May 5, 2011

Մորը կորցրած մանկահասակ երեխային տեսակցելու իրավունք ունեն միայն նրա հարազատները. Պարզաբանում է մանկատունը

Նորք-Մարաշ մանկատանը գտնվող 2,5 տարեկան Լիլիա Սարկիսովային կարող են այցելել բացառապես նրա հարազատներն ու արյունակիցները: Այս մասին մեր թղթակցին հայտնեց մանկատան տնօրեն Լիաննա Կարապետյանը` արձագանքելով երեխայի հարազատների բողոքին: Նրանք, մասնավորապես երեխայի մորաքրոջ սկեսուրը հայտարարել էր, որ մի քանի անգամ փորձել է տեսակցել երեխային, սակայն մանկատան տնօրինությունը արգելել է: «Ես միայն իրավունք ունեմ երեխայի հարազատներին նրա հետ տեսակցելու թույլտվություն տալ, նրա մորաքրոջ սկեսրոջը թույլ տամ, որ ի՞նչ: Չէ՞ որ նա երեխայի հարազատը չէ»,-պարզաբանեց Լիանա Կարապետյանը:

Նա նաեւ նշեց, որ երեխայի հայրական տատը` Լիլիան, յուրաքանչյուր ուրբաթ պարտաճանաչ տեսակցելու է գալիս երեխային: Ինչ վերաբերում է փոքրիկ Լիլիայի առողջական եւ հոգեբանական վիճակին, ապա, ըստ մանկատան տնօրենի, նա արդեն ադապտացվել է նոր միջավայրին եւ իրեն լավ է զգում:

Նշենք, որ Լիլիա Սարկիսովան մի քանի ամիս առաջ ամուսնու ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դուստրն է, ով մանկատուն է հանձնվել մոր մահից երկու ամիս անց` 2010 թվականի դեկտեմբերի 13-ին: Երեխայի խնամակալությունը ստանձնել է հայրական տատը: Զ. Պետրոսյանի հարազատները նրան մեղադրում են մահվանից առաջ վերջինիս հարսի նկատմամբ բռնություններ կիրառելու, խոշտանգելու մեջ: Նախաքննական մարմինը, սակայն, նրան մեղսակից չի համարել սպանության գործում:

Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Պետրոսյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 10-ին, Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites