May 11, 2011

Ինչո՞ւ հայերը մայիսին չեն ամուսնանում

Ավանդույթի ուժով, թե սնոտիապաշտությունից դրդված՝ հայերը մայիսին, որպես կանոն, չեն ամուսնանում՝ տուրք տալով հնուց եկած, շատերի վրա մոգական ազդեցություն թողնող «մայիս՝ վայիս» չարագուշակ արտահայտությանը։

Մարդկանց վախերը ցրելու եւ արդեն արմատացած երեւույթի մասին մանրամասներ ճշտելու համար համար զրուցեցինք Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ։

Նրա խոսքով, եկեղեցին երբեք չի խրախուսել սնոտիապաշտ մարդկանց եւ նրանց այն մոտեցումը, թե մայիսին, իբր, ամուսնանալ չի կարելի։ «Իհարկե, Առաքելական եկեղեցին ունի հստակ օրեր, երբ ամուսնություններն արգելված են. դրանք Պահոց եւ Ավագ շաբաթվա օրերն են։ Բայց մայիսի պարագայում ոչ մի սահմանափակում չկա։ «Մայիս՝ վայիս» արտահայտությունն ամբողջովին անընդունելի է, որովհետեւ մարդու երջանկությունն իր իսկ ձեռքերում է։ Ավելին, այն մարդիկ, ովքեր ամուսնացել են հունիսին կամ սեպտեմբերին, «խերի» մեջ չեն կորել եւ հակառակը, մայիսին ամուսնացածները՝ չեն դժբախտացել»,- ասաց տեր Շմավոնը։

Նրա հավաստմամբ, քիչ չեն Առաքելական եկեղեցու հետեւորդները, ովքեր զերծ մնալով սնոտիապաշտությունից, ամուսնանում են հենց մայիս ամսին։ «Օրինակ, հենց վաղը պսակադրվող զույգ ունենք, եւս մեկ զույգ կամուսնանա շաբաթ օրը»,- որպես իր խոսքերի վկայություն նշեց հոգեւորականը։

Իսկ ահա ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Նահապետյանի ներկայացմամբ, մայիսին չամուսնանալու հայերի սովորությունը պայմանավորված է մի շատ պարզ հանգամանքով, որը բոլոր ժամանակներում ջանասիրաբար թաքցվել է։

«Մայիսը Բարեկենդանին հաջորդող շրջանն էր, երբ սպառված էին լինում հայ օջախի բոլոր պահուստները։ Դա աղքատացման շրջան էր, եւ բոլորովին խրախուսելի չէր այդ շրջանում ամուսնական առագաստ ուղղորդել վատ սնված կամ անուժ երիտասարդներին։ Առհասարակ, յուրաքանչյուր թեմա, որի վրա տաբու է դրված, իր խորքում առողջապահական խնդիր ունի։ Ինչպես հայտնի է, գարնանը արյան շրջանառության եւ դրա թարմացման, վերականգնման շրջանն է, այնպես որ, մայիսին չամուսնանալու մղումը պայմանավորված է եղել բացառապես առողջ սերունդ եւ լավ երեխաներ ունենալու ձգտումով։ Նորապսակներն ամուսնական առագաստ պետք է մտնեին ամենաբարենպաստ ժամկետներում, իսկ մայիսն այս առումով այնքան էլ պատեհ ժամանակ չէր։

Փաստորեն, երեւույթը ծիսական արարողությունների եւ սնոտիապաշտության հետ փոխկապակցելը զուտ ձեւական բնույթ է կրում, իսկ բոլոր պատճառաբանությունները իրականությունը քողարկելու համար են»,- ասաց ազգագրագետը՝ կես կատակ-կես լուրջ հավելելով, որ նորապսակները ամուսնական առագաստում իրենց «գործը լավ տեսնելու համար» պետք է նախեւառաջ լավ ուտեին-խմեին։



Պատրաստեց Անի Ղազարյանը

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites