Apr 19, 2011

16-ամյա ամերիկուհին ողջ է մնացել՝ նետվելով Սան Ֆրանցիսկոյի հայտնի կամրջից

Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպաս» (Golden Gate Bridge) հայտնի կամրջից նախօրեին նետվել է մի դեռահաս։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, 16-ամյա աղջիկը կենդանի է մնացել՝ ընկնելով 74 մետր բարձրությունից։

Դպրոցականը ցատկից հետո մինչ փրկարարների տեղ հասնելը ջրում անցկացրել է ավելի քան 20 րոպե։ NBC հեռուստաընկերության տվյալով՝ այդ ընթացքում մի անծանոթ տղամարդ օգնել է աղջկան մնալ ջրի վրա։

Դեռահասը գրեթե չի տուժել։ Աղջկան հասցրել են հիվանդանոց։ Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն։
Պարզվել է, որ աղջիկը ցանկացել է ինքնասպանություն գործել։ Նա անգամ գրություն է թողել քրոջը։ Գրության բովանդակությունը չի հաղորդվում։ Նշվում է միայն, որ աղջիկը Սան Ֆրանցիսկոյից չէ, այլ ծնողների հետ քաղաք էր եկել հանգստյան օրերն անցկացնելու։

Մարտին նմանատիպ արարքի էր դիմել 17-ամյա մի պատանի։ Վերջինիս խոսքով՝ ինքն այդ քայլին դիմել է հետաքրքրությունից դրդված։ Նա նույնպես թեթև վնասվածքներ է ստացել։

Ոստիկանությունն ու փրկարարները զարմացած են, որ երկուսին էլ հաջողվել է փրկվել՝ նետվելով կամրջից։
Սան Ֆրանցիսկոյի կամուրջը ինքնասպանների սիրած վայրերից է։ Այդ կառույցից ցատկը 98 տոկոսով մահացու է։ Որպես օրենք՝ կամրջից նետվող մարդիկ մահանում են ջրի հարվածից (ընկնելիս անկման արագությունը հասնում, անգամ գերազանցում է 160 կմ/ժ-ը) կամ ցրտից։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites