May 17, 2011

«Օդնոկլասնիկի»-ի պատճառով մահվան դեպքի դատաքննությունը վերսկսվել է

Գյումրիում վերսկսվել է «Օդնոկլասնիկի գործով» մահվան դեպքի դատաքննությունը: Այս գործով արդեն երրորդ անձն է հայտնվել մեղադրյալի աթոռին`19-ամյա Սերգեյ Մխիթարյանը, ով ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմիններին: Նրան եւս առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 6-րդ եւ 14-րդ կետերի հատկանիշներով (Ծանր մարմնական վնասվածքների հետեւանքով առաջացած մահ):

Խոսքը 2010թ. ապրիլի 15-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով եւ «Օդնոկլասնիկի գործ» անունով հայտնի աղմկահարույց գործի մասին է: Անչափահասների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել, ապա մոտ 10 օր անց Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել էր 17 ամյա Տիգրան Թադեւոսյանը: Վերջինս սոցիալական կայքում շփվել էր Լիդա Ենգիբարյանի հետ եւ արտահայտություն արել վերջինիս հասցեին: Վերջինիս բարեկամներն էլ որոշել էին պաշտպանել աղջկա վիրավորված պատիվն ու ծեծի էին ենթարկել Թադեւոսյանին: Ծեծկռտուքի երկու մասնակիցները` Սամվել Սարգսյանն ու Վալերի Աբրահամյանն ավելի վաղ դատապարտվել էին ազատազրկման, իսկ Սերգեյ Մխիթարյանը տեւական ժամանակ հետախուզման մեջ էր:

Դատարանը այժմ դատաքննություն է իրականացնելու` պարզելու վիճաբանության ու ծեծկռտուքի մեջ ներքաշված բոլոր կողմերին:

«Ես կարծում եմ, որ նախաքննական մարմինները գործը քննել են կանխակալ: Ոչ օբյեկտիվ, ոչ հիմնավոր մեղադրանք է ներկայացվել, որոշ փաստեր ու փաստարկներ հաշվի չեն առնվել»,-դատաքննության ընթացքում հայտարարել է ամբաստանյալի շահերի պաշտպանը` միջնորդելով փոխել ընտրված խափանման միջոցը եւ կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ գրավի հատուցման որոշում: Սակայն միջնորդությունը մերժվել է, դատարանը որոշում է կայացրել քննել գործը` ելակետ ունենալով սահմանված խափանման միջոց կալանքը:

«Հո ես չեմ ասում` նման բան չի եղել, հնարավոր է եղել է, բայց իմ տղան չի մասնակցել: Գիտեք նրան ինչու են ներքաշել, որպեսզի հիմնական մեղավորին`Լիդա Եդիգարյանին, ում դրդմամբ կայացել է վեճը, դուրս թողնեն: Նա հարցաքննվում է պարզապես որպես վկա, բայց այս գործի հիմքում ինքն է եղել, նրա պատճառով է խնդիրը ծագել: Ու գիտեք ինչո՞ւ, որովհետեւ Լիդան բարձրաստիճան բարեկամներ ունի»,- ասել է Սերգեյ Մխիթարյանի մայրը`Գայանե Մխիթարյանը:

Իսկ տուժողի իրավահաջորդ`մահացած Տիգրան Թադեւոսյանի մայրը` Ջավահիր Սերոբյանը բազմիցս է հայտարարել, որ գնալու է մինչեւ վերջ, որպեսզի պատժվեն որդու մահվան առնչությամբ կապ ունեցող բոլոր անձինք:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites