Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Տնտեսություն. Show all posts
Showing posts with label Տնտեսություն. Show all posts

May 31, 2011

Վատ լուր սուրճի սիրահարների համար. սուրճը շարունակում է թանկանալ

Երեւանյան խանութներում անցյալ շաբաթ շարունակվել է սուրճի թանկացումը` միջինը 4-5 տոկոսով, իսկ բարձրորակ սուրճի որոշ տեսակներ` ավելի շատ: Օրինակ` «Նեստլե» բրազիլիական հատիկավոր սուրճի 1 կգ-ը արդեն արժե 2400 դրամ` նախկին 2300 դրամի համեմատ: Նշենք, որ հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունի «Կաֆե դյու բրազիլը», որին, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստրի` պատկանում է շուկայի իրացման ծավալների մոտ 35.2 տոկոսը:

Համեմատաբար կայուն են գները աղացած սուրճի շուկայում, որտեղ խոշոր մասնաբաժիններ ունեն «Գրանդ քենդին», «Ռիո Գրանդեն» եւ «Ալեքս Գրիգը», թեեւ նրանց տեսականին էլ չի խուսափել ոչ մեծ գնաճից: Սակայն այս գնային կայունությունը խաբուսիկ է: Իրականում այդ ընկերությունները կանաչ սուրճ միջազգային շուկայից ձեռք են բերում թանկ գնով, սակայն տարբեր հավելումների շնորհիվ կարողանում են գինը չբարձրացնել, փոխարենը տուժում է սուրճի որակը:

Իրավիճակը բարվոք չէ հատկապես լուծվող սուրճի շուկայում: Ըստ ՏՄՊՊՀ-ից ստացված տեղեկատվության` մի քանի օր առաջ այստեղ վարույթ է հարուցվել «Մոկոնաթ» ընկերության հանդեպ, որին պատկանում է իրացման ծավալների մոտ կեսը: Չի բացառվում, որ ընկերությանը մեղադրանք հարուցվի գնային չարաշահումների համար: Նշեենք, որ ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաեւ բրնձի, սառեցված ձկների եւ ներմուծվող սառեցված մսի շուկայում:

Ընդհանուր առմամբ` սուրճը զգալի թանկացել է նաեւ միջազգային շուկայում: Միջազգային գնաճը հիմնականում պայմանավորված է «Արաբիկա» սորտի թանկացմամբ, ինչպես նաեւ` զարգացող երկրներում (Հնդկաստան, Չինաստան Ինդոնեզիա) սուրճի նկատմամբ պահանջարկի աճով: Վերջին 7 ամսվա ընթացքում սուրճի միջազգային գներն աճել են գրեթե կրկնակի: Ի դեպ` առաջին անգամ սուրճի 1 ֆունտի (0.45 կգ) գինը 1977 թ. հետո գերազանցել է 3 դոլարի մակարդակը: Բրազիլիայում, որին բաժին է ընկնում սուրճի համաշխարհային արտադրության մոտ մեկ երրորդը, սպասում են սուրճի բերքի կտրուկ անկում` կապված առատ անձրեւների հետ: Իսկ այս հանգամանքը չի բացառում, որ առաջիկայում սուրճը կարող է շարունակել թանկանալ:

Առայժմ սուրճի թանկացում չի նկատվում երեւանյան սրճարաններում, սակայն սա այն պատճառով, որ մատուցվող սուրճի ինքնարժեքում հում սուրճը մեծ տեսակարար կշիռ չունի: Սակայն չի բացառվում, որ սրճարանային սեզոնի պիկի շրջանում ականատես լինենք նաեւ սրճարանային գների բարձրացման:

Սամվել Ավագյան

May 6, 2011

Հայրենական արտադրության Pepsi-ն հայ սպառողին հասանելի կլինի արդեն հունիսից

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունն անում է ամեն բան, որպեսզի հայրենական արտադրության Pepsi-ն հայ սպառողին հասանելի լինի արդեն հունիսից։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանի օգնական Էդգար Ղազարյանը։

«Ձեռնարկությունը շահագործման կհանձնվի հավանաբար մայիսի վերջերին։ Ներկայումս գործարկման հետ կապված աշխատանքներ են ընթանում։ Ընթացքի մեջ է նաեւ կադրերի հավաքագրման գործընթացը»,- տեղեկացրեց նա։

Նշենք, որ համաձայն ավելի վաղ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանը ձեռք է բերել վրացական PepsiCo ընկերության բաժնետոմսերը։ Նրա օգնականը, սակայն, հերքել էր այդ լուրերը։

May 4, 2011

Կենսաթոշակային խառնաշփոթ. Սոցապնախարարությունը պարզաբանում է պատճառները

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ներկայումս ընթացքի մեջ են մոտ 37 հազ. կենսաթոշակառուների տվյալների ճշտման աշխատանքները։ Այդ մասին այսօր՝ մայիսի 4-ին հայտարարեց փոխնախարար Արտեմ Ասատրյանը։

Նշենք, որ բազմաթիվ թոշակառուներ այս օրերին չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք թոշակը՝ բանկերի աշխատակիցները նրանց ուղարկում են սոցապ նախարարության տարածքային կենտրոններ՝ թոշակ ստանալու իրավունքը հաստատելու նպատակով։

Ա. Ասատրյանի տեղեկացմամբ՝ ցուցակների ճշգրտման աշխատանքների արդյունքում 3000 կեղծ թոշակառուներ հանվել են ցուցակներից։ Ինչ վերաբերում է նշված 37 հազարին, ապա նրանց վերաբերյալ տվյալները տարբեր բազաներում տարբեր են։ Օրինակ՝ հաշմանդամության տվյալների բազայում կարող է նշված լինել, որ տվյալ անձը երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ կենսաթոշակառուների տվյալների բազայում՝ առաջին։ Քանի որ նախարարությունը փորձում է միասնականացնել տվյալների բազաները, անհրաժեշտություն է առաջացել բոլոր այդ տվյալները կրկին նույնականացնելու։ Սակայն այս գործընթացը, ցավոք, որոշ խառնաշփոթ է ստեղծել, ինչի արդյունքում քաղաքացիների մի մասը, հատկապես հաշմանդամները, չեն կարողանում ժամանակին ստանալ կենսաթոշակ։

«Չորրորդ ինքնիշխանություն». Կենտրոնական բանկի նախագահը ապստամբում է վարչապետի դեմ

«ՉԻ» տեղեկություններով, վերջին երկու ամիսներին դանդաղ կոնֆլիկտ էր հասունանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա ամենավստահելի կադր համարվող Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի միջեւ: «Այս ընթացքում Արթուր Ջավադյանը այնքան է կարողացել ամրացնել թիկունքը, որ բացահայտ դուրս է եկել իր «պրոտեժեի» դեմ: Կարծիք կա, որ Տիգրան Սարգսյան-Արթուր Ջավադյան հարաբերությունները ներկա փուլում շատ նման են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերություններին:

Չի բացառվում, որ Ջավադյանը արժանացել է ինչպես Սերժ Սարգսյանի` Տիգան Սարգսյանից առանձին, վստահությանը, այնպես էլ կարողացել է ձեռք բերել նոր «պորտեժե» դրսում: Այս վիճակը ինչ-որ հանգուցալուծման պետք է հանգեցնի, որովհետեւ այս անհաշտությունը միանշանակ կանդրադառնա երկրի տնտեսության եւ բանկային համակարգի վրա: Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներ են սպասվում»:

May 3, 2011

ՀԴՄ կտրոնների դիմաց այլեւս պարգեւավճարներ չեն տրվի

ՀԴՄ շահող կտրոնների դիմաց պարգեւավճարներ չեն տրվի։ Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի հայտարարության մեջ։ Սույն կարգը տարածվում է նաեւ ապրիլ ամսվա ՀԴՄ կտրոնների վրա։

Որպես պարգեւավճար խաղարկվելու են միայն ավտոմեքենաներ՝ թվով 15 հատ։ Հաստատապես շահելու են միայն 8 եւ 7 թվի համընկնմամբ կտրոնները։ 6 եւ 5 թվի համընկմամբ կշահեն միայն այն կտրոնները, որտեղ նշված է գործարքի առավելագույն արժեքը։

Չորս, երեք եւ երկու թվի համընկնմամբ կտրոնները շահող չեն համարվի։

ՊԵԿ հայտարարությունը բխում է կառավարության մարտի 31-ի որոշումից։ Հիմնական պատճառը, որ կառավարությանը ստիպել է հրաժարվել ՀԴՄ պարգեւավճարներից՝ սպասարկման բարձր վարձն է։ ՀԴՄ կտրոնների սպասարկում իրականացվում է «Արարատբանկում» եւ «Հայփոստում»՝, որտեղ յուրաքանչյուր շահած կտրոնի սպասարկման դիմաց վճարը կազմում է 500 դրամ։

May 2, 2011

Կենտրոնական բանկը աղքատացել է

Հայաստանի կենտրոնական բանկի միջազգային պահուստների միջին եկամտաբերությունը եւ ընդհանուր եկամուտները զգալիորեն նվազել են նախորդ տարվա համեմատ` պայմանավորված տնտտեսական եւ ֆինանսական միջավայրերի փոփոխությամբ: Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ 2010 թ. տարեկա հաշվետվության մեջ:

Հիշեցնենք, որ 2010 թ. ընթացքում միջազգային պահուստները նախորդ տարվա համեմատ նվազել են մոտ 138 մլն դոլարով եւ տարեվերջին կազմել 1.86 մլրդ դոլար:

Ըստ հրապարակման` պահուստների միջին տարեկան եկամտաբերությունը կազմել է 0.68 տոկոս (նախորդ տարի` 1.61 տոկոս), իսկ ստացված եկամուտը` 12.4 մլն դոլար (նախորդ տարի` 23.4 մլն դոլար):

Նշենք, որ ԿԲ եկամուտները միջազգային պահուստներից իրենց առավելագույն մակարդակին հասել են ճգնաժամի նախօրեին: Այդ աղբյուրից 2008 թ. ԿԲ-ն ստացել է մոտ 80 մլն դոլարի եկամուտ, իսկ եկամտաբերության աստիճանը եղել է մոտ 6 տոկոս: Չի բացառվում, որ ԿԲ-ն ներդրումներ է կատարել բարձր ռիսկային ակտիվներում:

Հիշեցնենք, որ ԿԲ-ի միջազգային պահուստների մոտ 70 տոկոսը պահվում է այլ երկրների պարտատոմսերով, սակայն ԿԲ-ն հրաժարվում է բացահայտել պարտատոմսերի կառուցվածքը:

Քսանհազարանոցը ամենատարածված թղթադրամն է Հայաստանում

Քսանհազարանոց թղթադրամը կանխիկ դրամի շրջանառության մեջ ունի ամենամեծ տեսակարար կշիռը: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2010 թ. տարեկան հաշվետվության մեջ: Ընդ որում` քսանհազարանոցների տեսակարար կշիռը վերջին տարիներին անընդհատ աճում է, եւ 2010 թ. վերջում արդեն հասել է մոտ 48 տոկոսի:

Երկրորդ տեղում տասհազարանոցներն են` 25 տոկոս, սակայն այս թղթադրամների տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ 2.5 տոկոսային կետով նվազել է:

Փոխարենը` աճ է արձանագրվել հարյուրհազարդրամանանոց թղթադրամների ծավալում` ընդհանուրի 4.1 տոկոսը, նախորդ տարվա 1.8 տոկոսի համեմատ:

Հինգ հազար անվանական արժեքով թղթադրամներին բաժին է ընկնում ընդհանուր շրջանառության 10.2 տոկոսը, այստեղ եւս առկա է տեսակարար կշռի նվազում 1.7 տոկոսային կետով:

Թղթադրամների մեջ ամենաքիչը հազարդրամանոցներն են` ընդամենը 4.2 տոկոս, ընդ որում` նախորդ տարվա համեմատ տեսակարար կշռի փոփոխություն տեղի չի ունեցել: Անգամ քիչ գործածական հիսունհազարանոց թղթադրամները ավելի մեծ կիրառություն ունեն` ընդհանուրի մոտ 5 տոկոսը:

Նշենք, որ 2010 թ. վերջում շրջանառության մեջ էին մոտ 348 մլրդ ծավալով թղթադրամներ` նախորդ տարվա 320 մլրդ-ի համեմատ:

Apr 26, 2011

ՀԱԿ-ը փոխել է վերաբերմունքը ԱՊՊԱ-ի նկատմամբ. այն պետք է ոչ թե վերացնել, այլ էժանացնել

Պարտադիր ավտոապահովագրական վճարները պետք է կազմեին 10,5 հազ. դրամ, սակայն իրականում վճարվում է 36 հազ. դրամ։ Այդ մասին նշված է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքի նախօրեին բնակչությանը բաժանվող թռուցիկների մեջ։

ԱՊՊԱ-ն եւ տեխզննումն այդ թռուցիկներում բնորոշվել են որպես «խաբեություն», բնակչությանը կողոպտելու միջոց։

Ըստ ՀԱԿ-ի ներկայացրած հաշվարկների՝ ԱՊՊԱ-ի ապահովագրավճարը պետք է կազմեր առավելագույն ապահովագրական վճարումների 1/1000-րդ մասը։ Իսկ առավելագույն ապահովագրական վճարումները կազմում են 10,5 մլն դրամ (1,5 մլն դրամ+9 մլն դրամ)։

Թռուցիկում նշված է նաեւ, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 3-4 անգամ ավելի քիչ է, քան Ռուսաստանում։

Նշենք, որ մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել էր իշխանություններին ուղղված պահանջներ, որի կետերից մեկը վերաբերում էր ԱՊՊԱ-ին՝ այն անհապաղ չեղյալ հայտարարելու կոչով։

Apr 22, 2011

Դոլարը բորսայում ենթարկվել է նոկդաունի

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարը երրորդ օրն է՝ շարունակում է սրընթաց արժեզրկվել դրամի նկատմամբ։

Այսօր՝ ապրիլի 22-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373,75 դրամ՝ նախորդ օրվա 375 դրամի համեմատ։ Այսպիսով՝ դոլարը կորցրել է 1,25 կետ կամ 0,33 տոկոս։

Առեւտրային նստաշրջանի սկզբում դոլարն առաջարկվել է 374,25 դրամով, սակայն գնորդներ չի գտել, ինչի հետեւանքով կորցրել է գնի մեջ։

Ընդհանուր առմամբ, վաճառվել է 2,45 մլն դոլար։

Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերն անմիջապես նվազեցրել են դոլարի առքի փոխարժեքը, ինչը չի կարելի ասել վաճառքի փոխարժեքի մասին։ Ժամը 16։00-ի դրությամբ՝ կանխիկ դոլարը բանկերի կողմից գնվում է առավելագույնը 373 դրամով, սակայն վաճառվում 376-ով (վաճառքի գինը գրեթե նույնն է, ինչ որ երեկ)։

Apr 19, 2011

Ձու արտադրողները կրկին խոստանում են` ձուն Զատկի նախօրեին չի թանկանա

Հայաստանի խոշորագույն թռչնաֆաբրիկաները վստահեցնում են, որ Զատկի տոնի (այս տարի այն կնշվի ապրիլի 24-ին) հետ կապված ձուն Հայաստանում չի թանկանա: «Արաքսը», Երեւանի ու Արզնիի թռչնաֆաբրիկաները այդ հավաստիացումները տվել են Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանին, ինչի մասին նա այսօր` ապրիլի 19-ին հայտարարեց մամուլի ասուլիսում, իսկ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հարկ համարեց այդ մասին լրագրողներին ասել նույնպես ասուլիսի միջոցով:

Նշենք սակայն, որ Ամանորի նախօրեին մի քանի անգամ նմանատիպ հայտարարություն կատարեց Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը, սակայն հենց այդ թռչնաֆաբրիկայի մանիպուլյացիաների շնորհիվ ձուն եռակի թանկացավ (համենայնդեպս` դա է ցույց տալիս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթը):

Ըստ Մ. Հակոբյանի` հնարավոր է առաջիկա շաբաթվա ընթացքում ձվի ոչ մեծ դեֆիցիտ առաջանա, սակայն այդ բացը կլրացվի ներկրումների հաշվին:

Արդեն իսկ թռչնաֆաբրիկաներից մի քանիսը պայմանավորվածություններ ունեն մոտ 1 մլն հատ ձու ներկրելու մասին:

Նշենք, որ Հայաստանում տարեկան իրացվում է մոտ 700 մլն հատ ձու, այսինքն` օրական` 1.9-2 մլն հատ ձու: Զատկի տոներին եւ Ամանորի նախօրեին ձվի նկատմամբ օրական պահանջարկը կրկնապատկվում կամ եռապատկվում է: Ուստի եթե իրոք դեֆիցիտ առաջանա` 1 մլն հատ ձուն հազիվ թե իրավիճակը էապես շտկի:

Եկել է դոլարից բաժանվելու ժամանակը

Որքան էլ հայ հասարակությունը սիրահարված լինի դոլարին՝ նախընտրելով այն եվրոյից, ոսկուց ու մյուս գայթակղիչ արժեքներից, միջազգային շուկաներում այն կորցրել է իր հմայքը՝ նմանվելով կնճռապատ ու անուժ պառավի։

Արդեն մեկընդմիշտ անցել են այն ժամանակները, երբ աշխարհն անառարկելիորեն նախընտրում էր դոլարին։ Կրկին վերածնվել է ոսկու դարաշրջանը, թեեւ շատ ու շատ տնտեսագետներ նախորդ դարի 90-ական թվականներին շտապեցին ոսկու մասին միայն ռեքվիեմներ հորինել։ Այդ կեղծ տեսությունների ազդեցության ներքո Հայաստանի Կենտրոնական բանկը 2003 թ. վաճառեց երկրի ոսկու ողջ պահուստը։ Բայց արի ու տես, որ ոսկու ունցիայի գինը ներկայում հասել է 1488 դոլարի, ու դեռ դա վերջը չէ։ Հեղինակավոր տնտեսագետների մի մասը գտնում է, որ ոսկու նմանօրինակ թանկացումը վառ արտահայտված բացասական ազդակ է դոլարի համար։ Ինչպես Die Welt գերմանական ամսագրում շատ ճիշտ նկատել է տնտեսագետներից մեկը՝ դոլարը ներկայում վստահության ճգնաժամ է ապրում։ Այսինքն՝ ներդրողներն այլեւս չեն հավատում, որ ապագայում դոլարը կիրականացնի համաշխարհային ֆինանսական համակարգի հենասյան իր դերը, ինչպես դա եղել է մի քանի տասնամյակ։ Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ աշխարհի խոշորագույն արտահանող երկրները (հատկապես Ասիայում) այլեւս չեն ցանկանում իրենց պահուստների գերակշիռ մասը պահել դոլարով։

Թե ինչը կփոխարինի դոլարին՝ յուանը, եվրոն կամ ոսկին՝ արդեն երկրորդական հարց է։ Մեզ՝ հայերիս, պետք է առավել մտահոգի դոլարի նկատմամբ այն կույր նվիրվածությունը, որ բումերանգի նման ապակայունացնում է մեր ֆինանսական համակարգը։ Այնպես, ինչպես ծերացած պառավի հետ ամուսնացողը չի կարող հույս ունենալ, որ երեխաներ կունենա, այնպես էլ մեր ֆինանսական համակարգի կույր նվիրվածությունը դոլարին մեզ ֆինանսական կայունության հույսեր չի պարգեւում։ Հայաստանի ֆոնդային բորսան հավանաբար միակ ֆինանսական հարթակն է աշխարհում, որտեղ բացի դոլարից ուրիշ արժույթ չի առաջարկվում ու չի պահանջվում։

Անշուշտ, չի կարելի միանշանակ պնդել, որ հայկական դրամը կարող է որպես ռեզերվային արժույթ փոխարինել դոլարին։ Իրականում, Կենտրոնական բանկի քայլերը նվազեցրել են վստահությունը դրամի նկատմամբ եւ անուղղակիորեն նպաստել տնտեսության դոլարիզացիային։ Այդպիսի քայլ էր, օրինակ, 2009 թ. դրամը ֆիքսելու արկածախնդրական քաղաքականությունը։

Սակայն մեր ներդրողները պետք է գոնե տեղեկացվեն, թե ինչպիսին են համաշխարհային միտումները, այլապես դոլարի փլուզումը Հայաստանի համար կարող է ֆինանսական ցնցում առաջացնել (Հայաստանում ֆինանսական ակտիվների կեսից ավելի դոլարային են)։

Այլ խոսքով՝ հայկական բիզնեսը պետք է ապահարզան պահանջի դոլարից, եւ սկսի ուշադրություն դարձնել նաեւ այլ արժույթներին, որ արտաքուստ նույնիսկ ավելի գայթակղիչ են։ Մենք պետք է հասնենք նրան, որ ֆինանսական ակտիվները դիվերսիֆիկացվեն եւ պետական, եւ մասնավոր հատվածներում։ Սա համաշխարհային ֆինանսական շուկաներից եկող բացասական ազդակների ազդեցությունը չեզոքացնելու ձեւերից մեկն է։


Սամվել Ավագյան

Apr 18, 2011

Շաքարավազն աշխարհում էժանանում է, Հայաստանում՝ թանկանում

Հանգստյան օրերին Հայաստանում գնային հերթական անակնկալն է գրանցվել՝ թանկացել է շաքարավազը։ Մանրածախ առեւտրի որոշ կետերում շաքարավազի գինը հասել է 410 դրամի՝ 1 կգ-ի դիմաց, մյուսներում դա միայն ժամանակի հարց է։

Մալաթիայի տոնավաճառում շաքարավազի կգ-ի մեծածախ գինը 380 դրամ է։

Շաքարավազի թանկացումն իսկապես կարելի է անակնկալ համարել, քանի որ միջազգային շուկայում սպասվում է գների անկում։ Bloomberg-ը հաղորդում է, որ Բրազիլիան կմեծացնի շաքարավազի առաջարկը, ինչի հետեւանքով գները կնվազեն։

Մարտից սկսած շաքարավազի գները միջազգային շուկայում անկման միտում ունեն։

Հատկապես արագ տեմպով է նվազում շաքարավազի հումքի գինը։ Իր գնային պիկին հասնելով փետրվարի սկզբին՝ շաքարավազի հումքը անշեղորեն էժանանում է;

Օրինակ՝ փետրվարի սկզբին շաքարավազի հումքը հասավ վերջին 30 տարում իր առավելագույն գնային մակարդակին՝ 32,09 ցենտ 1 ֆունտի ((0,4535 կգ)) դիմաց։ Վերջին տվյալներով՝ գինը տատանվում է 25 ցենտի սահմաններում։ Այսինքն՝ 2,5 ամսում առկա է մոտ 22 տոկոս գնի նվազում։

Հայաստանում այս վերջին 2,5 ամսում տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթաց։ Եթե հունվարի վերջին շաքարավազի 1 կգ-ի մանրածախ գինը 360 դրամ էր, ապա մարտին բարձրացավ եւս 20 դրամով, իսկ ապրիլին՝ եւս 30 դրամով։ Հանուն արդարության նշենք, որ Հայաստանում շաքարավազի գինը համեմատաբար ավելի էժան էր, քան հարեւան երկրներում։

Հիշեցնենք, որ 2010 թ. վերջից բացվել է Ախուրյանի շաքարավազի գործարանը, որն էլ հիմնականում բավարարում է տեղական շուկայի պահանջները։ Գործարանը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։

Փնտրվում են ֆերմերներ, որոնք կաշխատեն Սամվել Ալեքսանյանի հետ

Մի քանի օր շարունակ Հայաստանի գյուղնախարարության Շիրակի մարզային աջակցության կենտրոնը մարզային հեռուստաընկերություններով հրավիրում էր այն ֆերմերներ, ովքեր կցանկանան պայմանագրեր կնքել գործարար- պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանի հետ` ճակընդեղ ցանելու հարցում, այնինչ գյուղացիներից շատերը դա չեն ցանկանում:

«Այդ հայտարարության տեքստերն անգամ տպել-բազմացրել ենք ու Շիրակի մարզի տարբեր գյուղերում, հասարակական վայրերում ու գյուղապետարաններում փակցրել ենք, որպեսզի ֆերմերները տեսնեն ու պայմանագիր կապեն գործարանի հետ»,- ասել է Գյուղատնտեսության նախարարության Շիրակի մարզային աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ջիվան Ասլանյանը:

Այդուհանդերձ, Ախուրյանում առայժմ ճակնդեղի ցանք չի իրականացվել, թեպետ գյուղատնտեսների համոզմամբ` ճակնդեղ ցանելու ամենահարմար ժամանակը ապրիլի 2-րդ, 3-րդ շաբաթն է: «Դրանից հետո արդեն ուշ է, ինչն էլ կազդի հետագա բերքատվության վրա»,-ասել են Ախուրյանի գյուղատնտեսները` հավելելով, որ հետաքրքիր է իրենց հատկապես այն, թե ինչո՞ւ է գործարանի տնօրինությունը կամ գյուղնախարարությունը շահագրգռված, որ իրենք գումար աշխատեն:

«Մեզ ասում են`երբ ու ինչքան հումք կամենանք կներկրենք, միայն թե գյուղացուն խղճում ենք, ուզում ենք, որ փող դուք աշխատեք: Մի հարցնող չկա, թե մինչեւ հիմա ինչու չէիք խղճում, որ գյուղացուն խաբում, գցում ու թալանում էիք: Ես չեմ հավատում, ուղղակի շահագրգռված են, ու ուզում են անպայման իրանց ուզածին հասած լինեն ու մեզ ճակնդեղ ցանել տան: Այ մարդ հո զոռով չի՞, չենք ուզում էլի, չենք ուզում»,-ասել է ախուրյանցի գյուղատնտես Հակոբ Վարդանյանը:

Ատոմ Մաթեւոսյանն էլ է հրաժարվում ճակնդեղ մշակել, գերադասում է իր հողակտորներում հացահատիկ ցանել: «Մեկ հեկտարի մեջ, որ հաշվարկես 150 հազար դրամ եկամուտ էլ չի մնում, չեմ ուզում ռիսկի գնալ ու իրանց ասածի պես մեծ-մեծ գումարների տակ մտնեմ»:
Իսկ Ֆերդինանտ Պողոսյանը հրաժարվում է ճակնդեղ մշակել, «քանի որ դա իրենց է պետք»: «Գիտե՞ք, որն է «աբիդնին», որ երբ գյուղացին իրենց պետք է լինում հետեւներից ընկած համոզում են, աղաչում, թե մտածում ենք ձեր մասին, արի ճակնդեղ մշակի, իսկ մնացած ժամանակ լրիվ անտեսված ենք»,-ասել է գյուղատնտեսը:

Մսամթերք արտադրող ընկերությունները տուգանվեցին. նրանց վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից իրականացված դիտանցումների արդյունքում որոշ մանրածախ առեւտրի կետերում հայտնաբերվել են տարբեր ընկերությունների արտադրության մսամթերքի տեսակներ, որոնք շուկա են հանվել օրենքի խախտումներով:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, «Բարի սամարացի» ընկերության կողմից արտադրվող «Մոսկովսկայա» տեսակի ապխտած երշիկների փաթեթավորման վրա բացակայում են արտադրության տարեթիվը, ամիսը, օրը: Նույն կերպ իրենց արտադրատեսակները շուկա են հանել «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» («Սերվիլատ»), «Մարիլա» ընկերությունը («Սերվիլատ»), «Աթենք» ընկերությունը («Բրաունշվեյգսկայա »), «Երեմկան» («Զեռնիստայա»), «Գամջալյան եղբայրները» («Կոնյաչնայա»), «Էրեբունի աստղ» ընկերությունը («Կոնյաչնայա»), «Ջրվեժի մսամթերքի կոմբինատը» («Կոնյաչյնայա»), «Ա. Բիլյան» ընկերությունը («Ս երվելատ»), «Մուշը» («Կռակովսկայա») եւ «Արարատ» արտադրական կոոպերատիվը («Կոնյաչնայա»):

Վերոնշյալ ընկերությունների կողմից ոչ պատշաճ մակնշումը օրենքի խախտում է, որը կարող է ապակողմնորոշել սպառողին:

Տնտեսվարողի կողմից նման վարքագիծը, որը կարող է մոլորեցնել հասարակությանը համարվում է անբարեխիղճ մրցակցություն: Տվյալ դեպքում մոլորեցում է համարվում այն, որ վերոնշյալ ընկերությունների կողմից արտադրված երշիկների փաթեթավորման վրա բացակայում է արտադրության տարեթիվը, ամիսը եւ օրը:

Այսօր՝ ապրիլի 18-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշվել է անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար վերոնշյալ ընկերություններին տուգանել 500 հազարական դրամի չափով, որն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է: Բացի այդ, Հանձնաժողովի որոշմամբ, տուգանված ընկերությունները պարտավոր են 5-օրյա ժամկետում հանել նշված արտադրատեսակները շրջանառությունից եւ հետագայում բացառել օրենքի խախտումը:

Ադրբեջանը հայկական ատոմակայանի հարցով բողոքելու է ԵԽԽՎ-ին ու Մագատեին

Վերջին շրջանում Ադրբեջանը ակտիվացրել է ջանքերը հայկական ատոմակայանի դեմ ուղղված քարոզչությունում` փորձելով քաղաքական նպատակներով օգտագործել ճապոնական Ֆուկուսիմա ատոմակայանի վթարից հետո ատոմակայանների հանդեպ միջազգային հանրության մտահոգությունները:

Day.az-ի փոխանցմամբ`ադրբեջանական գերատեսչությունները նյութեր են նախապատրաստում Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին` դրանք ՄԱԳԱՏԵ-ին փոխանցելու նպատակով; Ընդ որում` այդ աշխատանքին լծվել են միանգամից 2 նախարարություններ` արտաքին գործերի ու բնապահպանության:

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովը եւս նմանատիպ մի նամակ է տարածել: Այդ նամակում նա գրել է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է ԽՍՀՄ Ատոմային էներգետիկայի կոմիտեի նախագահ Անդրանիկ Պետրոսյանի լոբբիստական ջանքերի շնորհիվ: Սակայն Հուսեյնովի երեւակայությունն ավելի հեռուն է գնացել` նա Հայաստանին մեղադրել է բնապահպանական ագրեսիայի մեջ` իբր միջուկային թափոնները լցվում են դեպի Ադրբեջան հոսող գետերը, կամ թաղվում, իր խոսքերով` «օկուպացված տարածքներում»:

Հիշեցնեննք, որ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ավելիի վաղ եւս մտահոգություն էր հայտնել Հայկական ատոմակայանի վերաբերյալ: Դրան ի պատասխան Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը  ասել է, որ Հայկական ատոմային էներգաբլոկը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի ամենօրյա մոնիտորինգի տակ, եւ կարող է փակվել միայն այն դեպքում, երբ անվտանգության հետ կկապված խնդիրներ առաջանան: «Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից»,- նշել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:

Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970 թ.; 1988 թ.` Սպիտակի երկրաշարժից հետո ժամանակավորապես կանգնեցրել է աշխատանքը: 1995 թ. ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը վերսկսել է էներգիայի արտադրությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին:

Վրաստանը 5 ժամով բացել է Վերին Լարսի անցակետը

Վրացական կողմը հինգ ժամով բացել է Վերին Լարսի անցակետը` ռուսական կողմից կուտակված տարանցիկ տրանսպորտի անցումը թույլ տալու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության ղեկավար Յուլյա Ստարչենկոն:

«Ճանպարհը բաց է լինելու ժամը 7.00 -12.00-ը (երեւանյան ժամանակով ժամը 8.00-13.00-ը) »,-ասել է նա:

Նախարարությունը կոչ է արել ձեռնպահ մնալ այդ ճանապարհով երթեւեկել նրանց, ովքեր սահմանին չեն, քանի որ մի քանի ժամից անցակետը կրկին փակվելու է:

Նշենք, որ «Վերին Լարսն» արդեն մի քանի օր փակված է հեղեղների հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով: Արդյունքում անցակետում կուտակվել էին մի քանի ավտոբուսներ, երթուղայիններ եւ մարդատար ավտոմեքենաներ` հիմնականում տարանցիկ ավտոտրանսպորտը, որոնցում Հայաստանի մոտ 80 քաղաքացիներ կան:

«Կազբեկ-Վերին Լարս»-ը միակ պաշտոնական անցակետն է վրաց-ռուսական ցամաքային սահմանի տարածում: Անցակետը երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ից: Այն փակվել էր 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից առաջ:

Հայաստանի համար «Վերին Լարսը» հիմնական ավտոտարանցային կետն է, որով իրականացվում են բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Թուրքիայում երիտասարդ ընտանիքները բնակարան ձեռք կբերեն առանց կանխավճարի եւ տոկոսադրույքի

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե արդեն սկսվել է երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի, առանց տոկոսադրույքի եւ մինչեւ 25 տարի մարման ժամկետով բնակարաններ տրամադրելու ծրագիրը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Էրդողանը նշել է, որ այդ ծրագիրը բոլորին հասու է լինելու, քանի որ կառավարությանը կից TOKI շինարարական ընկերությունը տարեկան 1 մլն բնակարան է կառուցում, իսկ Թուրքիայում տարեկան գրանցվում է 500 հազար ամուսնություն:

Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ երիտասարդ ընտանիքները բնակարանի անտոկոս վարկի մարման համար վճարելու են ամսական 100 լիրայից սկսած`(70 դոլար) կախված բնակարանի արժեքից:

Apr 15, 2011

Վրաստանն ակնկալում է զբոսաշրջիկների մեծ հոսք Հայաստանից

2011թ Վրաստանը երեք անգամ ավելի շատ զբոսաշրջիկներ է ակնկալում Հայաստանից, քան նախորդ տարի էր: Իսկ նախորդ տարի Վրաստանի սեւծովյան հանգստավայրեր էին այցելել մոտ 50 հազար զբոսաշրջիկներ, գրել է «Բիզնես, Վրաստանը»: Հիմնականում եկել էին երկաթուղով, այդ իսկ պատճառով էլ երկու երկրների երկաթուղային ընկերությունների ղեկավարությունները սկսել են ակտիվորեն նախապատրաստվել նոր զբոսաշրջային տարվան:

Մասնավորապես, 2011 թ հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ամեն օր կաշխատի 202/201 Երեւան-Բաթումի-Երեւան նոր ուղեւորային գնացքը: Բացի այդ, 2011 հուլիս 15-օգոստոս 25ը ծրագրվում է մտցնել Երեւան-Բաթումի-Երեւան ուղեւորատար գնացք 402/401-ը, որը կգործի շաբաթական երկու անգամ:

Մինչեւ մայիսի 15-ը նախատեսվում է անցկացնել հանդիպում երկու երկրների մաքսային եւ սահմանային ծառայությունների ներկայացուցիչների հետ` համաձայնության գալու նոր փոխադրումների հետ կապված, նշել է երկաթուղին:

Այս տարի արդեն Հայաստան են այցելել ավելի քան 31 հազար իրանցիներ

2011 թվականի առաջին եռամսյակին Հայաստան են այցելել ավելի քան 31 հազար իրանցիներ։ Ապրիլի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ ավելացնելով, որ Հայաստան ժամանող իրանցիների հոսքը տարեցտարի ավելի է մեծանում։

Նրա խոսքով, միայն մարտին, երբ իրանցիները նշում են Նովրուզը, Հայաստան է այցելել ավելի քան 28 հազար իրանցի։ Միաժամանակ Ապրեսյանը նշեց, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մեր երկիր ժամանել է 25 հազար զբոսաշրջիկ։

Ապրեսյանը նաեւ նշեց, որ իրանցի զբոսաշրջիկների շրջանում սոցհարցում է անցկացվել, որին մասնակցել է 101 մարդ։ Համաձայն հարցման արդյունքների՝ Իրանից Հայաստան ժամանում են հիմնականում 30-40 տարեկան անձինք։ Զբոսաշրջիկների 70 տոկոսը գալիս է ընտանիքների հետ։

Հարցին, թե կցանկանայի՞ն կրկին այցելել Հայաստան կամ խորհուրդ կտայի՞ն իրենց բարեկամներին գալ այստեղ, 72 մարդ դրական պատասխան է տվել։ Համաձայն սոցհարցման՝ 10 օրվա ընթացքում յուրաքանչյուր իրանցի զբոսաշրջիկ միջինը 1600 դոլար է ծախսում։

ԱՄՆ-ը Վրաստանին 87 մլն դոլար կհատկացնի

ԱՄՆ կառավարությունն այս տարի պատրաստ է Վրաստանին 87 մլն դոլար հատկացնել:

Ինչպես հաղորդում է «Բիզնես Գրուզիա»-ն, որոշումը հնչեցվել է ԱՄՆ կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է միջազգային ֆինանսական օգնության հարցը:

Նիստի մասնակիցները Վրաստանն անվանել են ԱՄՆ-ի համախոհ եւ երկրի հաջողակ մոդել: Կոնգրեսական Դեն Բարթոնը հայտարարել է, թե այդ երկրում ներդրված գումարները կոնկրետ արդյունքներ են տալիս:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites