Apr 22, 2011

«Հայոց աշխարհ». Ստեփանավանում ոստիկանը կողոպտել է բանկի մասնաճյուղը

Թերթը պատմում է մի բավականաչափ ուշագրավ քրեական գործի մասին:

«Հանցագործության հեղինակը՝ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Միքայել Եղիազարյանը, ոստիկան է. 2007-ի դեկտեմբերից աշխատելով ոստիկանության Լոռու մարզային վարչության պահպանության բաժանմունքում, նա 2010թ. օգոստոսի 1-ից մինչեւ օգոստոսի 19-ը ծառայություն է իրականացրել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Ստեփանավանի մասնաճյուղում: Ոստիկան տղա, ուժային կառույցի ներկայացուցիչ, բայց իր եւ հոր անունով բազմաթիվ մարման ենթակա վարկեր ունի, տարբեր մարդկանց պարտքեր ունի տալու, որ չի կարողանում վերադարձնել: Ի՞նչ անել:

Միքայելը «հարմար» առիթը որոշում է բաց չթողնել` ողջ միտքը եւ ուշադրությունը կենտրոնացնելով հիշյալ բանկում ծառայություն իրականացնելու ընթացքում բանկոմատը թալանելու վրա: Դե, երեւի մտածել է` ինքն ինչո՞վ է պակաս ամերիկյան ֆիլմերի հերոսներից եւ... մտադրությունն իրականացնելու համար նա ժամեր շարունակ հետեւել է բանկոմատի լիցքաթափման եւ լիցքավորման գործընթացներին:

Այդ ընթացքում ուշի-ուշով հետեւելով բանկոմատի դուռը բացող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ «Ստեփանավան մասնաճյուղի» կառավարիչ Ն.Բոյաջյանի ամենօրյա աշխատանքին, պարզել է բանկոմատի կոդավոր փականի կոդը, միաժամանակ ճշտելով, որ Նունե Բ.-ն բանկոմատի դռան փականի բանալին պահում է իր աշխատասեղանի պահադարակում:

Առաջնորդվելով «լավ մշակված պլանը հաջողության գրավականն է» սկզբունքով, նա պարզել է նաեւ, որ բանկոմատի դրամապանակները կապարակնքվում են, իսկ կապարակնքման համար անհրաժեշտ իրերը` թելը, կապարները եւ կապարակնքող սարքը պահվում է բանկի մասնաճյուղի սպասարկման բաժնի պետի պահադարակում:

Անշուշտ նա նկատի է ունեցել, որ բանկի տարածքը տեսագրվում է կառավարչի աշխատասենյակում տեղադրված համակարգչի միջոցով: Եւ հենց դրա համար էլ որոշել է տիրապետել համակարգչային այն գործողություններին, որոնք կօգնեին իրեն ջնջել համակարգչի հիշողությունից անցանկալի, այսինքն՝ իր կողմից նախապատրաստվող հանցագործությանը վերաբերող տեսագրությունները: Այս նպատակով Մ.Եղիազարյանը դիմել է ընկերոջը` համակարգչային գիտելիքներ ունեցող Գ.Գեւորգյանին, խնդրելով սովորեցնել, թե ինչպես կարելի է համակարգչի հիշողությունից տեսագրություններ ջնջել: Բնականաբար ընկերոջը չի պատմել իր ծրագրի մասին: Վերջինս էլ նրան մանրամասն, ընդ որում, հենց բանկի մասնաշենքում բացատրել է տեսագրություններ ջնջելու եղանակը:

Եւ ահա, համարելով, որ արդեն ամեն բան հստակ պլանավորված է, բանկը «պահպանող» ոստիկանը անցել է գործի: Միայն թե մեր հերոսը շատ կարեւոր մի հանգամանք հաշվի չի առել: Նա չի իմացել, որ բանկոմատի դռան բացման եւ դրամապանակների տեղաշարժման ողջ ընթացքը համակարգչային ցանցի միջոցով անմիջապես արձանագրվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխամասում:

Ի դեպ, նա տեղյակ էր` բանկոմատը լիցքաթափվում կամ լիցքավորվում է ոչ ամեն օր, ինչն էլ հիմք էր տվել ենթադրելու, թե գումարի հափշտակության հանգամանքը կամ չի բացահայտվի, կամ էլ կբացահայտվի օրեր հետո:

Եւ ահա, հերթական ծառայության օրը` 2010 թվականի օգոստոսի 4-ի երեկոյան, Միքայել Եղիազարյանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ «Ստեփանավան» մասնաճյուղում գտնվելով միայնակ, հեշտ ու հանգիստ մտնում է Նունե Բոյաջյանի աշխատասենյակ եւ ուժի գործադրմամբ բացում վերջինիս աշխատասեղանի` փականով փակվող պահադարակը, ուր եւ գտնվում էր բանկոմատի բանալին:

Հետաքրքիր է, որ բանկոմատի դռան բանալին եւ բանկոմատի տեխնիկական անձնագիրը նույն դարակում են եղել պահված` ուղղակիորեն օժանդակելով բանկոմատը բացելուն: Անձնագրի մեջ հստակ նշված է եղել բանկոմատի կոդավոր փականքի գործարանային կոդը:

«Գառը գայլին պահ են տվել»` նման դեպքերի համար է ժողովրդական հայտնի ասացվածքը. բանկոմատն էլ, դռան բանալին էլ ոստիկան Միքայելի պահպանության ներքո են եղել: Ուստի նա առանց դժվարության եւ բացարձակ չմտածելով իր արարքի շուրջ, բանկոմատից հափշտակում է մի խուրձ 20 հազար դրամանոցներ: Հետագա ողջ գործողությունները սահուն, ծրագրով գնում են, եւ հանցագործությունը կատարելուց հետո նա վերացնում է բոլոր հետքերը, իսկ բանկից դուրս գալով` բանկոմատի միջոցով ստուգում եւ համոզվում է, որ բանկոմատի հետ ամեն ինչ կարգին է: Ինչ մտածեր «բանկի պահապանը», որ իր գործողությունը տեսանկարահանվել է նշված բանկոմատի տեսագրող սարքի միջոցով:

Ամեն ինչ հաջողությամբ կատարելուց հետո Միքայել Եղիազարյանը վերադառնում է բանկի մասնաճյուղի վարչական շենք եւ համակարգչի հիշողությունից ջնջում հանցագործության մասին փաստող բոլոր տեսագրությունները:

Այս նույն գործողությունը Մ.Եղիազարյանը կատարում է նաեւ իր ծառայության հաջորդ օրերին, այդպիսով բանկոմատից հափշտակելով 1 520 000 դրամ եւ այն օգտագործելով անձնական կարիքների, իր վարկերի եւ պարտքերի մարման համար:

Նկատենք, որ հանցագործությունը բացահայտվել է 3 օր անց, երբ բանկի «Ստեփանավան» մասնաճյուղի համապատասխան աշխատակիցները լիցքաթափել են բանկոմատը` հայտնաբերելով 76 հատ 20 հազար դրամանոցի պակասորդ:

Միքայել Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի գողության, գույքի հափշտակության համար: Ի դեպ, չնայած բանկոմատը բացելու դրվագը արձանագրվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխամասում, այնուհանդերձ մեր կուրթանեցի հերոսն իրեն մեղավոր չի ճանաչում»,- գրում է «Հայոց աշխարհը»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites