May 4, 2011

Զինվորի մայրը ուշագնաց է եղել որդուն սպանողին տեսնելուն պես

Թուրք զինվորականներն ապրիլի 24-ին սպանված Սեւակի ընտանիքին տարել են այն զորամաս, որտեղ տեղի է ունեցել սպանությունը:

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Սեւակի մայրը զինվորական հրամանատարությունից ստացած հատուկ թույլտվությամբ դեմ առ դեմ հանդիպել է իր որդուն սպանած Քվանչ Աղաօղլուին: Սեւակի մայրը կարողացել է հարցնել միայն, թե ինչո՞ւ է նման բան արել Քվանչը եւ ուշագնաց եղել, որից հետո նրան դուրս են հանել սենյակից: Քվանչը պատասխանել է. «Ի՞նչ ասեմ»:

Սպանությունից հետո քաղաքացիական դատարանը ազատ էր արձակել Քվանչին, սակայն զինվորական դատարանն օրեր անց կրկին ձերբակալել է նրան: Իր բացատրության մեջ Քվանչը նշել է, թե ինքը Սեւակի հետ լավ հարաբերություն է ունեցել: «Այդ օրը պահակակետում աշխատանքներ էինք իրականացնում, որի ընթացքում կատակներ էինք անում: Իմ հրազենի փողը դեպի երկինք էր ուղղված: Մի պահ, երբ կռացա, կրակոց արձակվեց: Սկզբում չէի նկատել, որ Սեւակին է դիպել, կարծեցի կատակով է որովայնը բռնել»,- նշել է հայազգի զինվորին սպանողը:

Դեպքին ականատես զինվորներից Ֆազլա Քեսքինը պատմել, որ կրակոցի ձայնը լսելուց հետո Սեւակն ասել է. «Քվանչ եղբայր, այս ի՞նչ արեցիր, հասիր»:

Նշենք, որ 25-ամյա Սեւակը ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։

Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ Ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայողի կողմից։ Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել զինծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites