Apr 20, 2011

Ամուսինը փողոցում փորձել է խոհանոցային դանակով սպանել կնոջը ու դիմել փախուստի

Քիչ առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները Կոտայքի մարզի Ձերբակալվածների պահման վայր տեղափոխեցին մի երիտասարդի` սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 19-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Չարենցավանի բնակիչ 31-ամյա Արմեն Փարսադանյանը Կենցաղի տան մոտ փորձել է սպանել իր կնոջը` Հասմիկ Փարսադանյանին:

Ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջը, վնասվածքներ պատճառելով կրծքավանդակի առաջնային եւ հետին մակերեսին: Կնոջը թողնելով անօգնական վիճակում, նա դիմել է փախուստի:

Մոտակայքում գտնվող քաղաքացիները վիրավոր կնոջը տեղափոխել են Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն: Ականատեսների վկայությամբ, փախուստի ժամանակ ամուսինը բացականչել է. «Մեկ է, սպանելու եմ», սակայն իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել իրականացնել իր մտադրությունը:

Ոստիկանությունում կատարվածի առթիվ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ` Չարենցավանի ոստիկանության պետ Վաղարշակ Վարդանյանի գլխավորությամբ: Արդեն կեսօրին, օպերատիվ հետախուզական տվյալներն իրացնելիս, ոստիկանները հայտնաբերել են կնոջը դանակահարած ամուսնուն:

Հայտնաբերվել է նաեւ խոհանոցային դանակը, որն առգրավվել է: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites