May 5, 2011

Հայաստանում ճապոնական արտադրության մեքենաների դեֆիցիտ է սպասվում

Ճապոնիայում տեղի ունեցած աղետի տնտեսական հետեւանքները շուտով հնարավոր է զգացվի նաեւ Հայաստանում։ Բանն այն է, որ նոր մեքենաների հայաստանյան ավտոշուկայում առաջատար դիրքեր ունեն հենց ճապոնական մեքենաների բրենդները։ Հայաստանում շատերն են գերմանական շքեղ եւ թանկագին «Mercedes», «BMW» մեքենաների սիրահարներ, բայց բոլորի գումարը չէ, որ բավարարում է գնել այդ մեքենաները, եւ հայ սպառողի ընտրությունը կանգ է առնում նույն դասի ճապոնական, ապա նաեւ հարավկորեական բրենդների վրա։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 20 հազ. մեքենա։ Որոշ տվյալներով, ներմուծված ավտոմեքենաների մոտ 45 տոկոսը՝ 9000 մեքենա նոր են։ Նոր մեքենաների մոտ մեկ երրորդը ներկրում են պաշտոնական ներկայացուչությունները (դիլերները)։

Ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ 2009-10 թ.թ. հայաստանյան ավտոմեքենաների վաճառքի շուկայում մեծ անկում էր գրանցվել։ «Այս տարի ավտոմեքենաների վաճառքում 40-50 տոկոս աճ է սպասվում, եւ բնականաբար դա կազդի նաեւ ճապանական բրենդների սեգմենտի վրա, սակայն տեղի ունեցած աղետի պատճառով Ճապոնիայի ավտոարտադրությունը 51 տոկոս անկում է ապրել։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ մեքենաների եւ ավտոմասերի գործարանները Ճապոնիայում կշարունակեն հզորության կիսով չափ աշխատել մինչեւ օգոստոս։ Սա նշանակում է, որ, եթե հայաստանյան ներկայացուցչությունները ժամանակին մի քանի ամսվա սպառման համար նախատեսված մեքենաներ չեն ներկրել, ապա կկանգնեն ճապոնական արտադրության մեքենաների դեֆիցիտի փաստի առաջ»,-ասաց Suzuki-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ռոյալ մոթորս» եւ Mazda-ի ներկայացուցիչ «Թօփ մոթորս» ընկերությունների վաճառքի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը։

Ըստ նրա, հնարավոր է ներկայացուցիչները վենդերների հետ ֆրանչայզինգի պայմանագիր ունենան, եւ այդ դեպքում ճապոնական բրենդների դեֆիցիտի ռիսկը կնվազի, քանի որ այդ դեպքում վենդերը պարտավորված կլինի չանտեսել հայաստանյան սպառողի շահը։

Ըստ Հովսեփյանի, ճապոնական բրենդները, մասնավորապես՝ Toyota-ի, Nissan-ի, Mazda-ի հայտնի եւ մեծ պահանջարկ ունեցող մոդելները Հայաստան ներկրվում են հենց Ճապոնիայից, հետեւաբար շուկայում այս մեքենաների մասով առաջարկը շուտով կզիջի պահանջարկին։ «Mazda-ի ներմուծման հետ կապված խնդիր կլինի, չնայած դեռեւս ավտոսրահում կան մոդելներ, իսկ Suzuki-ի մոդելների ներմուծուման խնդիրներից մեր ընկերությունը ապահովագրված է, քանի որ բացի Grand Vitara մոդելից, մնացածն արտադրվում են Հունգարիայում, որտեղից էլ «Ռոյալ մոթորսը» ներմուծում է մեքենաները»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի մեքենաների շուկայում դիրքերն ամրապնդելու համար զեղչերի քաղաքականություն է սկսել։ «Մենք համեմատաբար նորաբաց ընկերություն ենք, եւ շուկայում բավարար դիրք գրավելու համար ակտիվ եւ երբեմն վաճառքի ագրեսիվ քաղաքականություն պետք է իրականացնենք, բացի դրանից այս տարի 40-50 տոկոս աճ է ակնկալվում, իսկ ճապոնական մեքենաների սեգմենտում հնարավոր է դեֆիցիտ արձանագրվի։ Այս տարի ավելի շատ մարդիկ մեքենա գնելու հնարավորություն ունեն, քան նախորդում, բայց իրենց նախընտրած մեքենան չի լինելու։ Այդ վակումը լրացնելու համար ստեղծել ենք ապառիկի շատ լավ պայմաններ, եւ շահեկան դիրքում ենք հայտնվել ներմուծման մասով»,-ասաց Հովսեփյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում գնորդները աստիճանաբար հրաժարվում են ավտոմեքենաների երկրորդային շուկայից, նախընտրելով նորը գնել։ «Սրահից նոր մեքենայի գնորդը վստահ է, որ մեքենան առաջիկա երեք տարվա ընթացքում չի խափանվի, իսկ խափանվելու դեպքում ընկերությունը կփոխհատուցի։ Այսինքն՝ աննախադեպ ծախսի ռիսկայնություն չկա, իսկ օգտագործած մեքենա գնելիս ոչ ոք ապահովագրված չէ, որ մեքենան հաջորդ օրը հնարավոր կլինի օգտագործել»,- նշեց Հովսեփյանը։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites