Apr 21, 2011

Մարգարիտա Խաչատրյանը պատրաստվում է դատի տալ «Հրապարակ» օրաթերթին

«Ես վիրավորանք կուլ չեմ տա, «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում ինձ վիրավորել են, ես էլ նրանց եմ վիրավորել, քաշքշուք էլ է եղել, չեմ հրաժարվում, որ նման բան եղել է, ու քաշքշելու եմ. իմ զոհված մինուճար տղայի անունը տա՞, ասի տղայիդ արյունը ծախո՞ւմ ես»,- թղթակցի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի խմբագրի հասցեին զայրույթ հայտնեց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ, Մարգարիտա Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր թերթի խմբագրությունում հրապարակումներից մեկի պատճառով տեղի ունեցած վիճաբանությանը։

«Եթե թերթում հերքում չտպվի այն նյութի վերաբերյալ, որ օրերս զորամասեր կատարած այցի ժամանակ իմ ու հրամանատարական կազմի միջեւ իբր վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի, ես «Հրապարակին» դատի կտամ։ Ես պատրաստվում եմ ցուցմունք տալու եւ իմ պատիվը պաշտպանելու»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Հարցին, թե ովքե՞ր են եղել խմբագրություն գնալու ժամանակ իրեն ուղեկցող մարդիկ, տիկին Մարգարիտան նշեց, որ տղամարդը եղել է իր վարորդը, իսկ կանանցից մեկը՝ զոհված ազատամարտիկի մայր։

Ինչպես ավելի վաղ  հայտնել էին «Հրապարակից», Մարգարիտա Խաչատրյանն այսօր ներխուժել էր թերթի խմբագրություն, ծեծկռտուք սարքել, կոտրել բաժակներն ու մարմնական վնասվածք հասցրել խմբագիր Արմինե Օհանյանին: Լրագրողները ահազանգել են ոստիկանություն, որը տեղ է հասել բավականին ուշացումով: Թերթի խմբագիրը ոստիկանությունում ցուցմունք է տվել տեղի ուենցածի առթիվ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites