May 31, 2011

Վատ լուր սուրճի սիրահարների համար. սուրճը շարունակում է թանկանալ

Երեւանյան խանութներում անցյալ շաբաթ շարունակվել է սուրճի թանկացումը` միջինը 4-5 տոկոսով, իսկ բարձրորակ սուրճի որոշ տեսակներ` ավելի շատ: Օրինակ` «Նեստլե» բրազիլիական հատիկավոր սուրճի 1 կգ-ը արդեն արժե 2400 դրամ` նախկին 2300 դրամի համեմատ: Նշենք, որ հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունի «Կաֆե դյու բրազիլը», որին, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստրի` պատկանում է շուկայի իրացման ծավալների մոտ 35.2 տոկոսը:

Համեմատաբար կայուն են գները աղացած սուրճի շուկայում, որտեղ խոշոր մասնաբաժիններ ունեն «Գրանդ քենդին», «Ռիո Գրանդեն» եւ «Ալեքս Գրիգը», թեեւ նրանց տեսականին էլ չի խուսափել ոչ մեծ գնաճից: Սակայն այս գնային կայունությունը խաբուսիկ է: Իրականում այդ ընկերությունները կանաչ սուրճ միջազգային շուկայից ձեռք են բերում թանկ գնով, սակայն տարբեր հավելումների շնորհիվ կարողանում են գինը չբարձրացնել, փոխարենը տուժում է սուրճի որակը:

Իրավիճակը բարվոք չէ հատկապես լուծվող սուրճի շուկայում: Ըստ ՏՄՊՊՀ-ից ստացված տեղեկատվության` մի քանի օր առաջ այստեղ վարույթ է հարուցվել «Մոկոնաթ» ընկերության հանդեպ, որին պատկանում է իրացման ծավալների մոտ կեսը: Չի բացառվում, որ ընկերությանը մեղադրանք հարուցվի գնային չարաշահումների համար: Նշեենք, որ ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաեւ բրնձի, սառեցված ձկների եւ ներմուծվող սառեցված մսի շուկայում:

Ընդհանուր առմամբ` սուրճը զգալի թանկացել է նաեւ միջազգային շուկայում: Միջազգային գնաճը հիմնականում պայմանավորված է «Արաբիկա» սորտի թանկացմամբ, ինչպես նաեւ` զարգացող երկրներում (Հնդկաստան, Չինաստան Ինդոնեզիա) սուրճի նկատմամբ պահանջարկի աճով: Վերջին 7 ամսվա ընթացքում սուրճի միջազգային գներն աճել են գրեթե կրկնակի: Ի դեպ` առաջին անգամ սուրճի 1 ֆունտի (0.45 կգ) գինը 1977 թ. հետո գերազանցել է 3 դոլարի մակարդակը: Բրազիլիայում, որին բաժին է ընկնում սուրճի համաշխարհային արտադրության մոտ մեկ երրորդը, սպասում են սուրճի բերքի կտրուկ անկում` կապված առատ անձրեւների հետ: Իսկ այս հանգամանքը չի բացառում, որ առաջիկայում սուրճը կարող է շարունակել թանկանալ:

Առայժմ սուրճի թանկացում չի նկատվում երեւանյան սրճարաններում, սակայն սա այն պատճառով, որ մատուցվող սուրճի ինքնարժեքում հում սուրճը մեծ տեսակարար կշիռ չունի: Սակայն չի բացառվում, որ սրճարանային սեզոնի պիկի շրջանում ականատես լինենք նաեւ սրճարանային գների բարձրացման:

Սամվել Ավագյան

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites