Apr 19, 2011

Գեներալ Մանվելը դրոշներով փակել է տվել Արշակունյաց պողոտան

Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի այցելությունը Արշակունյանց պողոտայի վրա տեղակայված ԵԿՄ վարչական շենք իսկակական խառնաշփոթ է առաջացնում մայրաքաղաքում: Այդպես էր նաեւ այսօր` ապրիլի 19-ին, քանի որ Գրիգորյանը եկել էր մասնակցելու ԵԿՄ ժողովին, որը տեղի է ունենում ամեն երեքշաբթի:

Ականատեսներ են եղել, թե ինչպես են երկու անհայտ երիտասարդներ դրոշներով փակել Արշակունյաց պողոտայի այն հատվածը, որտեղ ԵԿՄ շենքն է: Ճանապարհի այդ հատվածը փակ է եղել օրվա պիկ ժամին` 1:30-ից սկսած եւ տեւել մոտ 10-15 րոպե: Այդ ընթացքում խցանում է առաջացել պողոտայում, որի փակման նպատակը եղել է այն, որպեսզի Գրիգորյանին սպասարկող «Մերսեդես Բրաբուս» մակնիշի ավտոմեքենաները դուրս գան ԵԿՄ շենքի հարակից տարածքից:

Ի դեպ, ԵԿՄ շենքի տարածքից դուրս գալուց հետո գեներալին սպասարկող ավտոմեքենաները սլացել են թույլատրելիից արագ, այն դեպքում, երբ ճանապարհի ադ հատվածում առավելագույն արագություն է սահմանված 80 կմ/ժամը:

Փաստորեն, իր անձը կարեւորող ամեն մի պաշտոնյա կարող է սրտի ուզած պահին ճանապարհ փակել տալ` կոպտորեն խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:

Ի դեպ, երբ ներկաները փորձել են պարզել, թե ինչ հիմքո՞վ է գեներալ Գրիգորյանը փակել տվել փողոցը, ԵԿՄ ադմինիստացիայից պատասխանել են. «Դե երեւի որ հանգիստ դուրս գա շենքից»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites