May 18, 2011

Գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւս 2 ամսով կալանավորեցին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` մայիսի 18-ին վճռեց եւս երկու ամսով կալանավորել Հովհաննես Թամամյանին:

Ինչպես դատարանից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստում լսվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, որով քննիչը միջնորդում էր եւս երկու ամսով երկարաձգել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը:

Դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրեց Թամամյանի կալանքը:

Ի դեպ, Հովհաննես Թամամյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին, եւ նիստը կայացել է առանց նրա:

Ավելի վաղ հայտնի էր, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites