May 10, 2011

Պուտին - Մեդվեդեւ տարաձայնություններ. խա՞ղ, թե՞ իրականություն

Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Քեթի Լալիի հոդվածը, որը հրապարակվել է The Washington Post-ում:

Գաղտնիության քողի տակ կառավարվող երկրում նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ քաղաքական դիսկուրսը հասել է վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի յուրաքանչյուր դիտողության մանրակրկիտ վերլուծմանը:

«Ես կարծում եմ, որ ոչ մի մրցակցություն չկա: Մեր քաղաքականությունը թատրոն է: Կան ռեժիսորներ եւ սցենար: Եվ, ինչ-որ պատճառներով նրանք սիրում են, որ հասարակությունը խոսում է հակամարտության մասին»,- ասում է Պուտինի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ, Գիտությունների ակադեմիայի սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան, որն ուսումնասիրում է երկրի իշխող վերնախավը:

Կարնեգիի մոսկովյան կենտրոնի առաջատար աշխատակից Լիլիա Շեւցովան վարչակազմի քննադատաներից է եւ զարմանալի է, որ կիրառում է նույն բառապաշարը եւ նմանատիպ եզրակացություն է անում:

«Ոչ մի քաղաքականություն չկա: Քաղաքականություն կա այնտեղ, որտեղ կան անկախ լրատվամիջոցներ, ուշադիր դիտողներ եւ անկանխատեսելի սցենար: Հետաքրքիր է, որ Կրեմլը խրախուսում է այդ հեքիաթները»,- ասում է Շեւցովան:

«Ես կարծում եմ, որ այժմ գրեթե այնպես է, ինչպես խորհրդային ժամանակներում: Մեդվեդեւը Պուտինից ժառանգություն ստացած 75 չինովնիկներից ազատել է միայն երկուսին»,- նշում է Կրիշտանովսկայան եւ, մեկնաբանելով Պուտինի ազդեցությունն ու նախագահի ունեցած իշխանությունը, ասում է. «Մեդվեդեւը գեներալ է առանց բանակի»:

Շեւցովան նույնպես նմանություն է տեսնում Լեոնիդ Բրեժնեւի ժամանակների եւ այսօրվա «կրեմլենոլոգիայի» միջեւ:

«Այժմ, ինչպես եւ այն ժամանակ մենք ունենք անձնավորված իշխանություն: Մենք բոլորս ստիպված ենք լինել կանխատեսող եւ գուշակել, թե ով է վարագույրի ետեւում»,- ասում է Շեւցովան:

Պուտինը նախագահեց 2000 թվականից մինչեւ 2008 թվականը: Սահմանադրական սահմանափակումների պատճառով նա երրորդ անգամ չառաջադրվեց: Նա ընտրեց իր աշխատակազմի նախկին ղեկավար Մեդվեդեւին, որը ոչ միայն դարձավ ժառանգորդ, այլեւ Պուտինին նշանակեց վարչապետ:

Այդ օրվանից բոլորը քննարկում են ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալու, նախագահի պաշտոնում ամրապնդվելու, վստահություն ձեռք բերելու Մեդվեդեւի հնարավորությունը եւ Պուտինի առաջադրվելու հավանականությունը: Այդ համատեքստում ակտուալ է պառակտման թեման:

Այդ երկու տամարդիկ կոլորիտային անձնավորություններ: Մեդվեդեւը, որն ընտրվել է իբրեւ լիբերալ, Արեւմուտքի սրտով է: Նա քննադատում է դատական համակարգը, խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ, կոչ է անում տեխնոլոգիաների զարգացման եւ օտարերկրյա ներդրումների միջոցով արդիականացնել տնտեսությունը: Սակայն քննադատների կարծիքով, նա ոչ մի փոփոխության էլ չի հասել: Շեւցովան նրան անվանում է «Պարոն Զրո»: «Ոչ մի հատկանիշ չկա, թե Մեդվեդեւը ներկայացնում է նոր, ժամանակակից, փոխակերպող, արժեքների վրա հիմնված մտածողություն»,- նշում է նա:

Իսկ Պուտինն ուղղակիորեն դիմում է ներքին լսարանին` խոստանալով բարձրացնել կենսաթոշակը, պաշտպանել աշխատավորներին եւ Ռուսաստանը դարձնել հզոր: Նրա բազմաթիվ մեկնաբանություններ ուղղված են ռուսներին, որոնք Արեւմուտքում են տեսնում աշխարհի սպառնացող պոտենցիալ չարիքի մեծ մասի աղբյուրը:

Թվացյալ խզման մասին: Դեկտեմբերին Պուտինը հայտարարեց, որ Խոդորկովսկին մեղավոր է, թեեւ երկրորդ դատավարությունում վճիռ դեռ չկար: Մեդվեդեւը պատասխանեց դատական գործընթացին չմիջամտելու մասին մեկնաբանությամբ: Պուտինը ՄԱԿ-ի միջամտությունը Լիբիայի ներքին գործերին անվանեց «միջնադարյան խաչակրաց արշավանք»: Մեդվեդեւը Պուտինի այդ դիտողությունն որակեց «անընդունելի»: Մեդվեդեւը հրամայեց կառավարական չինովնիկներին հեռանալ պետական ընկերությունների խորհուրդներից: Նրանք Պուտինի մարդիկ էին:

Քաղաքական գիտությունների պրոֆեսոր Գրիգորի Գոլոսովը Սանկտ Պետերբուրգից է: Խոդորկովսկու մասին մտքերը Գոլոսովը համարում է մերկացնող:

«Դրանք ցույց տվեցին, թե ով է իրականում որոշումներ ընդունում. իհարկե` Պուտինը: Խոդորկովսկին դատապարտվեց եւ ստացավ առավելագույն պատիժ»:

Տանդեմի պառակտման ապացույցները կամ դրանց բացակայությունը ռուսական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում մեծ տեղ են զբաղեցնում: Քաղաքական լրագրողին այդ թեմայից բացի Ռուսաստանում գրելու քիչ բան կա: Շեւցովայի կարծիքով, Կրեմլը խրախուսում է այդ քննարկումը, որն իրական ընտրության տպավորություն է ստեղծում:

Պառակտման թեման գրավիչ է նաեւ Արեւմուտքի համար: Այնտեղ ցանկանում են Ռուսաստանի մասին լսել լավատեսական նորություններ եւ ի դեմս Մեդվեդեւի` ունենալ գրավիչ գործընկերոջ: Երբ Մոսկվա այցելեց ԱՄՆ փոխնախագահ Բայդենը, թերթերը գրում էին, թե նա Մեդվեդեւին կոչ է արել առաջադրվել նախագահական ընտրություններում, իսկ Պուտինին խոստացել է աշխատանք Միջազգային օլիմպիական կոմիտեում:

Կրիշտանովսկայան ենթադրում է, որ Կրեմլը, պառակտման նշաններ ցույց տալով, երկկուսակցական համակարգի զարգացման նախնական քայլեր է անում` 2012-ի նախագահական ընտրություններից ոչ շուտ, երկարաժամկետ հեռանկարում:

«Մենք ամբողջ ինտերնետում ունենք բազմակարծություն: Կա նաեւ խոսքի ազատություն, սակայն այն հասարակ մարդկանց համար է, իսկ որոշումներ ընդունող էլիտայի համար ինֆորմացիան փակ է»,- ավարտում է Կրիշտանովսկայան:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites