May 4, 2011

Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը ելույթ կունենան ՀԱԿ մայիսի 31-ի հանարահավաքում. ՀԱԿ-ը հույս է փայփայում

Հայ ազգային կոնգրեսի կողմից մայիսի 31-ին հրավիրված հանրահավաքից հետո, ամենայն հավանականությամբ, նստացույց չի լինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Անդրադառնալով համացանցում նստացույցի պահանջով անցկացվող ցուցակագրմանը, ՀԱԿ համակարգողն ասաց, որ ներկայումս ցուցակագրվածների թիվն անցել է 500-600-ի սահմանը:

«Բայց վստահ եմ, որ նստացույց չի լինի, որովհետեւ քաղաքական գործընթացները գնում են այնպիսի ուղղությամբ, որ մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ կունենան ե´ւ Նիկոլ Փաշինյանը, ե´ւ Սասուն Միքայելյանը: Այլապես ինձ ոչինչ չի մնում անելու, քան միանալ նստացույցին»,- ասաց Զուրաբյանը:

Նա միաժամանակ նշեց, որ գալու է մի պահ, երբ ժողովուրդը թքած կունենա ՀԱԿ-ի կարծիքի վրա, ինչպես նաեւ Ղարաբաղի խնդրի հետ կապված արգելանքների վրա եւ կընդվզի: «Իսկապես, երկրում ծանրագույն սոցիալական վիճակ է ստեղծված, եւ ժողովուրդը հակված է ծայրահեղ գործողությունների»,-նկատեց ՀԱԿ համակարգողը:

Զուրաբյանն առարկեց այն պնդումներին, թե ամեն հանարհավաքից հետո ՀԱԿ-ի համակիրների բանակը նոսրանում է: Ըստ նրա` ՀԱԿ-ի համակիր զանգվածը վերկրիտիկական է: «Այսօրվա ժողովրդի քանակը լրիվ բավարարում է, որպեսզի մենք շարժվենք առաջ»,-նկատեց ՀԱԿ համակարգողն ու հավելեց, որ իշխանափոխության հասնելու պրոցեսի առաջ գնալու միակ երաշխիքը ժողովրդի մասնակցությունն է: Ուստի` ՀԱԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն համաժողովրդական շարժմանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites