Apr 26, 2011

Պատրաստ է մարտի 1-ի դեպքերի մասին պատմող ֆիլմը. Այն ուղարկվելու է նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ այլ պաշտոնյաների

«Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին, կարող է օգնել ու ճանապարհ ցույց տալ մարտի 1-ի դեպքերի բացահայտման համար: Այս մասին ապրիլի 26-ին հայտարարեց նշված ֆիլմի սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: 124 րոպես տեւողությամբ ֆիլմի ռեժիսորն է Արա Շիրինյանը, խորհրդատուն` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը:

Ֆիլմը բաղկացած է երկու մասից. առաջին մասը ներկայացնում է 2007թ. սեպտեմբերից մինչեւ 2008 մարտի 1-ը ընկած ժամանակահատվածը:

Կինոնկարի երկրորդ մասը պատմում է բուն մարտմեկյան իրադարձությունների եւ դրանց չբացահայտման մասին: Տիգրան Պասկեւիչյանի խոսքով` ֆիլմում շեշտադրումներն արվել են այն թերությունների վրա, որոնք թույլ են տրվել մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված քննչական, դատախազական գործունեության մեջ: «Մարտի 1-ի թեման մեր հանրապետության ամենակարեւոր, ամենահրատապ խնդիրներից մեկն է: Ես չեմ պատկերացնում որեւէ այլ խնդիր, որը դասակարգելու դեպքում կարելի է ավելի վեր դասել: Մեր բոլոր դժբախտությունները կապված են հասարակ մարդու, հասարակ քաղաքացու կամարտահայտության իրավունքը սահմանափակելու կամ այդ իրավունքը ոչնչացնելու հետ»,-հայտարարեց Տիգրան Պասկեւիչյանը: Նա նաեւ նշեց, որ իշխանությունների մեջ եւս կան մարդիկ, ովքեր շատ լավ գիտակցում են, որ մարտի 1-ի դեպքերի չբացահայտումը շատ մեծ վնաս է հասցնում Հայաստանին:

Ֆիլմը, որի միայն հայերեն տարբերակն է թողարկվել, առաջիկայում կթարգմանվի նաեւ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն եւ կուղարկվի միջազգային կազմակերպություններին: Իսկ հայերեն տարբերակն ուղարկվել է Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին ու միջազգային կառույցների ներկայացուցչություններին: Ֆիլմն ուղարկվելու է նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, ԱԺ նախագահին, ինչպես նաեւ մարտի 1-ի հետ առնչություն ունեցած նախկին եւ ներկա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների:

Տիգրան Պասկեւիչյանը հայտարարեց, որ կինոնկարի ցուցադրության (թեկուզ եւ վճարովի հիմունքներով) համար մարտի 1-ի զոհերի հարազատների ստեղծած «Մարտի 1» հ/կ-ն դիմելու է «Մոսկվա» կինոթատրոնին, ինչպես նաեւ Հայաստանում գործող հեռուստաընկերություններին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites