May 18, 2011

«Հայաստան» հիմնադրամը տեսահոլովակների մրցույթ է հայտարարում. պրեմիերան «Հեռուստամարաթոն-2011»-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայ երգարվեստի գործիչներին հրավիրում է իրենց նոր երգերի տեսահոլովակներով մասնակցել «Հեռուստամարաթոն 2011»-ին:

Նպատակ ունենալով խթանել հայ երգարվեստը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ` Հիմնադրամը, ի թիվս իր հաշվետու, սոցիալական եւ գովազդային տեսահոլովակների, «Հեռուստամարաթոն 2011»-ի 12-ժամյա եթերի ընթացքում նախատեսում է նաեւ հեռարձակել մի շարք նոր երգերի տեսահոլովակներ:

Այս կապակցությամբ, Հիմնադրամը հայտարարում է նոր գրված երգերի տեսահոլովակների հայտերի ներկայացման մեկնարկը` հնարավորություն ընձեռելով հայ երգիչ-երգչուհիներին իրենց տեսահոլովակների առաջին ցուցադրությունն իրականացնել Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2011-ի հեռարձակման ընթացքում: Հայտնի է, որ Հիմնադրամի հեռուստամարաթոնը յուրաքանչյուր տարի կաբելային, արբանյակային, ինտերնետային հեռարձակմամբ սփռվում է բոլոր մայրցամաքներում եւ լսելի ու տեսանելի է աշխարհի բոլոր անկյուններում:

Տեսահոլովակների ընտրությունը վերապահվում է հեռուստամարաթոնի կազմակերպման ստեղծագործական խմբին: Հայ երգարվեստի արդեն հայտնի անունների կողքին Հիմնադրամը ողջունում է նաեւ շնորհալի երիտասարդ երգիչ-երգչուհիների մասնակցությունը Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, եթե նրանց կողմից ներկայացված տեսահոլովակները համապատասխանում են ստեղծագործական խմբի սահմանած չափանիշներին:

Հայտերի ներկայացման համար պարտադիր են հետեւյալ պայմանները.

- Տեսահոլովակներ կարող են ներկայացնել Հայաստանի, Արցախի կամ սփյուռքի երգիչ-երգչուհիները,

- Կդիտարկվեն տարբեր լեզուներով եւ ամենատարբեր թեմաներով երգերը, սակայն նախապատվությունը կտրվի հայրենասիրության թեմաներով երգերին,

- Տեսահոլովակի տեւողությունը չպետք է գերազանցի 4 րոպեն,

- Ներկայացվող տեսահոլովակները պետք է պատրաստված լինեն HD որակային չափանիշով,

- Տեսահոլովակները Հիմնադրամ պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2011թ. հոկտեմբերի 1-ը :

Հիմնադրամը որեւէ նյութական մասնակցություն չի բերում տեսահոլովակների պատրաստմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել stepan@armeniafund.org ` հեռուստամարաթոնի երաժշտական արտադրիչ Ստեփան Փարթամյանին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites