May 4, 2011

«Երրորդ ուժի» որոնումներով

Ըստ մամուլի, տարբեր քաղաքական շրջանակներում քննրակվում են նոր քաղաքական ուժեր կամ միավորումներ ստեղծելու գաղափարներ: Մասնավորապես, տարբեր գործիչներ արդեն հասկացել են, որ ապագա խորհրդարանի պատկերը արդեն իսկ որոշված է, և մի շարք ուժեր պարզապես հնարավորություն չունեն հայտնվելու ապագա խորհրդարանում:

Դա է պատճառը, որ նրանք որոշել են նոր միավորումներ ստեղծել, որը իր մեջ կհամախմբի այս կամ այն դաշտում հայտնի գործիչների, որոնք այս պահին չեն զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, բայց որպես գործիչներ բավականին հայտնի են:

Ըստ լուրերի, այս ամենով հիմա զբաղվում է «Ժառանգություն» կուսկացության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, որը նպատակ ունի նոր ստեղծվելիք ուժում միավորել նաև ՀԱԿ-ը լքած մի շարք գործիչների, մասնավորապես` Ալեքսանդր Արզումանյանին, Խաչատուր Քոքոբելյանին, Կարապաետ Ռուբինյանին, Արարատ Զուրաբյանին, Մարինե Պետրոսյանին և այլոց:

Այն, որ նման գաղափարներ քաղաքական դաշտում վաղուց էին շրջում, ամենևին էլ նորություն չէ: Բայց որ բանը կարող է հասնել նրան, որ ՀՀՇ-ականների հետ հասկանալի տարաձայնություններ ունեցող Ռուբեն Հակոբյանը կարող է գնալ նրանց հետ միավորում ստեղծելու քայլին, իհարկե զարմանալի է:

Բայց, ինչպես ասում են, քաղաքականության մեջ անձնական հարաբերությունները տեղ չունեն, և սույն գործիչը որոշել է այնուամենայնիվ քայլ անել:

Հիշեցնենք, որ սա արդեն որերորդ փորձն է ստեղծելու այսպես կոչված «երրորդ ուժը», ինչի անհրաժեշտության մասին կոչեր և առաջարկներ են հնչում ամենատարբեր ճամբարներից, բայց «սայլը դեռ տեղից չի շարժվում»:

Թե Ռուբեն Հակոբյանի նախաձեռնությունը որքանով օգտավետ կլինի և կստեղծվի՞ արդյոք «երկար սպասված» երրորդ ուժը, ցույց կտա ժամանակը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites