Apr 19, 2011

Մարկ Սաղաթելյան. «Սա բարեգործական ակցիա չէր, սա կոմերցիոն շոու էր»

Համահայկական ազգային «Տաշիր-2011» մրցանակաբաշխության արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին «Տաշիր մեդիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը և գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը։

«Տաշիր մեդիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանի փոխանցմամբ, իրենց հաջողվեց կազմակերպել հիանալի և որակյալ շոու ծրագիր։
«Շատերին թվաց, թե մենք կազմակերպել էինք բարեգործական ակցիա։ Սակայն դա այդպես չէ։ Մեր խնդիրն էր կազմակերպել լավ միջոցառում։ Իսկ ինչ վերաբերում է շռայլությանը, ապա պետք է նշեմ, որ միջոցառումը կազմակերպվեց և կայացավ ինչպես ռուս, այնպես էլ հայ գործարարների աջակցությամբ։ Ռուս գործարարները մեծ հաճույքով համաձայնեցին համագործակցել և իրենց ներդրոմն ունենալ մրցանակաբաշխության հարցում։ Այդ երեկո բեմ դուրս եկան շատ գործարարներ, բայց չգիտես ինչու բոլորի աչքին երևաց միայն Սամվել Կարապետյանը»,-նշեց Հրանտ Բաբասյանը։

«Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ միջոցառումն այդ երեկո դիտել է հեռուստատեսային լսարանի ավելի քան ութսուն տոկոսը և իրենց համար զարմանալի է քննադատությունը։ «Սա բարեգործական ակցիա չէր, սա լավ կազմակերպված կոմերցիոն շոու էր։ Մենք հասկացանք, որ դա ընդամենը սև փիար էր, որը կազմակերպված էր մեր կոնկուրենտների կողմից, խոսքը «Արմենիա» մրցանակաբաշխության կազմակերպիչների մասին է»,-ընդգծեց Մարկ Սաղաթելյանը։

«Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսերի փոխանցմամբ, հնարավոր է, որ մյուս տարի մրցանակաբաշխությունը կազմակերպվի այլ ֆորմատով և մրցանակների արժանանան տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեցող մարդիկ։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites