտարարություններով եւ արտահայտել իր դիրքորոշումը:

Հավելենք, որ Վարդան Ղուկասյանից Facebook սոցիալական ցանցում էջը բացվել է մարտի 23-ին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites