May 3, 2011

Օլիգարխ Սամվել Ալեքսանյանին ոչ մի լրագրող այլեւս հունից չի հանում. Պատգամավորները` մամուլի մասին

    Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է: Եթե այդ օրը մամուլի ազատության պաշտպանների համար հիշարժան է, ապա մամուլի ազատության թշնամիների համար` վշտի ու հառաչի: Թե նրանցից որոնք են ավելի մեծ թիվ կազմում մեր երկրում, կպարզի վիճակագրությունը, իսկ մինչ այդ օրվա խորհրդի հետ կապված NEWS.am-ի զրուցակիցներն իրենց տպավորություններն են կիսել մամուլի ներկայացուցիչների հետ իրենց շփումների մասին, ինչպես նաեւ հումորային ու զավեշտալի պատմություններ պատմել:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով լրագրողների հետ շփման երկարատեւ փորձ ունի, պատմեց իր գլխովը եկածը: «Մի քանի տարի առաջ հանգստանում էի Սեւ ծովի ափին: Վատ չեմ լողում, բավականին խորն էի գնացել, այնքան խորը, որ ջուրը նույնիսկ գլուխս էր ծածկում: Մայրամուտ էր, արեւը ծովի սիրտն էր մտնում, ռոմանտիկ միջավայրում` բոլորից հեռու, մեջքի վրա պառկել էի ալիքներին եւ վայելում էի ծովի խաղաղությունն ու ճայերի ձայնը: Թվում էր, ոչ մի բան ու ոչ ոք չի կարող խռովել իմ եդեմական անդորրը: Ու հանկարծ, ծովի հենց մեջտեղում վանաձորյան առոգանությամբ մեկը դիմում է ինձ` «Դալլաքյան ջան, բարի իրիկուն»:

Ահաբեկվեցի բառիս բուն իմաստով, մտածեցի, որ ճայերից մեկն է հետս խոսում, բայց պարզվեց, վանաձորցի մի լրագրող էր: Ասաց, որ դեռ ափում կնոջ հետ կանգնած է եղել եւ տեսել է, որ լողալով հեռուն եմ գնում: Որոշել է պարզել` ե՞ս եմ, թե ոչ, ու «հետապնդել» է ինձ: Տեսնելով որ ես եմ` որոշել է բարեւել»:

Քանի որ Դալլաքյանն աչքի է ընկնում իր հավասարակշռված կեցվածքով, NEWS.am-ը հետաքրքրվեց` եղե՞լ է դեպք, երբ նրան որեւէ լրագրող կարողացել է հունից հանել: Պատգամավորն ասաց, որ չկա այնպիսի լրագրող, որն իր հարցով հունից հանած լինի, քանի որ «իմ եւ լրագրողների միջեւ, անկախ նրանից, թե մեր հայացքներն համընկնում են, ստեղծվել են հանդուրժողական, բարեկամական հարաբերություններ»,-ասաց Դալլաքյանը: Նա նաեւ նշեց, որ կան լրագրողներ, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով եւ որոնց ձեռքը սեղմելու ցանկություն է առաջանում:

«Եթե ես սկսեի նրանց անունները թվարկել, մեր հարցազրույցը շատ երկար կտեւեր»,-նշեց պատգամավորն ու զրույցն ամփոփեց ԱՄՆ դեմոկրատիայի հայր համարվող Ջեֆերսոնի խոսքով. երբ նրան հարցրել են, թե կուզեիք կառավարություն` առանց մամուլի՞, թե՞ մամուլ` առանց կառավարության, նա պատասխանել է` մամուլ`առանց կառավարության: «Մեկնաբանություններն ավելորդ են, եւ ես դրա ջատագովն եմ»,-հայտարարեց անկախ պատգամավորը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը թեեւ մամուլի ներկայացուցիչների հետ կապված հումորային դեպք չհիշեց, սակայն նշեց, որ լրագրողների հետ իր շփման ընթացքում երբեք չի մերժել նրանց` պատասխանել այս կամ այն հարցին:

«Սկզբում իմ շփումը սկսվել է որպես պաշտպանության փոխնախարար: Միշտ մտածել եմ, որ եթե ուզում ես քո այս կամ այն ծրագիրը կյանքի կոչել, պարտավոր ես մամուլի հետ անկեղծ լինել եւ դիմել մամուլի օգնությանը»,-նշեց Աղաբեկյանը: Նա անկեղծացավ, որ լրագրողների հետ շփման ժամանակ միշտ վախեցել է կոնկրետ հարցերից, եւ մտածել, թե ինչպես պետք է պատասխանի, եթե դրանք տրվեն իրեն: «Ի զարմանս ինձ`միշտ այդ հարցերը ինձ չեն տվել: Ես էլ մտածել եմ, որ դա կամ ինֆորմացիայի, խնդիրը մանրամասն չուսումնասիրելու հետեւանք է, կամ էլ պրոֆեսիոնալիզմի պակասի»,-անկեղծացավ Աղաբեկյանը`չհիշելով, սակայն, թե այդ ո՞ր հարցերն են, որոնք իրեն վախ են պատճառել:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հիշեց մի զավեշտալի դեպք, որը տեղի է ունեցել ասուլիսներից մեկի ժամանակ: Ասուլիսը, որին հրավիրվել են «Ժառանգության» պատգամավորները, կապված է եղել մի խնդրի հետ, որի առնչությամբ «Ժառանգությունը» մինչ այդ հանգամանալից հայտնած է եղել իր տեսակետն ու դիրքորոշումը: Այն ընթացքում, երբ ասուլիսի մյուս մասնակիցները իրենց դիրքորոշումն են հայտնել, «Ժառանգության» պատգամավորները որոշել են ջուր խմել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ լուսանկարել է ջուր խմող «Ժառանգության» պատգամավորներին եւ այն մատուցել հետեւյալ մեկնաբանությամբ. «Երբ «Ժառանգության» պատգամավորներին հարց ուղղվեց, նրանք բերանները ջուր առան»:

«Մեզ ջուր հյուրասիրեցին, մենք էլ հյուրասիրվեցինք, դրա մեջ ի՞նչ տարօրինակ բան կա»,-տարակուսեց Ալավերդյանը: Նա նաեւ նշեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ իր խոսքը միտումնավոր խեղաթյուրել են, ինչը նրան հունից հանել է: «Կան եւ լրագրողներ, որոնք, ինչպես նաեւ նրանց ներկայացրած լրատվամիջոցի ղեկավարն իսկապես աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով, եւ իսկապես նրանց ձեռքը սեղմելու ցանկություն է առաջանում»,-անկեղծացավ Ալավերդյանը:

Ունիկալ էր ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պատասխանը: Հարցին, թե լրագրողների հետ շփման ընթացքում ի՞նչ հումորային պատմություն կհիշի, նա քահ-քահ ծիծաղելուց հետո ասաց. «Ոչ մի պատմություն, ես բոլոր լրագրողների եւ լրագրուհիների հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ»: Իսկ եղել է դեպք, երբ որեւէ լրագրող Ալեքսանյանին հունից հանի իր տված հարցով կամ էլ այնպիսի հարց է տվել, որ ցանկացել է պարգեւատրել նրան: Պատասխանելուց առաջ Ալեքսանյանը կրկին ծիծաղեց ու ասաց. «Առաջներում եղել է, բայց հիմա ինձ չեն կարա հունից հանեն»:

Ալեքսանյանը մաղթանք էլ ունի լրագրողներին. «Ուզում եմ, որ սաղ ճիշտը գրեն, ավել բաներ չգրեն, ինչ կա, թող դա գրեն: Ինձ պատկանող «Փարվանան» հենց պաժառ ընկավ, բոլորդ գրեցիք, բայց հենց որ բացվեց` ոչ մեկը չգրեց: Մի հատ լավ նյութ գրի, էսօր նայեմ»:

Հ.Գ. Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր է հռչակվել 1993 թվականի դեկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով: Այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում է, որ ազատ եւ անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարեւորագույն մասն է համարվում:



Պատրաստեց Հեղինե Մանուկյանը

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites