Apr 23, 2011

Արտո Թունջբոյաջյանը թուրքական երգչախմբի հետ համատեղ ալբոմ է թողարկել

Հայազգի հայտնի երաժշիշտ Արտո Թունջբոյաջյանը թուրքական Kardeş Türküler երաժշտախմբի հետ համատեղ երաժշտական ալբոմ է թողարկել։

Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ համատեղ ալբոմը կոչվում է «Երեխան ճիշտ է», որի առաջին երգը սկսվում է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Հին աղոթք»-ով։ Ալբոմի մեջ հայտնված երգերի պատմություններում կան թե երեխաների իրական, թե երեւակայական պատմություններ։

Արտո Թունջբոյաջյանը ալբոմի՝ երեխաներին նվիրված լինելու կապակցությամբ նշել է. «6 տարեկանում դպրոց գնացի։ (Արտոն ծնվել եւ մեծացել է Թուրքիայում-խմբ.) Ստիպված էինք Թուրքիայի պատմությունը սովորել։ Հայաստանի պատմությունը չէինք անցնում։ Եւ մեզ սովորեցրած պատմության մեջ շեշտվում էր, թե ինչքան վատն են թշնամի հայերը։ Այդ վեց տարեկան երեխան մնաց իմ մեջ, նա չմեծացավ»,- ասել է Արտո Թունջբոյաջյանը։

Հայազգի երաժիշտը նաեւ պատմել է իր մանկության տարիներին լսած մի պատմություն, որը ներկայացվել է ալբոմում։ «Մի հայ երեխա ծնողներին ջուր բերելու համար սար է բարձրանում, սակայն չի վերադառնում։ Դրանից հետո գտնում են նրա արնշաղախ դիակը։ Սա մեր մեծերից եմ լսել։ Հայրս Սվասի հայերից էր։ Մեր տներում անասելի մի վախ կար։ Անգամ, երբ մենք տեղափոխվել էինք ԱՄՆ, Թուրքիայի մասին խոսելիս մայրս փակում էր պատուհանները։

Արտո Թունջբոյաջյանը նաեւ հանդիսանում է նոր ալբոմի երաժշտական ղեկավարը։

Նշենք, որ Արտո Թունջբոյաջյանի եւ Kardeş Türküler-ի միջեւ համագործակցությունը սկսվել է Հրանտ Դինքի մահից հետո հիշատակման մի միջոցառման ընթացքում ծանոթանալուց հետո։

NEWS.am-ը ներկայացնում է Արտո Թունջբոյաջյանի եւ Kardeş Türküler-ի համատեղ համերգից մի հատվածի եւ Kardeş Türküler-ի հայերեն կատարումով «Բինգյոլ» եւ «Սարի գելին» հայկական ժողովրդական երգերի տեսագրությունները։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites