Apr 18, 2011

Աղվան Հովսեփյանը հանցակից է մարտի 1-ի հանցագործությունների չբացահայտմանը. պատգամավոր

Պետք է տեղի ունենա պատշաճ քննություն մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն մեղավորները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները, ապրիլի 18-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ մարտի 1-ի սպանությունները դեռեւս ԵԽԽՎ-ի օրակարգում են եւ այս խնդիրն առաջ է քաշվելու նաեւ ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Թոմաս Համարբերգի կողմից ներկայացվելիք զեկույցում:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից մինչ այժմ որեւէ պատշաճ քննություն չի իրականացվել:

«Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դրսեւորելով անգործություն, հանցակից է մարտի 1-ի հանցագործությունների չբացահայտմանը»,-նկատեց Փոստանջյանը` հավելելով, որ պատահական չէ, որ ԵԽ-ն կարեւորում է «քաղաքական կամքի» ցուցաբերումը մարտի 1-ի բացահայտման գործում: Պատգամավորի խոսքով` բոլորին է հայտնի, որ ՀՀ զինված ուժերը մասնակից են եղել մարտի 1-ի դեպքերին, իսկ 10 զոհերից մեկը եղել է ժամկետային զինծառայող: «Ժամկետային զինծառայողը ի՞նչ գործ ուներ Երեւանի կենտրոնում եւ այդտեղ ինչպիսի՞ ծառայություն էր իրականացնում, ինչի հետեւանքով էլ ստացել է հրազենային վնասվածք: Այս հարցին եւ մի շարք այլ հարցերի ոչ ոք չի պատասխանել եւ ցանկություն էլ չունի պատասխանելու»,-հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites