Այսօր մամուլով հրապարակվել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նոր հրահանգը, որը իրենից ներկայացնում է ներքին վարքաբանության, միջանձնային փոխհարաբերությունների, դիմելաձևերի վերաբերյալ հստակ կանոններ:
Եվ այսպես, համաձայն նախարարի հրահանգի.
1. “Հարգելի” դիմելաձևն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար
2. Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» արտահայտությամբ
3. Մնացածներին (մանր–մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)՝ պարզապես անուն ազգանունով։
Թե ինչու նախարարը որոշեց նման հրահանգ արձակել հասկանալի չէ: Թերևս, նրան չեն գոհացրել իր նախորդի օրոք նախարարությունում հաստատված հոռի բարքերը, և այժմ նախարարը որոշել է մեկ զարկով շտկել ամնե ինչ: Իսկ ընդհանրապես, Սերգո Կարապետյանը օժտված է մամուլի ուշադրությունը անընդհատ իր վրա պահելու բացառիկ տաղանդով, այն, ինչին անօգուտ ձգտում են շատերը:
Մե’կ շաբաթներով կորում է մարզերում և գյուղերում, մտնելով այս կամ այն գյուղացու այգին կամ ցանքատարածքները, մե’կ գիշերն անցկացնում է սառնամանիքային տեղերում, մե’կ էլ արձակում է նման բացառիկ հրահանգներ:
Թե որքանով կօգնի այս վերջին հրահանգը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը, մնում է միայն կռահել, բայց որ Սերգո Կարապետյանը կամաց-կամաց հավակնում է դառնալ Կառավարության ամենաէքսցենտրիկ նախարարը, վեր է որևէ կասկածից: