May 4, 2011

Թամար Պողոսյանը որեւէ մեկից եւ Վերահսկիչ պալատի ստուգումներից չի վախենում

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը տեղյակ չէ, որ Վերահսկիչ պալատը մայիսի 3-ից ստուգումներ է իրականացնում իր ղեկավարած կառույցում: Մեր թղթակցի հետ զրույցում Պողոսյանը հայտարարեց, թե նման ստուգում չի իրականացվում եւ որ ինքը զրույցի պահին գտնվում է հիվանդանոցում` եղբոր մոտ:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ստուգումների փաստին, Պողոսյանն արձագանքեց. «Ես արդեն ոչ մի գնահատական չեմ ուզում տալ, չորս ամսվա գործողություններիս բոլորն իրենց գնահատականը տվել են, կգա օրը, բարին` հետը, կլինի որոշում, մենք էլ կունենանք մեր դիրքորոշումը: Իսկ առայժմ մնացածը թող անեն իրենց եզրակացությունները: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»: Նա նշեց, որ ստուգումների իրականացումն իրեն որեւէ անհանգստություն չի պատճառում, եւ հավելեց, որ ինքն է, որ տեւական ժամանակ է` առաջարկում է ստուգումներ անցկացնել Հիմնադրամում:

Պողոսյանին զարմացնում է այն հանգամանքը, որ շահագրգիռ մոտեցում չի ցուցաբերվել եւ իրավական լուծում չի տրվել իր կողմից բարձրացված հարցին. այն է` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը թույլ է տվել խախտում` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 28-ին, առանց իր` Պողոսյանի մասնակցության, որոշում է կայացրել, թե ինչպես պետք է տնօրինվի հիմնադրամի 2011 թվականի տարվա բյուջեն: «Սա է ինձ զարմացնում: Բայց ունենք այն, ինչ ունենք: Նորից եմ ասում` կգա օրը, բարին հետը, կյանքը շարունակվում է, բավարարվեք այսքանով: Ցտեսություն»,-հայտարարեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Թամարա Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու համար եւ դիմել դատախազություն։ Թ. Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքեր հնչեցին նաեւ Սփյուռքի նախարարությունից։ «Թամար Պողոսյանի՝ անմեղ գառնուկի կերպարանքով արված մեղադրանքները կեղծ եւ շինծու են, այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին եւ դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը»,- մասնավորապես հայտարարել էր սփյուռքի փոխնախարարը:

Նշենք, որ ապրիլի 27-ին Պողոսյանը պաշտոնապես հայտարարեցլ է իր հրաժարականի մասին: Հոգաբարձուների խորհրդի նիստում միաձայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել Հրանուշ Հակոբյանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites