May 2, 2011

Քսանհազարանոցը ամենատարածված թղթադրամն է Հայաստանում

Քսանհազարանոց թղթադրամը կանխիկ դրամի շրջանառության մեջ ունի ամենամեծ տեսակարար կշիռը: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2010 թ. տարեկան հաշվետվության մեջ: Ընդ որում` քսանհազարանոցների տեսակարար կշիռը վերջին տարիներին անընդհատ աճում է, եւ 2010 թ. վերջում արդեն հասել է մոտ 48 տոկոսի:

Երկրորդ տեղում տասհազարանոցներն են` 25 տոկոս, սակայն այս թղթադրամների տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ 2.5 տոկոսային կետով նվազել է:

Փոխարենը` աճ է արձանագրվել հարյուրհազարդրամանանոց թղթադրամների ծավալում` ընդհանուրի 4.1 տոկոսը, նախորդ տարվա 1.8 տոկոսի համեմատ:

Հինգ հազար անվանական արժեքով թղթադրամներին բաժին է ընկնում ընդհանուր շրջանառության 10.2 տոկոսը, այստեղ եւս առկա է տեսակարար կշռի նվազում 1.7 տոկոսային կետով:

Թղթադրամների մեջ ամենաքիչը հազարդրամանոցներն են` ընդամենը 4.2 տոկոս, ընդ որում` նախորդ տարվա համեմատ տեսակարար կշռի փոփոխություն տեղի չի ունեցել: Անգամ քիչ գործածական հիսունհազարանոց թղթադրամները ավելի մեծ կիրառություն ունեն` ընդհանուրի մոտ 5 տոկոսը:

Նշենք, որ 2010 թ. վերջում շրջանառության մեջ էին մոտ 348 մլրդ ծավալով թղթադրամներ` նախորդ տարվա 320 մլրդ-ի համեմատ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites