May 5, 2011

Սև ամպեր Ներսես Նազարյանի գլխին

Ըստ տեղեկությունների, այժմ էլ Ներսես Նազարյանն է հայտնվել «սև ցուցակում»: Բանը նրանում է, որ, ինչպես նշվում է մամուլում, Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հանձնարարել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից Ալիկ Սարգսյանի դեմ նյութվող «դավերի» վերաբերյալ «իրեղեն» ապացույցներ ներկայացնել:

Հիշեցնենք, որ մամուլում վաղուց արդեն համառ լուրեր են շրջանառվում, ըստ որոնց Ներսես Նազարյանի և Ալիկ Սարգսյանի հարաբերությունները բավականին լարված են, ինչի պատճառը Ներսես Նազարյանի բացահայտ հավակնություններն էին ՀՀ ոստիկանապետի պաշտոնին: Սույն բարձրաստիճան պաշտոնյան ամեն առիթը օգտագործում էր նշելու համար, որ ինքը բացարձակապես կախում չունի ՀՀ ոստիականապետից և իր բոլոր գործողությունները իրականացնում է ինքնուրույն, առանց սպասելու վերջինիս կողմից համապատասխան կարգադրությունների: Իսկ բոլոր այս հայտարարությունների պատճառը նրա անթաքույց ցանկությունն է դառնալ ՀՀ ոստիկանապետ` Ալիկ Սարգսյանի փոխարեն:

Ալիկ Սարգսյանը բազմիցս փորձել է քողարկել այս լուրերն ու ասեկոսեները, պնդելով` որ իր և Ներսես Նազարյանի հարաբերությունները միանգամայն նորմալ են, բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում:

Եվ հիմա, ըստ մամուլի, բանը հասել է ՀՀ նախագահին, որը կարգադրել է Ալիկ Սարգսյանին զբաղվել այդ հարցով: Եթե նախագահը ապացույցներ է ուզում, ապա չի բացառվում, որ դրանց առկայության դեպքում դրվի Երևանի ոստիկանապետի պաշտոնանկության հարցը:
Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ մոտ ապագայում ականատեսը լինենք ևս մեկ աղմկոտ պաշտոնանկության ՀՀ ոստիկանության համակարգում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites