Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Քաղաքականություն. Show all posts
Showing posts with label Քաղաքականություն. Show all posts

Jun 2, 2011

ՀԱԿ-ը վերադարձավ իր ակունքներին

Երեկ կայացավ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: Չնայած այն հանգամանքին, որ բեմից պետք է ելույթ ունենային նախկին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը, հանրահավաքը բավականին սակավամարդ էր, ինչը չէին կարող չընդունել նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության պաշտոնական տվյալներով հանրահավաքին մասնակցում էր ընդամենը 6000 մարդ, ամեն դեպքում մասնակիցների թիվը 12 000-ից չէր անցնի:
Մասնակիցների այս թիվն ամենևին չէր ապացուցում, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվել «համաժողովրդական շարժման» ճնշման տակ, քանի որ նման փաստի առկայության դեպքում Ազատության հրապարակում պետք է որ “ասեղ գցելու տեղ չլիներ”: Այնինչ, նույնիսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չեն կարող ժխտել, որ մարդկանց քանակը սպասվածից շատ ավելի քիչ էր, իսկ եթե ներկաների միջից էլ հանենք ՀԱԿ-ի ակտիվիստներին, որոնք “ի պաշտոնե” պարտավոր էին ներկա գտնվել հանրահավաքին, ապա պատկերը ավելի կամբողջանա:

Միակ նորությունը, որ մատուցվեց ներկաներին, բացի երկու քաղբանտարկյալների ներկայությունից, դա արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների պահանջն էր, որը, բնականաբար ընկալվեց բուռն ծափողջյուներով և գոռում-գոչյուններով: ՀԱԿ-ը, բնականաբար, հասկանում էր, որ գաղափարների և գործողությունների սպասող ժողովրդին պետք է մի բան մատուցվի և մատուցեց: Ավելին, վերջին հանրահավաքում միանգամայն հստակ նկատվեց, որ, զգալով երկխոսության մարտավարության ազդեցությունը, որի արդյուքում գնալով ավելի է սակավամարդ են դառնում ՀԱԿ-ի հանրահավաքները և ավելանում է հիասթափվողների թիվը, ՀԱԿ-ը նորից վերադառնում է իր ակունքներին, “ի շրջանս յուր”: Նորից հնչեցին հին կարգախոսները, որոնք երկար ժամանակ հրաhանգված էր չհչեցնել, ինչպես օրինակ. “Հիմա, Հիմա”-ն, ամբողջ հանրահավաքը ծփում էր “Արտահերթ ընտրություններ” բառերով թղթերով, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ իր ելույթում մեկ անգամ օգտագործեց “թաթար-մոնղոլական իշխանություն” սիրված և սպասված բառակապակցությունը:

Դե ինչ, սպասենք զարգացումներին, որոնք չեն էլ լինելու: ՀԱԿ-ի տաղանդը միշտ կայացել է նրանում, որ նա կարողացել է ստեղծել զարգացումների իմիտացիա: Իսկ ժողովրդին, ցավոք, ինչպես միշտ, պետք են տեսարաններ, որոնք հանրահավաքներում իրեն “գուրուի” կամ գլխավոր քրմի նման պահող Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ ապահովում է:

May 18, 2011

ԲՀԿ թե՞ "Ընտրություններից-ընտրություններ"

Որքան մոտենում է նախընտրական ժամանակաշրջանը, այնքան ավելի տեսանելի են դառնում տարբեր քաղաքական ուժերի միջընտրական ժամանակահատվածում իրագործած քաղաքականությունը, այս կամ այն ոլորտում իրականացրած միջոցառումները, տարբեր սոցիալական խմբերի աջակցությանն ուղղված գործողությունները կամ դրանց իսպառ բացակայությունը:

Չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան քաղաքական դաշտում ընդունված պրակտիկայի և պատկերացումների համաձայն քաղաքական ուժերն ակտիվանում են, հատկապես ընտրություններից առաջ, որպեսզի օր առաջ ցույց տան հասարակությանը, որ զբաղվում են նրաց խնդիրներով, այնուամենյանիվ, կան քաղաքկան ուժեր, որոնք ոչ միայն չեն առաջնորդվում այս մտածելակերպով, այլ նաև իրենց գործունեությամբ ցույց են տալիս, որ նման գործելաոճով առաջնորդվող ուժերը հեռանկարային քաղաքական ապագա չունեն:

Այսօր, այս առումով, ըստ երևույթին, բոլոր մյուս ուժերից շահեկանորեն տարբերվող ուժ է ԲՀԿ-ն: Միջընտրական ժամանակահատվածում այս քաղաքական ուժը իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ ամենատարբեր ոլորտներում, որոնց մեջ, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել հատկապես գյուղատնտեսությանը, երիտասարդներին և ուսանողությանը, մանր և միջին բիզնեսին, և, իհարկե, սպորտին:

Թե' գարնանացանի ընթացքում գյուղացուն անվճար սերմացուի տրամադրումը (և սա այն դեպքում, երբ կառավարությունը նույն այդ սերմացուն վաճառում է գյուղացուն), թե' ուսանողությանը անվճար տրասպորտային միջոցներ հատկացնելը, լավագույն ուսանողներին դրամական պարգևներով և վարձավճարներով օժանդակումը, պարբերաբար երիտասարդության հետ կլոր սեղան հանդիպումներ ունենալը և նրանց կողմից բարձրացված հարցերին ընդառաջելը, թե' սպորտին մշտապես աջակցելը, և բազմաթիվ այլ միջոցառումները խոսում են այն մասին որ ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, մշտապես աշխատում է ամենատարբեր ուղղություններով` անկախ քաղաքական ժամանակահատվածից: Ի դեպ, բոլորովին վերջերս, կայացավ նաև հանդիպում վաստակաշատ գիտնականների և ակադեմիկոսների հետ, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը լսեց բոլոր գիտնականների խնդիրները և պատրաստակամություն հայտնեց օժանդակել դրանց լուծման գործում` այսպիսով, իր ներդրումը կատարելով նաև գիտության զարգացման ոլորտում:

Վաղուց անցել են այսպես կոչված “քաղաքական ասֆալտապատման” ժամանակները, երբ ընտրություններից ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ հնարավոր էր լինում էլեկտորատ “գրավել” ինչ-որ միջացառմամբ կամ դրա իմիտացիայով:

Ի վերջո, հասարակությունն էլ է քաղաքականպես ավելի հասունանաում, գիտակցելով, որ այն ուժը, որը միայն ընտրությունից ընտրություն է ակտիվանում, չի կարող հետևողական լինել իր ծրագերի իրագործման առո

May 11, 2011

ՏՄՊՊՀ-ն նորովի է անցնում գործի...

Ըստ մամուլի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կսկսի վերահսկել նաև հարկային արտոնությունները: Խոսքը նրա մասին է, երբ պետության կողմից տրամադրվում են օժանդակություններ այս կամ այն տնտեսվարող սուբյեկտին, որոնք լինում են հարկային արտոնությունների կամ ֆինանսական օժանդակության միջոցով:
Հայաստանում ևս պետությունը պարբերաբար պետբյուջեից գումարներ է հատկացնում բիզնես ծրագրերի աջակցման կամ բիզնեսի խթանման նպատակով, սակայն ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս դաշտում երբեեւէ ուսումնասիրություններ չի կատարել, թեեւ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություններ վերապահված են: Այս գործառույթի իրականացման համար ՏՄՊՊՀ-ն հրավիրել է փորձագետներ Գերմանիայից եւ Լիտվայից՝ միջազգային փորձը ՏՄՊՊՀ մասնագետներին փոխանցելու եւ Հայաստանում առկա վիճակը քննարկելու նպատակով:
Ինչո՞ւ պետք է ՏՄՊՊՀ-ն վերահսկի այս ոլորտը: Քանի որ պետական աջակցության արդյուքում արտոնյալ պայմաններ ստեղծելով մի տնտեսվարողի համար, հնարավոր է որ անհավասար պայմաններ ստեղծվեն մեկ այլ տնտեսվարողի նկատմամբ և այլն:
Փաստորեն, ՏՄՊՊՀ-ն ակտիվացել է, օժտվել նոր գործառությներով, զինվել նոր օրենքով իրեն հատկացված իրավունքներով և պատրաստվում է անցնել գործի:
Միանգամայան ողջունելով այս պետական պատրաստակամությունը՝ վերահսկել տնտեսական մրցակցության դաշտը, միևնույն ժամանակ մնում է հուսալ, որ այս ամենը նպատակ ունի իրական բարեփոխումներ իրականացնել տնտեսական ոլորտում, նպաստելով բիզնեսի զարգացմանը, այլ ամենևին ոչ հստակ քաղաքական ենթատեքստ:
Չէ որ նույն այդ ՏՄՊՊՀ-ն կարող դառնալ այս կամ այն գործարարի վրա կոմպրոմատ հավաքելու հիանալի գործիք, ինչը հնարավորություն է ընձեռում մոտեցող ընտրություններին զուգահեռ ավելի խստացնել գործարարների նկատմամբ վերահսկողությունը՝ նրանց պահելով ցանկալի դաշտում: Փոքր-ինչ կասկածելի է ՏՄՊՊՀ-ին նոր լիազորություններով օժտելը հենց մոտեցող ընտրությունների ֆոնին:
Ինչևէ, ինչպիսի նպատակներ և ենթանպատակներ էլ ունենա ՏՄՊՊՀ-ի ֆունկցիոնալ զարգացումը, այն գոնե իր որոշակի դրական ազդեցությունը կունենա թե’ բիզնեսի ոլորտում, թե’ անբարեխիղճ մրցակցության արդյունքում գնագոյացման մեխանիզմների վրա:

«Հայոց աշխարհ». Պարսիկ վարորդները Հայաստան են մտել Ադրբեջանի դրոշներով

Թերթը գրում է, որ մայիսի 9-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գորիս-Երեւան մայրուղում, Գորիսից ոչ հեռու, մի խումբ հայ երիտասարդներ, որոնք Արցախում եռատոնին նվիրված տոնական միջոցառումներից վերադառնում էին Երեւան, նկատել են, որ 22 A 454 10 պետհամարանիշով պարսկական բեռնատար մեքենաներից մեկին կցված են ադրբեջանական դրոշներ:

Հայ երիտասարդների այն հարցին, թե ինչու է Ադրբեջանի պետական խորհրդանիշը պատկերված իր մեքենայի վրա, բեռնատարի վարորդը հստակ պատասխան չի տվել: Մեկ այլ մեքենայի վարորդ, որը մի կերպ է խոսել հայերեն, փորձել է ներողություն խնդրել եւ արդարանալ, որ տվյալ մեքենայի վարորդը առաջին անգամ է Հայաստան գալիս, իսկ մինչ այդ մեքենան շահագործվել է Ադրբեջանում:

Հայ երիտասարդները պահանջել են վերացնել մեքենայի վրա պատկերված դրոշները։ Պարսիկ վարորդները չեն առարկել եւ համատեղ ուժերով մաքրել են դրանք:

May 10, 2011

Հայ պատգամավորներին «կոճակներից» օգտվելու ձեռնարկներ են բաժանել

Հայաստանի ԱԺ նստաշրջանի հերթական քառօրյայի հետաձգումը` նոր տեխնիկայի վերանորոգման նպատակներով, առանձնակի արդյունք չտվեց, քանի որ այսօր առավոտից պատգամավորները դժգոհում էին, թե իրենց կոճակները չեն աշխատում:

Դա զայրացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով վերջնականապես զայրացավ կորեական տեխնիկայից, եւ նա նյարդային արձագանքեց. «Ձեր մուննաթները թողեք ուրիշ տեղ: Դուք չեք կարողանում գլուխ հանել տեխնիկայից: Բայց ձեզ օգտագործման ձեռնարկներ են բաժանել»:

Ապա նա դիմեց պատգամավոր Մանվել Բադեյանին, խորհուրդ տալով նախապես պարապել կոճակների վրա, եթե միանգամից չի կարողանում գլուխ հանել: «Եթե չգիտեք, թե որտեղ է կոճակը, էդպես էլ ասեք»,- Բադեյանին խորհուրդ տալու առիթը չկորցրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Պուտին - Մեդվեդեւ տարաձայնություններ. խա՞ղ, թե՞ իրականություն

Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Քեթի Լալիի հոդվածը, որը հրապարակվել է The Washington Post-ում:

Գաղտնիության քողի տակ կառավարվող երկրում նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ քաղաքական դիսկուրսը հասել է վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի յուրաքանչյուր դիտողության մանրակրկիտ վերլուծմանը:

«Ես կարծում եմ, որ ոչ մի մրցակցություն չկա: Մեր քաղաքականությունը թատրոն է: Կան ռեժիսորներ եւ սցենար: Եվ, ինչ-որ պատճառներով նրանք սիրում են, որ հասարակությունը խոսում է հակամարտության մասին»,- ասում է Պուտինի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ, Գիտությունների ակադեմիայի սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան, որն ուսումնասիրում է երկրի իշխող վերնախավը:

Կարնեգիի մոսկովյան կենտրոնի առաջատար աշխատակից Լիլիա Շեւցովան վարչակազմի քննադատաներից է եւ զարմանալի է, որ կիրառում է նույն բառապաշարը եւ նմանատիպ եզրակացություն է անում:

«Ոչ մի քաղաքականություն չկա: Քաղաքականություն կա այնտեղ, որտեղ կան անկախ լրատվամիջոցներ, ուշադիր դիտողներ եւ անկանխատեսելի սցենար: Հետաքրքիր է, որ Կրեմլը խրախուսում է այդ հեքիաթները»,- ասում է Շեւցովան:

«Ես կարծում եմ, որ այժմ գրեթե այնպես է, ինչպես խորհրդային ժամանակներում: Մեդվեդեւը Պուտինից ժառանգություն ստացած 75 չինովնիկներից ազատել է միայն երկուսին»,- նշում է Կրիշտանովսկայան եւ, մեկնաբանելով Պուտինի ազդեցությունն ու նախագահի ունեցած իշխանությունը, ասում է. «Մեդվեդեւը գեներալ է առանց բանակի»:

Շեւցովան նույնպես նմանություն է տեսնում Լեոնիդ Բրեժնեւի ժամանակների եւ այսօրվա «կրեմլենոլոգիայի» միջեւ:

«Այժմ, ինչպես եւ այն ժամանակ մենք ունենք անձնավորված իշխանություն: Մենք բոլորս ստիպված ենք լինել կանխատեսող եւ գուշակել, թե ով է վարագույրի ետեւում»,- ասում է Շեւցովան:

Պուտինը նախագահեց 2000 թվականից մինչեւ 2008 թվականը: Սահմանադրական սահմանափակումների պատճառով նա երրորդ անգամ չառաջադրվեց: Նա ընտրեց իր աշխատակազմի նախկին ղեկավար Մեդվեդեւին, որը ոչ միայն դարձավ ժառանգորդ, այլեւ Պուտինին նշանակեց վարչապետ:

Այդ օրվանից բոլորը քննարկում են ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալու, նախագահի պաշտոնում ամրապնդվելու, վստահություն ձեռք բերելու Մեդվեդեւի հնարավորությունը եւ Պուտինի առաջադրվելու հավանականությունը: Այդ համատեքստում ակտուալ է պառակտման թեման:

Այդ երկու տամարդիկ կոլորիտային անձնավորություններ: Մեդվեդեւը, որն ընտրվել է իբրեւ լիբերալ, Արեւմուտքի սրտով է: Նա քննադատում է դատական համակարգը, խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ, կոչ է անում տեխնոլոգիաների զարգացման եւ օտարերկրյա ներդրումների միջոցով արդիականացնել տնտեսությունը: Սակայն քննադատների կարծիքով, նա ոչ մի փոփոխության էլ չի հասել: Շեւցովան նրան անվանում է «Պարոն Զրո»: «Ոչ մի հատկանիշ չկա, թե Մեդվեդեւը ներկայացնում է նոր, ժամանակակից, փոխակերպող, արժեքների վրա հիմնված մտածողություն»,- նշում է նա:

Իսկ Պուտինն ուղղակիորեն դիմում է ներքին լսարանին` խոստանալով բարձրացնել կենսաթոշակը, պաշտպանել աշխատավորներին եւ Ռուսաստանը դարձնել հզոր: Նրա բազմաթիվ մեկնաբանություններ ուղղված են ռուսներին, որոնք Արեւմուտքում են տեսնում աշխարհի սպառնացող պոտենցիալ չարիքի մեծ մասի աղբյուրը:

Թվացյալ խզման մասին: Դեկտեմբերին Պուտինը հայտարարեց, որ Խոդորկովսկին մեղավոր է, թեեւ երկրորդ դատավարությունում վճիռ դեռ չկար: Մեդվեդեւը պատասխանեց դատական գործընթացին չմիջամտելու մասին մեկնաբանությամբ: Պուտինը ՄԱԿ-ի միջամտությունը Լիբիայի ներքին գործերին անվանեց «միջնադարյան խաչակրաց արշավանք»: Մեդվեդեւը Պուտինի այդ դիտողությունն որակեց «անընդունելի»: Մեդվեդեւը հրամայեց կառավարական չինովնիկներին հեռանալ պետական ընկերությունների խորհուրդներից: Նրանք Պուտինի մարդիկ էին:

Քաղաքական գիտությունների պրոֆեսոր Գրիգորի Գոլոսովը Սանկտ Պետերբուրգից է: Խոդորկովսկու մասին մտքերը Գոլոսովը համարում է մերկացնող:

«Դրանք ցույց տվեցին, թե ով է իրականում որոշումներ ընդունում. իհարկե` Պուտինը: Խոդորկովսկին դատապարտվեց եւ ստացավ առավելագույն պատիժ»:

Տանդեմի պառակտման ապացույցները կամ դրանց բացակայությունը ռուսական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում մեծ տեղ են զբաղեցնում: Քաղաքական լրագրողին այդ թեմայից բացի Ռուսաստանում գրելու քիչ բան կա: Շեւցովայի կարծիքով, Կրեմլը խրախուսում է այդ քննարկումը, որն իրական ընտրության տպավորություն է ստեղծում:

Պառակտման թեման գրավիչ է նաեւ Արեւմուտքի համար: Այնտեղ ցանկանում են Ռուսաստանի մասին լսել լավատեսական նորություններ եւ ի դեմս Մեդվեդեւի` ունենալ գրավիչ գործընկերոջ: Երբ Մոսկվա այցելեց ԱՄՆ փոխնախագահ Բայդենը, թերթերը գրում էին, թե նա Մեդվեդեւին կոչ է արել առաջադրվել նախագահական ընտրություններում, իսկ Պուտինին խոստացել է աշխատանք Միջազգային օլիմպիական կոմիտեում:

Կրիշտանովսկայան ենթադրում է, որ Կրեմլը, պառակտման նշաններ ցույց տալով, երկկուսակցական համակարգի զարգացման նախնական քայլեր է անում` 2012-ի նախագահական ընտրություններից ոչ շուտ, երկարաժամկետ հեռանկարում:

«Մենք ամբողջ ինտերնետում ունենք բազմակարծություն: Կա նաեւ խոսքի ազատություն, սակայն այն հասարակ մարդկանց համար է, իսկ որոշումներ ընդունող էլիտայի համար ինֆորմացիան փակ է»,- ավարտում է Կրիշտանովսկայան:

May 6, 2011

ՀԱՀ պետանվտանգության նախարարի կինը Թուրքիայից թմրամիջոցներ էր ներկրում

Հարավ-աֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) պետանվտանգության նախարար Սիյաբոնգ Կվելեի կինը՝ Շերիլը, այսօր դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Պիտերմարիցբուրգ քաղաքի դատարանը նրան մեղավոր է ճանաչել թմրամիջոցների վաճառքի մեջ, հայտնում է rg.ru-ն։

51-ամյա Շերիլը ՀԱՀ թմրանյութեր ներկրել է Թուրքիայից եւ Բրազիլիայից։ Շերիլի հետ մի գործով անցել է նաեւ նիգերիացի Ֆրենկ Նաբոլիսան, ով մաքսանանեգության համար ձերբակալվել էր 2009-ին։ Նա եւս 12 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Ավելի վաղ Բրազիլիայում ձերբակալվել էր հարավաֆրիկուհի Տեսա Բիտխեն, ով փորձել էր այնտեղից ՀԱՀ տանել 10 կգ կոկային։ Նրան դատապարտել էին 8 տարվա ազատազրկման։

Ադրբեջանից բռնագաղթածներին թույլ կտրվի մասնավորեցնել իրենց զբաղեցրած բնակարանները

Երեւանի ավագանին իր մայիսի 6-ի նիստի ժամանակ միաձայն որոշել է Ադրբեջանից գաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին, ովքեր շուրջ 10 եւ ավելի տարի զբաղեցնում են բնակարաններ, մասնավորեցման հնարավորություն կտրվի:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն մայրաքաղաքի թվով 9 չորրորդ կարգի քանդման ենթակա շենքերից երեքը` Նոր Արեշ 35 փողոցի, Սիսակյան 3 եւ Արցախի 4-րդ նրբանցք հասցեում գտնվող վթարային չորրորդ կարգի հանրակացարանային շենքերը համարվել են խիստ առաջնահերթ:

Որպես սոցիալական կարեւորագույն խնդիր, Երեւանի ավագանու որոշմամբ նշված երեք հասցեների հանրակացարանների բնակիչների վերաբնակեցման խնդիրն ամբողջությամբ այս տարի լուծելու համար, 2011թ.-ի բյուջեում սույն որոշման նախագծով նախատեսվել է հատկացնել 1 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ գումարների մնացած մասը հատկացնել Երեւան քաղաքի 2012թ.-ի բյուջեից:

Կալանավորվել են մարտի 1-ի գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիները

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները երկու ծառայողական ավտոմեքենաներով Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի թիվ մեկ մեկուսարան տեղափոխեցին 2 երիտասարդների, ովքեր նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 6-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ դիմել է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը:

Դատարանը դռնփակ դատական նիստում, որը նախագահում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է միջնորդությունը:

Դատարանի ողջ շենքը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որը ղեկավարում էր Կենտրոնի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, իսկ դատարանի դահլիճի դռան մոտ ուժեղացված հսկողություն կատարող կարգադրիչների խմբին ղեկավարում էր ստորաբաժանման պետի տեղակալ Ռաֆայել Ստեփանյանը:

Կալանավորված երիտասարդներն են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները, ովքեր մեղադրվում են ապօրինի զենք կրելու եւ Գավառի բնակիչ «Կոկո» մականվամբ Հակոբ Հովհաննիսյանի եւ նրա որդու` Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:

Դեպքը տեղի էր ունեցել 2009 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 20:30-ի սահմաններում, Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են, ինչպես նաեւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հորեղբոր որդիները:

Նույն գործով կալանավորվել է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի է մարտի 1-ի մի շարք գործերով, մասնավորապես, «7-ի գործով», որով դատապարտվել են ընդդիմության 7 ներկայացուցիչներ:

Սերժ Սարգսյանը կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր` մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Սերժ Սարգսյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ օդանավակայանում նրան դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Հիլարի Քլինթոնը պարզաբանել է, թե ինչու է փակել բերանը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատմել է այն լուսանկարի ի հայտ գալու հանգամանքների մասին, որտեղ ներկայացված է ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարությունն այն պահին, երբ նրանք դիտում են Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունը: Լուսանկարում Քլինթոնը լարված նստած է սեղանի մոտ եւ ձեռքով փակել է բերանը:

Ինչպես պատմել է ինքը` Քլինթոնը, այդ պահին իր հազը գալիս էր եւ ինքը հազիվ է զսպել իրեն, որպեսզի չհազա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին» `վկայակոչելով «Ասոշեյթեդ Պրեսս»-ին:

ԱՄՆ պետքարտուղարը պատմել է, որ բեն Լադենի տան վրա ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկջոկատայինների հարձակումը դիտելիս ապրել է իր կյանքի «ամենալարված 38 րոպեները»: Քլինթոնը չի հիշում, թե այդ լարված րոպեների ժամանակ հատկապես երբ է Սպիտակ տան մամուլի ծառայության լուսանկարիչը արել հայտնի լուսանկարը:

Այդուհանդերձ, պարզվում է, ձեռքով բերանը փակելու ժեստը լարվածության նշան չէ: ԱՄՆ պետքարտուղարի մոտ գարնանը սրվում է ալերգիան եւ նա ձեռքով փակել էր բերանը, որպեսզի չհազա կամ չփռշտա ԱՄՆ-ի եւ մարդկության համար բախտորոշ այդ պահին:
Հիշեցնենք, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է մայիսի 2-ին Պակիստանի մայրաքաղաքից ոչ հեռու: Ահաբեկչի մարմինը «թաղել են» ծովում:

Հեղինե Բիշարյանը մեկնաբանում է իր` գործարանի տնօրեն նշանակվելու մասին լուրերը

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հերքում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Աշտարակի Ոսկեվազ գյուղում գտնվող գինու-կոնյակի գործարանում իր տնօրեն նշանակվելու մասին լուրերը:

«Այդ գործարանն ունի տնօրեն եւ ես այդ անհեթեթ, սուտ, կեղծ, շինծու թեմաները չեմ մեկնաբանում»,-  ասաց Բիշարյանն ու հավելեց. «Նման առաջարկություն չի եղել, դա սուտ, կեղծ ինֆորմացիա է, որն ուղղակի մեկնաբանման կարիք չունի»:

Հարցին, թե եթե լինի առաջարկ, կհամաձայնե՞ք, ՕԵԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Եթե չկա տենց բան, ինչի՞ն համաձայնես»:

Նշենք, որ «ՉԻ»-ն օրերս գրել էր, որ Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, իր գործարանի տնօրեն նշանակի Հեղինե Բիշարյանին: «Արթուր Բաղդասարյանը գործարանի ղեկն ամենասկզբում վստահեց կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին, ապա դժգոհ մնաց ձեռնարկատիրական նրա ջիղից եւ իր բիզնեսի բախտը հանձնեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանին: Ավոյանն էլ չկարողացավ «Հայասին» հասցնել «Հեննեսիի» մակարդակին: Նրան փոխարինեց Ազգային ժողովն իր ներկայությունից ազատած Արծրունի Աղաջանյանը: Մեր տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանն անհաջող է համարում նաեւ այս նշանակումը: Թե ո՞վ կլինի գործարանի նոր տնօրենը, առայժմ որոշված չէ: Բայց կարծիք կա, որ լավագույն թեկնածուն Հեղինե Բիշարյանն է. ոչ ոք նրանից լավ չի պաշտպանի Արթուր Բաղդասարյանի բիզնես-շահերը»,- գրել էր թերթը:

May 4, 2011

Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը ելույթ կունենան ՀԱԿ մայիսի 31-ի հանարահավաքում. ՀԱԿ-ը հույս է փայփայում

Հայ ազգային կոնգրեսի կողմից մայիսի 31-ին հրավիրված հանրահավաքից հետո, ամենայն հավանականությամբ, նստացույց չի լինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Անդրադառնալով համացանցում նստացույցի պահանջով անցկացվող ցուցակագրմանը, ՀԱԿ համակարգողն ասաց, որ ներկայումս ցուցակագրվածների թիվն անցել է 500-600-ի սահմանը:

«Բայց վստահ եմ, որ նստացույց չի լինի, որովհետեւ քաղաքական գործընթացները գնում են այնպիսի ուղղությամբ, որ մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ կունենան ե´ւ Նիկոլ Փաշինյանը, ե´ւ Սասուն Միքայելյանը: Այլապես ինձ ոչինչ չի մնում անելու, քան միանալ նստացույցին»,- ասաց Զուրաբյանը:

Նա միաժամանակ նշեց, որ գալու է մի պահ, երբ ժողովուրդը թքած կունենա ՀԱԿ-ի կարծիքի վրա, ինչպես նաեւ Ղարաբաղի խնդրի հետ կապված արգելանքների վրա եւ կընդվզի: «Իսկապես, երկրում ծանրագույն սոցիալական վիճակ է ստեղծված, եւ ժողովուրդը հակված է ծայրահեղ գործողությունների»,-նկատեց ՀԱԿ համակարգողը:

Զուրաբյանն առարկեց այն պնդումներին, թե ամեն հանարհավաքից հետո ՀԱԿ-ի համակիրների բանակը նոսրանում է: Ըստ նրա` ՀԱԿ-ի համակիր զանգվածը վերկրիտիկական է: «Այսօրվա ժողովրդի քանակը լրիվ բավարարում է, որպեսզի մենք շարժվենք առաջ»,-նկատեց ՀԱԿ համակարգողն ու հավելեց, որ իշխանափոխության հասնելու պրոցեսի առաջ գնալու միակ երաշխիքը ժողովրդի մասնակցությունն է: Ուստի` ՀԱԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն համաժողովրդական շարժմանը:

Թամար Պողոսյանը որեւէ մեկից եւ Վերահսկիչ պալատի ստուգումներից չի վախենում

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը տեղյակ չէ, որ Վերահսկիչ պալատը մայիսի 3-ից ստուգումներ է իրականացնում իր ղեկավարած կառույցում: Մեր թղթակցի հետ զրույցում Պողոսյանը հայտարարեց, թե նման ստուգում չի իրականացվում եւ որ ինքը զրույցի պահին գտնվում է հիվանդանոցում` եղբոր մոտ:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ստուգումների փաստին, Պողոսյանն արձագանքեց. «Ես արդեն ոչ մի գնահատական չեմ ուզում տալ, չորս ամսվա գործողություններիս բոլորն իրենց գնահատականը տվել են, կգա օրը, բարին` հետը, կլինի որոշում, մենք էլ կունենանք մեր դիրքորոշումը: Իսկ առայժմ մնացածը թող անեն իրենց եզրակացությունները: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»: Նա նշեց, որ ստուգումների իրականացումն իրեն որեւէ անհանգստություն չի պատճառում, եւ հավելեց, որ ինքն է, որ տեւական ժամանակ է` առաջարկում է ստուգումներ անցկացնել Հիմնադրամում:

Պողոսյանին զարմացնում է այն հանգամանքը, որ շահագրգիռ մոտեցում չի ցուցաբերվել եւ իրավական լուծում չի տրվել իր կողմից բարձրացված հարցին. այն է` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը թույլ է տվել խախտում` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 28-ին, առանց իր` Պողոսյանի մասնակցության, որոշում է կայացրել, թե ինչպես պետք է տնօրինվի հիմնադրամի 2011 թվականի տարվա բյուջեն: «Սա է ինձ զարմացնում: Բայց ունենք այն, ինչ ունենք: Նորից եմ ասում` կգա օրը, բարին հետը, կյանքը շարունակվում է, բավարարվեք այսքանով: Ցտեսություն»,-հայտարարեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Թամարա Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու համար եւ դիմել դատախազություն։ Թ. Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքեր հնչեցին նաեւ Սփյուռքի նախարարությունից։ «Թամար Պողոսյանի՝ անմեղ գառնուկի կերպարանքով արված մեղադրանքները կեղծ եւ շինծու են, այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին եւ դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը»,- մասնավորապես հայտարարել էր սփյուռքի փոխնախարարը:

Նշենք, որ ապրիլի 27-ին Պողոսյանը պաշտոնապես հայտարարեցլ է իր հրաժարականի մասին: Հոգաբարձուների խորհրդի նիստում միաձայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել Հրանուշ Հակոբյանը:

May 3, 2011

ԲՀԿ-ն վերագործարկեց «Անմար կրակը»

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Երևանում էին ռուսաստանի «Երիտասարդ Գվարդիա» և Ուկրաինայի «Երիտասարդ Ռեգիոններ» երիտասարդական քաղաքական կազմակերպությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով բաժանվեց Սուրբ Գևորգի անվանական ժապավեններ:
Միջոցառումների շարքում հատկանշական դեր էր զբաղեցնում Երևանի «Հաղթանակ» զբոսայգում բավական երկար ժամանակ արդեն չվառվող “Անմար կրակի” վերագործարկման արարողությունը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:
Մայիս ամիսը հերոսական ամիս է մեր ժողովրդի համար, և հայ մարդը այսուհետ անհայտ զինվորի շիրիմին այցելելով կվերապրի հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի հաղթանակի բերկրանքը:

Հայաստանի վարչապետը սեփական ինտերնետային կայք է բացել

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն իր սեփական ինտերնետային կայքն ունի՝ http://www.tigransargsyan.am հասցեով։

«Բարեկամներ, ասուհետեւ շարունակելու եմ իմ շփումը Ձեզ հետ նաեւ www.tigransargsyan.am կայքի միջոցով: Նման որոշման համար հիմք հանդիսացավ «նոր վիրտուալ տարածքներ յուրացնելու» ցանկությունը»,- գրում է վարչապետն իր նորաբաց ինտերնետային կայքում եւ ավելացնում. «Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ բոլոր գրառումներս արտացոլվելու են նաեւ կենդանի մատյանի իմ էջում։ Կրկին շնորհակալություն իմ բլոգն այցելելու համար, բոլորիդ սպասում եմ իմ կայքում»:

Նշենք, որ վարչապետի նոր կայքում կարելի է գտնել տեղեկատվություն վարչապետի կենսագրության մասին, «անցուդարձ» բաժնում ծանոթանալ նորություններին, «ֆոտոալբոմ» եւ «տեսանյութեր» բաժիններում տեսնել վարչապետի նկարներն ու տեսանյութեր եւ այլն։ Կայքում կա նաեւ բլոգ բաժինը, որը այցելուներին ուղղորդում է դեպի վարչապետի բլոգը՝ http://tigransargsyan.livejournal.com/։

Նորաբաց ինտերնետային կայքում կա նաեւ «հետաքրքրությունների» բաժին, որտեղ վարչապետն առաջարկում է որեւէ բան լսել կամ կարդալ։

Քադաֆին չի մասնակցել որդու հուղարկավորությանը

Գնդապետ Մուամար Քադաֆին չի հայտնվել իր կրտսեր որդու` Սեյֆ ալ Արաբի հուղարկավորությունը, ով սպանվել էր մայիսի 1-ին օդային գրոհի արդյունքում:

Ջամահիրիայի առաջնորդի փոխարեն մոտ երկու հազարանոց ամբոխի միջից հայտնվել է սպանվածի եղբայրը` Սեյֆ ալ Իսլամը` սեւ բիդվինական հագուստով: Քաղաքային Հանի գերեզմանատանը հավաքվածները վանկարակել են կարգախոսներ` ի պաշտպանություն Քադաֆիի եւ թափահարել են բռունցքները, գրում է Lenta.ru-ն:

Բռնակալի որդու հետ հուղարկավորել են նաեւ երեխաների, ովքեր եւս սպանվել նույն ավիագրոհի ժամնակ: Ըստ ճշտված տվյալների` Սեյֆ ալ Արաբը երեխաներ չի ունեցել, նրա հետ սպանվել են իր զարմիկները` Հանիբալ, Աիշա եւ Մուհամեդ Քադաֆիների երեխաները:

Ռուսաստանցի փորձագետ. Բեն Լադենի սպանությունը կբարձրացնի Օբամայի վարկանիշն ԱՄՆ-ում

Բեն Լադենի սպանությունը չի հանգեցնի որեւէ փոփոխության Մերձավոր Արեւելքում, քանի որ այն վաղուց դուրս է եկել ոչ միայն նրա, այլեւ` աշխարհաքաղաքական խաղացողների հսկողությունից: Այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի փորձագետ Ալեքսանդր Սկակովը:

«Բեն Լադենը խորհրդանիշ է, իսկ խորհրդանիշները գալիս են ու գնում, չունենալով հատուկ ազդեցություն գործընթացների վրա: Այնպես որ, ահաբեկչական գործողությունները եղել են եւ կլինեն անկախ Բեն Լադենի սպանությունից»,-նշեց փորձագետը: Նա նաեւ ընդգծեց, որ Բեն Լադենի սպանությունը ավելի մեծ ազդեցություն կունենա ԱՄՆ-ի ներքին իրավիճակի վրա, քան Մերձավոր Արեւելքում: «Թիվ մեկ ահաբեկչի սպանության մասին լուրը, որն այս անգամ, ավելի շուտ, համապատասխանում է իրականությանը, կբարձրացնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը նախագահական ընտրությունների նախօրեին»,- նշեց փորձագետը:

«Թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենը սպանված է: Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:

Օլիգարխ Սամվել Ալեքսանյանին ոչ մի լրագրող այլեւս հունից չի հանում. Պատգամավորները` մամուլի մասին

    Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է: Եթե այդ օրը մամուլի ազատության պաշտպանների համար հիշարժան է, ապա մամուլի ազատության թշնամիների համար` վշտի ու հառաչի: Թե նրանցից որոնք են ավելի մեծ թիվ կազմում մեր երկրում, կպարզի վիճակագրությունը, իսկ մինչ այդ օրվա խորհրդի հետ կապված NEWS.am-ի զրուցակիցներն իրենց տպավորություններն են կիսել մամուլի ներկայացուցիչների հետ իրենց շփումների մասին, ինչպես նաեւ հումորային ու զավեշտալի պատմություններ պատմել:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով լրագրողների հետ շփման երկարատեւ փորձ ունի, պատմեց իր գլխովը եկածը: «Մի քանի տարի առաջ հանգստանում էի Սեւ ծովի ափին: Վատ չեմ լողում, բավականին խորն էի գնացել, այնքան խորը, որ ջուրը նույնիսկ գլուխս էր ծածկում: Մայրամուտ էր, արեւը ծովի սիրտն էր մտնում, ռոմանտիկ միջավայրում` բոլորից հեռու, մեջքի վրա պառկել էի ալիքներին եւ վայելում էի ծովի խաղաղությունն ու ճայերի ձայնը: Թվում էր, ոչ մի բան ու ոչ ոք չի կարող խռովել իմ եդեմական անդորրը: Ու հանկարծ, ծովի հենց մեջտեղում վանաձորյան առոգանությամբ մեկը դիմում է ինձ` «Դալլաքյան ջան, բարի իրիկուն»:

Ահաբեկվեցի բառիս բուն իմաստով, մտածեցի, որ ճայերից մեկն է հետս խոսում, բայց պարզվեց, վանաձորցի մի լրագրող էր: Ասաց, որ դեռ ափում կնոջ հետ կանգնած է եղել եւ տեսել է, որ լողալով հեռուն եմ գնում: Որոշել է պարզել` ե՞ս եմ, թե ոչ, ու «հետապնդել» է ինձ: Տեսնելով որ ես եմ` որոշել է բարեւել»:

Քանի որ Դալլաքյանն աչքի է ընկնում իր հավասարակշռված կեցվածքով, NEWS.am-ը հետաքրքրվեց` եղե՞լ է դեպք, երբ նրան որեւէ լրագրող կարողացել է հունից հանել: Պատգամավորն ասաց, որ չկա այնպիսի լրագրող, որն իր հարցով հունից հանած լինի, քանի որ «իմ եւ լրագրողների միջեւ, անկախ նրանից, թե մեր հայացքներն համընկնում են, ստեղծվել են հանդուրժողական, բարեկամական հարաբերություններ»,-ասաց Դալլաքյանը: Նա նաեւ նշեց, որ կան լրագրողներ, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով եւ որոնց ձեռքը սեղմելու ցանկություն է առաջանում:

«Եթե ես սկսեի նրանց անունները թվարկել, մեր հարցազրույցը շատ երկար կտեւեր»,-նշեց պատգամավորն ու զրույցն ամփոփեց ԱՄՆ դեմոկրատիայի հայր համարվող Ջեֆերսոնի խոսքով. երբ նրան հարցրել են, թե կուզեիք կառավարություն` առանց մամուլի՞, թե՞ մամուլ` առանց կառավարության, նա պատասխանել է` մամուլ`առանց կառավարության: «Մեկնաբանություններն ավելորդ են, եւ ես դրա ջատագովն եմ»,-հայտարարեց անկախ պատգամավորը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը թեեւ մամուլի ներկայացուցիչների հետ կապված հումորային դեպք չհիշեց, սակայն նշեց, որ լրագրողների հետ իր շփման ընթացքում երբեք չի մերժել նրանց` պատասխանել այս կամ այն հարցին:

«Սկզբում իմ շփումը սկսվել է որպես պաշտպանության փոխնախարար: Միշտ մտածել եմ, որ եթե ուզում ես քո այս կամ այն ծրագիրը կյանքի կոչել, պարտավոր ես մամուլի հետ անկեղծ լինել եւ դիմել մամուլի օգնությանը»,-նշեց Աղաբեկյանը: Նա անկեղծացավ, որ լրագրողների հետ շփման ժամանակ միշտ վախեցել է կոնկրետ հարցերից, եւ մտածել, թե ինչպես պետք է պատասխանի, եթե դրանք տրվեն իրեն: «Ի զարմանս ինձ`միշտ այդ հարցերը ինձ չեն տվել: Ես էլ մտածել եմ, որ դա կամ ինֆորմացիայի, խնդիրը մանրամասն չուսումնասիրելու հետեւանք է, կամ էլ պրոֆեսիոնալիզմի պակասի»,-անկեղծացավ Աղաբեկյանը`չհիշելով, սակայն, թե այդ ո՞ր հարցերն են, որոնք իրեն վախ են պատճառել:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հիշեց մի զավեշտալի դեպք, որը տեղի է ունեցել ասուլիսներից մեկի ժամանակ: Ասուլիսը, որին հրավիրվել են «Ժառանգության» պատգամավորները, կապված է եղել մի խնդրի հետ, որի առնչությամբ «Ժառանգությունը» մինչ այդ հանգամանալից հայտնած է եղել իր տեսակետն ու դիրքորոշումը: Այն ընթացքում, երբ ասուլիսի մյուս մասնակիցները իրենց դիրքորոշումն են հայտնել, «Ժառանգության» պատգամավորները որոշել են ջուր խմել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ լուսանկարել է ջուր խմող «Ժառանգության» պատգամավորներին եւ այն մատուցել հետեւյալ մեկնաբանությամբ. «Երբ «Ժառանգության» պատգամավորներին հարց ուղղվեց, նրանք բերանները ջուր առան»:

«Մեզ ջուր հյուրասիրեցին, մենք էլ հյուրասիրվեցինք, դրա մեջ ի՞նչ տարօրինակ բան կա»,-տարակուսեց Ալավերդյանը: Նա նաեւ նշեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ իր խոսքը միտումնավոր խեղաթյուրել են, ինչը նրան հունից հանել է: «Կան եւ լրագրողներ, որոնք, ինչպես նաեւ նրանց ներկայացրած լրատվամիջոցի ղեկավարն իսկապես աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով, եւ իսկապես նրանց ձեռքը սեղմելու ցանկություն է առաջանում»,-անկեղծացավ Ալավերդյանը:

Ունիկալ էր ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պատասխանը: Հարցին, թե լրագրողների հետ շփման ընթացքում ի՞նչ հումորային պատմություն կհիշի, նա քահ-քահ ծիծաղելուց հետո ասաց. «Ոչ մի պատմություն, ես բոլոր լրագրողների եւ լրագրուհիների հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ»: Իսկ եղել է դեպք, երբ որեւէ լրագրող Ալեքսանյանին հունից հանի իր տված հարցով կամ էլ այնպիսի հարց է տվել, որ ցանկացել է պարգեւատրել նրան: Պատասխանելուց առաջ Ալեքսանյանը կրկին ծիծաղեց ու ասաց. «Առաջներում եղել է, բայց հիմա ինձ չեն կարա հունից հանեն»:

Ալեքսանյանը մաղթանք էլ ունի լրագրողներին. «Ուզում եմ, որ սաղ ճիշտը գրեն, ավել բաներ չգրեն, ինչ կա, թող դա գրեն: Ինձ պատկանող «Փարվանան» հենց պաժառ ընկավ, բոլորդ գրեցիք, բայց հենց որ բացվեց` ոչ մեկը չգրեց: Մի հատ լավ նյութ գրի, էսօր նայեմ»:

Հ.Գ. Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր է հռչակվել 1993 թվականի դեկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով: Այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում է, որ ազատ եւ անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարեւորագույն մասն է համարվում:



Պատրաստեց Հեղինե Մանուկյանը

Լուրեր Հայաստանից - NEWS.am

May 2, 2011

Վլադիմիր Պուտինը նեղացրել է Արմեն Ջիգարխանյանին

Դերասան Արմեն Ջիգարխանյանի անունը չի հայտնվել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրավիրվածների ցուցակում։

Հանդիպումը տեղի է ունեցել Պենզայի Դրամատիկական նոր թատրոնում, սակայն նախատեսվելիք միջոցառման կապակցությամբ անհարմար իրավիճակը տեղի է ունեցել Մոսկվայում։

Ինչպես հայտնում է Life News-ը, երբ դերասանը ժամանել է օդանավի մոտ, որպեսզի թռչի Պենզա, պարզվել է, որ նրա անունը ուղեւորների ցուցակում չկա։ Նա վերադարձել է իր ավտոմեքենան։

20 րոպե անց կազմակերպիչները ներողություն են խնդրել Ջիգարխանյանից։ Սակայն դերասանը կտրականապես հրաժարվել է օդանավ բարձրանալ՝ իրեն վիրավորված զգալով։ Նա հեռացել է «Շերեմետեւո» օդանավակայանից:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites