Apr 23, 2011

Հանքերը լումաներ են վճարել համայնքներին, բայց այդ կարգը կփոխվի

Հայաստանում հազարավոր հեկտար հողեր դրվել են հանքերի տակ: Առնվազն 480 սուբյեկտ հանք շահագործելու օրինական լիցենզիա ունի: Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր հանք միջին հաշվով զբաղեցնում է 50 հա հողատարածք, ստացվում է, որ մոտ 24 հազար հա հող գտնվում է ընդերքօգտագործողների տնօրինության ներքո: Մեծամասամբ դրանք համայնքային հողեր են` արոտավայրեր, չորրորդ կարգի հողեր, անտառապատ տարածքներ: Այսինքն` սրանք այնպիսի հողեր են, որոնց կադաստրային արժեքը մեծ չէ: Որպես կանոն` հանքատերերը համայնքի ղեկավարի կամ հողի այլ սեփականատիրոջ հետ վարձակալության պայմանագիր են կնքում (սովորաբար` 25 տարով) հանքը շահագործելու համար: Սակայն այստեղ ի հայտ են եկել լուրջ հակասություններ ու կոռուպցիոն ռիսկեր:

Խնդիրն այն է, որ ընդերքօգտագործողները մինչ այսօր հողահարկ կամ վարձակալական վճար մուծում են կադաստրային արժեքին համապատասխան; Իսկ սա նշանակում է, որ համայնքների բյուջեները վիթխարի վնասներ են կրում: Ըստ Հողային օրենսգրքի` համայնքային նշանակության հողերը կարող են տրվել վարձակալության կադաստրային արժեքի առնվազն 5 տոկոսի չափով: Դե` մեր գյուղապետերն էլ համատարած հենց այդ չափով են կնքում վարձակալական պայմանագիրը: Սա նշանակում է, որ հանքատերը կարող է 1 հեկտար հողը վարձակալել ընդամենը տարեկան հազար դրամով:

Այն դեպքերում, երբ հանքի տերը ցանկանում է գնել հողամասը, գնահատումն իրականացվում է նույնպես կադաստրային արժեքին համապատասխան: Արարատի մարզում, օրինակ, այդ կերպ համայնքային հողերը սեփականաշնորհվել են 1 քառ.մետրը 300 դրամով:
Ակնհայտ է, որ այս ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկեր; Սակայն խնդիրը միայն համայնքապետերը չեն: Հակասություններ են առաջացել այն 3 օրենքներում, որոնցով կարգավորվում են հանքերի շահագործման հարցերը; «Ընդերքի մասին» եւ «Կոնցեսիայի մասին» օրենքներով` հանքատերը կարող է սկսել հանքի շահագործումը լեռնահատկացման ակտը ստանալուց հետո` առանց հողերի կատեգորիան փոխելու: Սակայն հողային օրենսգրքով արգելվում է գյուղատնտեսական հողերի օգտագործումն այլ նպատակներով:

Այս իրավական հակասությունը լուծելու միայն մեկ ճանապարհ կա` պետք է փոխվի հանքերի տակ դրված հողերի կատեգորիան, այսինքն` գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է ճանաչվեն որպես արդյունաբերական նշանակության հողեր: Այդ դեպքում կբարձրանա նաեւ հողի կադաստրային արժեքը, ըստ որոշ գնահատականների` մինչեւ 20 անգամ: Այսպիսով` համայնքների բյուջեները բազմապատիկ անգամ ավելի գումարներ կստանան:

Կառավարությունն այս առումով ապրիլի 21-ին բավական արմատական որոշում ընդունեց: Հողերի սեփականատերերը եւ ընդերքշահագործողները հնարավորություն ստացան համեմատաբար կարճ ժամկետում (առավելագույնը` 2 ամսում) փոխել հողերի օգտագործման կատեգորիան: Այս որոշման շնորհիվ, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականի, համայնքների բյուջեները 5-6 անգամ ավելի գումար կստանան միայն հանքերից:

Առաջին հայացքից թվում է, թե հանքատերերը շահագրգռված չեն հողերի կատեգորիայի փոփոխմամբ, չէ որ այդ դեպքում լրացուցիչ հարկեր են վճարելու: Իրականում այդպես չէ: Հանքի տնտեսական շրջանառության մեջ հողահարկը կամ վարձավճարը մեծ գումար չի կազմում, իսկ համայնքի հետ հարաբերությունները օրինական դաշտ տեղափոխելով` հանքի տերը սոցիալական պատասխանատվության տարր է վերցնում իր վրա: Օրինակ` Արամուսի բազալտի հանքավայրը շահագործող «Լամո» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Հարությունյանը ասաց, որ իրենք դեմ չեն կառավարության որոշմանը, պայմանով, որ այն նույնչափ ծախսատար ու ժամանակատար չլինի, ինչպես լիցենզիայի ստացումը:

Նշենք, որ կառավարության որոշմամբ` հողի կատեգորիան պետք է փոխվի արդեն լեռնահատկացման ակտի հատկացման ժամանակ; Առավելագույն ժամկետ սահմանված է 2 ամիսը; Ընդ որում` եթե տեղական ինքնակառավարման մարմինը ինչ-ինչ պատճառներով ձգձգի ստացված դիմումներին ընթացք տալը, ապա հողերի կատեգորիան կփոխվի առանց նրանց համաձայնության:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites