Apr 22, 2011

Մերժել, մերժել մինչև վերջ

Երևանի քաղաքապետարանը կրկին մերժել է ՀԱԿ-ի իրազեկումները` մայիսի 6-ին, 7-ին, 8-ին և 9-ին հանրահավաքներ անցկացնելու համար տրամադրել Ազատության հրապարակի տարածքը, նշելով, որ նշված օրերին այնտեղ այլ միջոցառումներ են նախատեսված: Դրա փոխարեն, քաղաքապետարանը առաջարկել է օգտագործել Մատենադարանի տարածքը:
Թե ինչու է մերժել քաղաքապետարանը, անհասկանալի է: Սա արդեն նրանց մոտ սովորույթ է դարձել, որն իրականացվում է իներցիայի շնորհիվ: Ինչու իներցիայի, քանի որ նշվող պատճառաբանությունների մեջ որևէ խելացի փաստարկ վաղուց արդեն չկա:
Սկզբունքորեն որևէ տարբերություն չկա, հիշյալ հանրահավաքը կիրականացվի Մատենադարանին հարող տարածքում, թե «Ազատության» հրապարակում: Կարևորը այն է, որ իրականացվում է հանրահավաք: Եվ, երկրորդ, ինչ իմաստ ունի արգելել «Ազատության» հրարապարակում հանրահավաքի անցկացումը, եթե ի վերջո Մատենադարանից երթով իջնում են Օպերա և վերջում, միևնույն է, մտնում «Ազատության» հրապարակ:
Փաստորեն, «Ազատության» հարապարակը վաղուց արդեն դարձել է Հայաստանի քաղաքական դաշտի զավեշտներից մեկը, երբ մի կողմը գիտի, որ իրեն մերժելու են, բայց, միևնույն է, դիմում է, իսկ մյուս կողմը գիտի, որ մերժելու որևէ հիմք չկա, բայց միևնուն է մերժում է: Իսկ հետո մի կողմը կրկին դիմում է, մյուս կողմը կրկին մերժում և այսպես արդեն 3 տարի, և Աստված գիտի, թե որքան կշարունակվի:
Իսկ այդ ընթացքում, Ազատության հրապարակը իրեն համար հանգիստ վայելում է գարնանային օրերի թարմությունը և պատահական, ոչ քաղաքական, անցորդների ուրախ անցուդարձը: Այլ կերպ ասած, Ազատության հրապարակը հանգստանում է քաղաքականությունից:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites