May 6, 2011

Հեղինե Բիշարյանը մեկնաբանում է իր` գործարանի տնօրեն նշանակվելու մասին լուրերը

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հերքում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Աշտարակի Ոսկեվազ գյուղում գտնվող գինու-կոնյակի գործարանում իր տնօրեն նշանակվելու մասին լուրերը:

«Այդ գործարանն ունի տնօրեն եւ ես այդ անհեթեթ, սուտ, կեղծ, շինծու թեմաները չեմ մեկնաբանում»,-  ասաց Բիշարյանն ու հավելեց. «Նման առաջարկություն չի եղել, դա սուտ, կեղծ ինֆորմացիա է, որն ուղղակի մեկնաբանման կարիք չունի»:

Հարցին, թե եթե լինի առաջարկ, կհամաձայնե՞ք, ՕԵԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Եթե չկա տենց բան, ինչի՞ն համաձայնես»:

Նշենք, որ «ՉԻ»-ն օրերս գրել էր, որ Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, իր գործարանի տնօրեն նշանակի Հեղինե Բիշարյանին: «Արթուր Բաղդասարյանը գործարանի ղեկն ամենասկզբում վստահեց կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին, ապա դժգոհ մնաց ձեռնարկատիրական նրա ջիղից եւ իր բիզնեսի բախտը հանձնեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանին: Ավոյանն էլ չկարողացավ «Հայասին» հասցնել «Հեննեսիի» մակարդակին: Նրան փոխարինեց Ազգային ժողովն իր ներկայությունից ազատած Արծրունի Աղաջանյանը: Մեր տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանն անհաջող է համարում նաեւ այս նշանակումը: Թե ո՞վ կլինի գործարանի նոր տնօրենը, առայժմ որոշված չէ: Բայց կարծիք կա, որ լավագույն թեկնածուն Հեղինե Բիշարյանն է. ոչ ոք նրանից լավ չի պաշտպանի Արթուր Բաղդասարյանի բիզնես-շահերը»,- գրել էր թերթը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites