Apr 19, 2011

ՀՀԿ փոխնախագահը Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորում է մեղքերից չխոսել

«Մեղքի որևէ բան չեմ տեսնում. ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացքում Հայաստանը հանդես է գալիս կառուցողական դիրքերից: Հարցի կարգավորման հիմքում ընկած են հայտնի երեք սկզբունքներն ու 6 տարրերը, ինչի վերաբերյալ հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ դրանք որպես բանակցություների հիմք ընդունում է, իսկ եթե Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է այդ մասին հայտարարելուց, դա լրիվ այլ խնդիր է»,- մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ BBC-ին տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսման դեպքում մեղքը հայկական կողմինը կլինի՝  հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Պատգամավորը Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորեց մեղքերից չխոսել՝ որպես հիմնավորում նշելով, որ 1997 թվականին նա գնում էր հիմնախնդրի լուծման փուլային տարբերակին, ինչը նախևառաջ ենթադրում էր հայկական ուժերի դուրս բերումը 7 շրջաներից ու նոր մնացած հարցերի քննարկումը:

«Այդ տարբերակը Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որևէ երաշխիք չէր պարուակում: Լավ է, որ նա ժամանակին հետ քաշվեց, և մենք արդեն 10 տարուց ավելի է գործընթացն այլ ուղով ենք տանում: Հայաստանի նախագահը մեկ անգամ չէ, որ ամենաբարձր մակարդակի հանդիպումների ժամանակ հստակ դնում է կարգավիճակի խնդիրը՝ միաժամանակ հայտարարելով, որ Արցախի հարցի լուծումը Ստեփանակերտում է և արցախցիները պետք է որոշեն իրենց ճակատագիրը»,- հավելեց Ռ. Զոհրաբյանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites