Apr 22, 2011

Մի հեգնիր, որպեսզի չհեգնվես…

ՀՀԿ-ն արձագանքել է ՀՅԴ-ի այն հայտարարությանը, ըստ որի, նրանք, հնարավոր է, բարձրացնեն վարչապետի վստահության հարցը և պահանջեն Կառավարության հրաժարականը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ-ն այդ հայտարարությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանել է բառացիորեն հետևյալը. «ՀՀԿ-ն հեգնանքով է վերաբերվում տվյալ հայտարարությանը, քանի որ ՀՀԿ-ն նման խնդիր չունի»:

Սկզբունքորեն, այլ պատասխան սպասել ՀՀԿ-ից հնարավոր չէր: Ի վերջո, թե կառավարության կազմի գերակշիռ մասը, թե վարչապետը ՀՀԿ-ի անդամներ են, և ՀՅԴ-ի նման հայտարարությունը ՀՀԿ-ն մեկնաբանում է որպես մարտահրավեր, ուղղված առաջին հերթին հենց իրենց: Եվ այդ մարտահրավերին վերաբերվում է հեգնանքով:

Բայց, գուցե արժեր ավելի կոռեկտ ձևով պատասխանել, քանի որ ցանկացած, առավել ևս խորհրդարանական, ընդդիմադիր կուսակցության նման որոշումը` պահանջել Կառավարության հրաժարականը, ունի ոչ միայն քաղաքական, այլև լուրջ սոցիալ-տնտեսական հիմքեր: Թեկուզ միայն սրանից ելնելով, կարելի էր ավելի լուրջ վերաբերվել խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության հայտարարությանը:

Ի վերջո, ամեն մի որոշմանը կամ մարտահրավերին հեգնանքով վերաբերվելը կարող է ունենալ բումերանգի էֆֆեկտ: Որևէ մեկը այսօր չի ժխտի, որ հանրապետությունում առկա են լուրջ սոցիալական խնդիրներ, որոնց համար առաջին հերթին պատասխանատու է հենց Կառավարությունը, և ՀՅԴ-ի որոշումը իրականում շատ լուրջ քննրակումների կարիք ունի, և ոչ թե հեգնալից վերաբերմունքի:

Պարզպաես, ՀՀԿ-ն այնքան է ընդարմացել իր ամենազորության առասպելի մեջ, որ արդեն իրեն թույլ է տալիս հեգնանքով վերաբերվել այնպիսի կուսակցության հայտարարությանը, որի հետ մի ժամանակ հանդիսանում էր կոլաիցիոն գործընկեր:

Կարծում ենք, Գալուստ Սահակյանի այս մեկնաբանությունը պետք է համապատասխան վերաբերմունքի արժանա ՀՅԴ-ի կողմից, ինչը, գոնե որոշակի առումով, կսթափեցնի ՀՀկ-ին և կստիպի նրանց հետայսու ավելի լուրջ վերաբերվել մյուս կուսակցությունների հայտարարություններին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites