Apr 19, 2011

Եկել է դոլարից բաժանվելու ժամանակը

Որքան էլ հայ հասարակությունը սիրահարված լինի դոլարին՝ նախընտրելով այն եվրոյից, ոսկուց ու մյուս գայթակղիչ արժեքներից, միջազգային շուկաներում այն կորցրել է իր հմայքը՝ նմանվելով կնճռապատ ու անուժ պառավի։

Արդեն մեկընդմիշտ անցել են այն ժամանակները, երբ աշխարհն անառարկելիորեն նախընտրում էր դոլարին։ Կրկին վերածնվել է ոսկու դարաշրջանը, թեեւ շատ ու շատ տնտեսագետներ նախորդ դարի 90-ական թվականներին շտապեցին ոսկու մասին միայն ռեքվիեմներ հորինել։ Այդ կեղծ տեսությունների ազդեցության ներքո Հայաստանի Կենտրոնական բանկը 2003 թ. վաճառեց երկրի ոսկու ողջ պահուստը։ Բայց արի ու տես, որ ոսկու ունցիայի գինը ներկայում հասել է 1488 դոլարի, ու դեռ դա վերջը չէ։ Հեղինակավոր տնտեսագետների մի մասը գտնում է, որ ոսկու նմանօրինակ թանկացումը վառ արտահայտված բացասական ազդակ է դոլարի համար։ Ինչպես Die Welt գերմանական ամսագրում շատ ճիշտ նկատել է տնտեսագետներից մեկը՝ դոլարը ներկայում վստահության ճգնաժամ է ապրում։ Այսինքն՝ ներդրողներն այլեւս չեն հավատում, որ ապագայում դոլարը կիրականացնի համաշխարհային ֆինանսական համակարգի հենասյան իր դերը, ինչպես դա եղել է մի քանի տասնամյակ։ Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ աշխարհի խոշորագույն արտահանող երկրները (հատկապես Ասիայում) այլեւս չեն ցանկանում իրենց պահուստների գերակշիռ մասը պահել դոլարով։

Թե ինչը կփոխարինի դոլարին՝ յուանը, եվրոն կամ ոսկին՝ արդեն երկրորդական հարց է։ Մեզ՝ հայերիս, պետք է առավել մտահոգի դոլարի նկատմամբ այն կույր նվիրվածությունը, որ բումերանգի նման ապակայունացնում է մեր ֆինանսական համակարգը։ Այնպես, ինչպես ծերացած պառավի հետ ամուսնացողը չի կարող հույս ունենալ, որ երեխաներ կունենա, այնպես էլ մեր ֆինանսական համակարգի կույր նվիրվածությունը դոլարին մեզ ֆինանսական կայունության հույսեր չի պարգեւում։ Հայաստանի ֆոնդային բորսան հավանաբար միակ ֆինանսական հարթակն է աշխարհում, որտեղ բացի դոլարից ուրիշ արժույթ չի առաջարկվում ու չի պահանջվում։

Անշուշտ, չի կարելի միանշանակ պնդել, որ հայկական դրամը կարող է որպես ռեզերվային արժույթ փոխարինել դոլարին։ Իրականում, Կենտրոնական բանկի քայլերը նվազեցրել են վստահությունը դրամի նկատմամբ եւ անուղղակիորեն նպաստել տնտեսության դոլարիզացիային։ Այդպիսի քայլ էր, օրինակ, 2009 թ. դրամը ֆիքսելու արկածախնդրական քաղաքականությունը։

Սակայն մեր ներդրողները պետք է գոնե տեղեկացվեն, թե ինչպիսին են համաշխարհային միտումները, այլապես դոլարի փլուզումը Հայաստանի համար կարող է ֆինանսական ցնցում առաջացնել (Հայաստանում ֆինանսական ակտիվների կեսից ավելի դոլարային են)։

Այլ խոսքով՝ հայկական բիզնեսը պետք է ապահարզան պահանջի դոլարից, եւ սկսի ուշադրություն դարձնել նաեւ այլ արժույթներին, որ արտաքուստ նույնիսկ ավելի գայթակղիչ են։ Մենք պետք է հասնենք նրան, որ ֆինանսական ակտիվները դիվերսիֆիկացվեն եւ պետական, եւ մասնավոր հատվածներում։ Սա համաշխարհային ֆինանսական շուկաներից եկող բացասական ազդակների ազդեցությունը չեզոքացնելու ձեւերից մեկն է։


Սամվել Ավագյան

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites