Jun 2, 2011

ՀԱԿ-ը վերադարձավ իր ակունքներին

Երեկ կայացավ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: Չնայած այն հանգամանքին, որ բեմից պետք է ելույթ ունենային նախկին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը, հանրահավաքը բավականին սակավամարդ էր, ինչը չէին կարող չընդունել նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության պաշտոնական տվյալներով հանրահավաքին մասնակցում էր ընդամենը 6000 մարդ, ամեն դեպքում մասնակիցների թիվը 12 000-ից չէր անցնի:
Մասնակիցների այս թիվն ամենևին չէր ապացուցում, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվել «համաժողովրդական շարժման» ճնշման տակ, քանի որ նման փաստի առկայության դեպքում Ազատության հրապարակում պետք է որ “ասեղ գցելու տեղ չլիներ”: Այնինչ, նույնիսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չեն կարող ժխտել, որ մարդկանց քանակը սպասվածից շատ ավելի քիչ էր, իսկ եթե ներկաների միջից էլ հանենք ՀԱԿ-ի ակտիվիստներին, որոնք “ի պաշտոնե” պարտավոր էին ներկա գտնվել հանրահավաքին, ապա պատկերը ավելի կամբողջանա:

Միակ նորությունը, որ մատուցվեց ներկաներին, բացի երկու քաղբանտարկյալների ներկայությունից, դա արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների պահանջն էր, որը, բնականաբար ընկալվեց բուռն ծափողջյուներով և գոռում-գոչյուններով: ՀԱԿ-ը, բնականաբար, հասկանում էր, որ գաղափարների և գործողությունների սպասող ժողովրդին պետք է մի բան մատուցվի և մատուցեց: Ավելին, վերջին հանրահավաքում միանգամայն հստակ նկատվեց, որ, զգալով երկխոսության մարտավարության ազդեցությունը, որի արդյուքում գնալով ավելի է սակավամարդ են դառնում ՀԱԿ-ի հանրահավաքները և ավելանում է հիասթափվողների թիվը, ՀԱԿ-ը նորից վերադառնում է իր ակունքներին, “ի շրջանս յուր”: Նորից հնչեցին հին կարգախոսները, որոնք երկար ժամանակ հրաhանգված էր չհչեցնել, ինչպես օրինակ. “Հիմա, Հիմա”-ն, ամբողջ հանրահավաքը ծփում էր “Արտահերթ ընտրություններ” բառերով թղթերով, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ իր ելույթում մեկ անգամ օգտագործեց “թաթար-մոնղոլական իշխանություն” սիրված և սպասված բառակապակցությունը:

Դե ինչ, սպասենք զարգացումներին, որոնք չեն էլ լինելու: ՀԱԿ-ի տաղանդը միշտ կայացել է նրանում, որ նա կարողացել է ստեղծել զարգացումների իմիտացիա: Իսկ ժողովրդին, ցավոք, ինչպես միշտ, պետք են տեսարաններ, որոնք հանրահավաքներում իրեն “գուրուի” կամ գլխավոր քրմի նման պահող Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ ապահովում է:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites