Apr 20, 2011

Ստամբուլի կինոթատրոնում առաջին անգամ հնչել է Ցեղասպանություն բառը

Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» ֆիլմի պրեմիերան:

Ինչպես տեղեկանում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոնից, ֆիլմը ներկայացնում է տարբեր ազգությունների մարդկանց պատմությունները, որոնց միավորում է բազմամշակույթ Ստամբուլը: Այն կազմված է հինգ խաղարկային նովելներից, որոնց ռեժիսորները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են` հայ, հույն, հրեա, պաղեստինցի եւ թուրք: Ամբողջ նախագծի պրոդյուսերը Հուսեյն Կարաբեյն է: Ֆիմի մի մասի հեղինակը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Էրիկ Նազարյանն է:

Նա ներկայացնում է ուդ նվագող սփյուռքահայ երաժիշտի պատմությունը, որը գալիս է Ստամբուլ եւ փորձում է գտնել իր պապի` ժամանակին հռչակավոր ուդի վարպետի տուն-արհեստանոցը: Մի ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է հայի դաժան ճակատագիրը Թուրքիայում:

Գլխավոր դերում ֆրանսիահայ դերասան Ժաքի Ներսիսյանն է: Հատկանշական է, որ պատմության մեջ առաջին անգամ պրեմիերայի ժամանակ Ստամբուլի կենտրոնում մեծ էկրանից հնչեց «ցեղասպանություն»` գենոցիդ բառը:

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմը դիտել ամռանը` «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites