May 5, 2011

Ռոզա Ծառուկյանը էժան դեղորայք է առաջարկում Շիրակի մարզի մեղվաբույծներին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը հորդորել է մեղվաբույծներին դեղորայք գնել Ծառուկյանների խանութից: Մայիսի 4-ին Շիրակի մարզի մեղվաբույծների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արել է Ռոզա Ծառուկյանը`հավելելով, որ նրանք, ովքեր դեղորայք կգնեն մինչեւ դեկտեմբեր ամիսը, նրանց համար զեղչեր կլինեն:

Շիրակի մարզում մեղվաբույծները դժգոհել են, որ արտադրողի համար ստեղծված պայմանները նպաստավոր չեն: «Նախորդ տարիների համեմատ մարզում կրճատվել է մեղվաընտանիքների թիվը: Ներքին արտադրողը պաշտպանված չէ, չկա նաեւ իրացման շուկա: Մեղվաբուծությունը զարգացնելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ»,-ասել է Շիրակի մարզի Թավշուտ համայնքի միակ մեղվապահ Անդրանիկ Նուրիջանյանը` մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահի հետ քննարկման ժամանակ:

«Խոսում են գյուղատնտեսության զարգացման մասին, պետությունը ուշադրություն է դարձնելու նաեւ մեղվաբույծներին, բայց խնդիրը, տարիներ շարունակ մնում է չլուծված: Եթե մթերքը իրացնելու խնդիրը չի լուծում նույն ազգային ֆեդերացիան, ինչի՞ մասին է խոսքը: Հանդիպումները ավելի շատ նախընտրական քարոզարշավ են հիշեցնում, քան թե մեղվապահների խնդրով մտահոգված ղեկավարների այցելություն»,-ասել է շիրակցի մեղվապահ Անուշավան Մակարյանը:

Նշենք, որ այնքան մեծ է եղել շիրակցի մեղվապահների դժգոհությունն ու բողոքը, որ հյուրերը մեղմ ասած անակնկալի են եկել, իսկ հանդիպման վերջում Ռոզա Ծառուկյանը զայրացած տոնով հայտարարել է, որ շիրակցի մեղվապահներին է թվում, թե անկում է գրանցվել ոլորտում: «Անկումների հիմնական պատճառը ձեր անուշադրությունն է, մեր ոչ պրոֆիլակտիկ միջոցառումների կիրառումը»,-ասել է Ռոզա Ծառուկյանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites