Apr 18, 2011

Շաքարավազն աշխարհում էժանանում է, Հայաստանում՝ թանկանում

Հանգստյան օրերին Հայաստանում գնային հերթական անակնկալն է գրանցվել՝ թանկացել է շաքարավազը։ Մանրածախ առեւտրի որոշ կետերում շաքարավազի գինը հասել է 410 դրամի՝ 1 կգ-ի դիմաց, մյուսներում դա միայն ժամանակի հարց է։

Մալաթիայի տոնավաճառում շաքարավազի կգ-ի մեծածախ գինը 380 դրամ է։

Շաքարավազի թանկացումն իսկապես կարելի է անակնկալ համարել, քանի որ միջազգային շուկայում սպասվում է գների անկում։ Bloomberg-ը հաղորդում է, որ Բրազիլիան կմեծացնի շաքարավազի առաջարկը, ինչի հետեւանքով գները կնվազեն։

Մարտից սկսած շաքարավազի գները միջազգային շուկայում անկման միտում ունեն։

Հատկապես արագ տեմպով է նվազում շաքարավազի հումքի գինը։ Իր գնային պիկին հասնելով փետրվարի սկզբին՝ շաքարավազի հումքը անշեղորեն էժանանում է;

Օրինակ՝ փետրվարի սկզբին շաքարավազի հումքը հասավ վերջին 30 տարում իր առավելագույն գնային մակարդակին՝ 32,09 ցենտ 1 ֆունտի ((0,4535 կգ)) դիմաց։ Վերջին տվյալներով՝ գինը տատանվում է 25 ցենտի սահմաններում։ Այսինքն՝ 2,5 ամսում առկա է մոտ 22 տոկոս գնի նվազում։

Հայաստանում այս վերջին 2,5 ամսում տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթաց։ Եթե հունվարի վերջին շաքարավազի 1 կգ-ի մանրածախ գինը 360 դրամ էր, ապա մարտին բարձրացավ եւս 20 դրամով, իսկ ապրիլին՝ եւս 30 դրամով։ Հանուն արդարության նշենք, որ Հայաստանում շաքարավազի գինը համեմատաբար ավելի էժան էր, քան հարեւան երկրներում։

Հիշեցնենք, որ 2010 թ. վերջից բացվել է Ախուրյանի շաքարավազի գործարանը, որն էլ հիմնականում բավարարում է տեղական շուկայի պահանջները։ Գործարանը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites